Այս պահի դրությամբ Ուկրաինայի 174 հազար քառակուսի կիլոմետրը պոտենցիալ վտանգավոր է ականների և չպայթած զինամթերքի պատճառով, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ որքան շատ լինեն ականազերծող մեքենաները Ուկրաինայում, որքան շատ լինեն ականազերծող հատուկ անօդաչու սարքերը, այնքան անվտանգությունն ավելի արագ կվերականգնվի։
Ուկրաինան գործընկերների սարքավորումների կարիքն ունի, ինչպես նաև շատ կարևոր է տեղում արտադրական բազա ստեղծել, հավելել է Զելենսկին, նշելով, որ այդպես կարողանան իրենց հողերը մաքրել ռուսական ականներից:
«Եվ այդ խնդիրը պետք է լուծվի ոչ թե տասնամյակների ընթացքում, այլ տարիների»,- ընդգծել է նա:
Այսօր Կալինինգրադի մարզում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Су-30 մակնիշի ինքնաթիռ է վթարվել, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի հրամանատարությունը՝ պնդելով, որ աղետի պատճառը կործանիչի տեխնիկական անսարքությունն էր։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, օդանավը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչք իրականացնելու ընթացքում։
Անցած գիշեր առնվազն 20 ուկրաինական հարվածային անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզին։
Հարձակման փաստը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ հարվածային դրոններից 14-ը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, ևս վեցը չեզոքացվել են՝ «ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»։
Ականատեսների վկայությամբ, այսօր վաղ առավոտյան կրկին դադարեցվել է երթևեկությունը Ղրիմի կամրջով։
Թերակղզու բնակիչներից ոմանց խոսքով՝ գիշերային ժամերին Ղրիմի մի շարք շրջաններում պայթյուններ են լսվել։
ԱՄՆ ղեկավարությունը չի բացառում, որ պատերազմն Ուկրաինայում կշարունակվի 2024 թվականին, և, դա հաշվի առնելով, վարչակազմը պատրաստ է դիմել Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու խնդրանքներով։
Այդ մասին օգոստոսի 11-ին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նա այդպես մեկնաբանել է հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների կառավարության դիմումը Կոնգրեսին 2023-ի ֆինանսական տարում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տալու խնդրանքով:
«Մենք կարծում ենք, որ դա այն անհրաժեշտ գումարն է, որը պետք է հայցել: Մենք հաշվի ենք առնում Ուկրաինայում ներկայիս ռազմական վիճակը և այն, որ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, երբ մենք կթևակոխենք հաջորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակ»,- ասել է Քիրբին։
BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona կայքը համատեղ անցկացրած հետաքննության արդյունքում հայտնել են, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 30 հազար 3 զինծառայող:
Խոսքն օգոստոսի 11-ի դրությամբ անուն-ազգանուններով և հուղարկավորության կոնկրետ վայրով հաստատված զոհերի մասին է:
Մասնագետները ենթադրում են, որ կորուստների իրական թիվը, հավանաբար, 2-2.5 անգամ ավելի մեծ է:
ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայտնել է, որ պատերազմում զոհվել է 5937 մարդ։
Ուկրաինան նույնպես չի հրապարակում կորուստների վիճակագրությունը:
Այս տարվա գարնանը մամուլում հայտնվել է Պենտագոնի մասնագետներին վերագրվող մի վերլուծություն, ըստ որի, պատերազմում զոհվել է 15 հազար 500-ից 17 հազար 500, իսկ վիրավորվել է 109-113 հազար ուկրաինացի զինծառայող:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է բոլոր մազերի զինկոմիսարիատների ղեկավարներին։
«Այդ համակարգը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է պատերազմը, և ինչու պատերազմի ժամանակ ցինիզմն ու կաշառակերությունը պետական դավաճանություն են»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նրա խոսքերով՝ բանակի համալրումը պետք է վստահել պատերազմն անցած մարդկանց։
Զելենսկին այս հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հատուկ նիստից հետո, որտեղ ներկայացվել են զինկոմիսարիատներում կատարված ստուգումների արդյունքները։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ստուգումների արդյունքում 112 պաշտոնեական անձանց դեմ քրեական գործ է հարուցվել, ևս 33-ը կասկածյալ են։
Ուկրաինայի արևմուտքում, ճակատային գծից հեռու ընկած Իվանո-Ֆրանկովսկի շրջանում 8 տարեկան տղա է զոհվել ռուսական ուժերի այսօրվա հրթիռակոծության հետևանքով, հայտնում են նահանգապետն ու նահանգի դատախազությունը։ Հրթիռն ընկել է բնակելի տան տարածքում։
«Վիրավորներ կան, այդ թվում՝ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխա։ Բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»,- Տելեգրամում գրել է նահանգապետ Սվետլանա Օնիշչուկը։
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում Կարամիշևսկայայի գետափնյա շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել, հաղորդում են ռուսաստանյան տելեգրամյան ալիքները՝ տեսանյութեր հրապարակելով։
Հրապարակված տեսանյութում այդ վայրից փոքր ծուխ է բարձրանում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից, տուժածեր, կամ լուրջ վնասներ չկան։
«Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվելուց հետո վերսկսել է աշխատանքը։
Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Դատելով կադրերից՝ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Անցած գիշեր ռուսական իշխանությունները հայտնել են, որ Մոսկվային մոտեցող երկու գրոհային անօդաչու թռչող սարք են խոցել, որոնցից մեկը Օդինցովոյի մարզում։
Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ «Իսկանդեր» հրթիռը հարվածել է քաղաքացիական օբյեկտին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 16-ը վիրավորվել են:
Տուժածների թվում են 3 և 14 տարեկան երկու երեխաներ։
Ուկրաինայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Դենիս Բրաունն ասել է, որ Զապորոժիեի հյուրանոցը, որը վնասվել է ռուսական հրթիռի հարվածից, ՄԱԿ-ը և հասարակական կազմակերպությունները հաճախ օգտագործում էին որպես բազա։