Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:39 20.7.2023

Ռուսաստանի կրկին ուժգին ռմբակոծել է Ուկրաինայի սևծովյան քաղաքները, երրորդ գիշերն անընդմեջ՝ Օդեսան։ Կան զոհ և վիրավորներ։ Անօդաչու սարքերից մեկը խոցել է մանկապարտեզի շենքը։

«Նրանք ահաբեկիչ են, մարդ չեն։ Այստեղ մանկահասակ երեխաներ են խաղում, ինչպե՞ս կարելի է այս շենքը թիրախավորել։ Տեսեք ինչ են արել...», - պատմում է օդեսացի ականատեսը։

Ուժգին ռմբակոծության է ենթարկվել Նիկոլաև քաղաքը, որտեղ վիրավորվել են քսանից ավելի խաղաղ բնակիչնեև, այդ թվում երեխաներ։ Այս պահին հայտարարվում է մեկ զոհի մասին, ում մարմինը դուրս են բերել փլատակներից տակից։

Ուկրաինական կողմի տվյալներով, այս գիշեր երկրի հարավային շրջաններին հարվածելու համար ռուներն օգտագործել են 19 թևավոր հրթիռ և նույնքան անօդաչու թռչող սարք։

Իսկ ռուսական կողմը հաղորդում է Ղրիմին անօդաչուներով հարվածելու մասին՝ հայտարարելով, թե հարվածից Ռազդոլնոյե ավանում անչափահաս աղջիկ է մահացել։

Չդադարող զանգվածային ռմբակոծության պայմաններում ուկրաինական կողմը շարունակում է հակահարձակումը՝ գրոհելով ռուսների դիրքերը հարավում և Բախմուտի մոտակայքում։ Միևնույն ժամանակ ռուսները նույնպես փորձում են առաջ գնալ Կուպյանսկի, Լիմանի ուղղություններով։

Ուկրիաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը AFP-ին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումը կլինի բարդ և երկար։

20:37 20.7.2023

«Ուկրաինան վաղվանից դեպի Սև ծովի ռուսական նավահանգիստներ շարժվող նավերը կսկսի որպես հավանական ռազմական բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ դիտարկել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ այսօրվանից արդեն Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածն ու Կերչի նեղուցը նավագնացության համար փակ գոտիներ են հայտարարվում։

«Մոսկվա» հածանավի ճակատագիրը պետք է հուշի, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերը բավարար կարողություններ ունեն Սև ծովում ռուսական ագրեսիային հակազդելու համար», - նշված է Ուկրաինայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

21:51 19.7.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական կործանիչները Դոնեցկի մարզում ուկրաինական «Սու-25» են խոցել, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը Խարկովի մարզում՝ «Մի-8» ուղղաթիռ։

Նա նաև ասել է, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից արձակված 18 ԱԹՍ է չեզոքացվել և HIMARS-ի 5 հրթիռ։

21:51 19.7.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» ներկա չի գտնվի Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակի կայքը, Կրեմլը հաստատել է:

«Նախագահ Պուտինը որոշում է ընդունել BRICS-ի գագաթաժողովին մասնակցել տեսակապի ձևաչափով։ Դա լիարժեք մասնակցություն կլինի»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Օգոստոսի 22-24-ը կայանալիք գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը կլիներ Պուտինի առաջին այցը նրան ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի օրդերից հետո։ Դատարանը նման վճիռ է կայացրել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելու համար։

ՀԱՀ-ը Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները։

15:29 19.7.2023

Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ անցած գիշերը ուկրաինական կողմից ավելի քան 80 զինամթերք է արձակվել նահանգի վրա, այդ թվում՝ ռումբեր ու արկեր։ Նրա ասելով՝ 5 մարդ է վիրավորվել, վնասվել են սեփական տներ և էլեկտրամատակարարման գծեր։

Կիևը հերքում է Ռուսաստանի տարածքը հրետակոծելու լուրերը։

15:18 19.7.2023

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ «Ամբողջ աշխարհում դա սպառնում է խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,- հայտարարել է նա։

Ուրսուլա ֆան դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել՝ բոլոր միջոցներով ապահովելու խոցելի խմբերի պարենային կարիքները, կշարունակի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ «համերաշխության գոտիներով»։

«Բայց կարևոր է, որ Սև ծովի բլոկադան դադարեցվի և Սև ծովով արտահանումը շարունակվի», - ընդգծել է նա։

12:10 19.7.2023

Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են անցած գիշեր ռուսական զանգվածային հարձակման հետևանքով տուժած խաղաղ բնակիչների մասին։

Ըստ հաղորդման՝ Օդեսայի մարզում տուժել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ իննամյա երեխա, Խերսոնում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել։

«Օդեսայում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել օկուպանտների կողմից քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Վեց մարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման ժամանակ առաջացած պայթյունի ալիքներից, ևս երեքը՝ Օդեսայի շրջանի այլ բնակավայրերում, որտեղ հրդեհներ են սկսվել հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով», - ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության ֆեյսբուքյան էջում։

12:09 19.7.2023

Ղրիմում զինամթերքի մեծ պահեստ է բռնկվել, պայթյունները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ Իշխանությունները փակել են թերակղզու գլխավոր մայրուղին և տարհանում են շրջակա գյուղերի բնակիչներին։

Ղրիմի՝ ռուսական իշխանությունների կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ ավելի քան երկու հազար մարդ է պլանավորվում տարհանել հրդեհին մոտ գտնվող բնակավայրերից։ «Պլանավորվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում։

Ակսյոնովը նաև հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառով փակվել է «Տավրիդա» մայրուղին։

08:26 19.7.2023

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանին խնդրում է թույլ տալ չձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն դեպքում, եթե վերջինս այցելի Յոհանեսբուրգ՝ BRICS-ի ժողովին մասնակցելու համար:

«Հարավային Աֆրիկան ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքը կատարելու հարցում: Ռուսաստանը նկատել է տվել, որ իր նախագահի ձերբակալությունը կհամարի պատերազմի հայտարարություն», - ասվում է Ռամաֆոսայի ուղերձում:

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը, չմանրամասնելով, նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում ՄՔԴ-ի հետ:

BRICS-ի գագաթնաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, պետք է տեղի ունենա օգոստոսին:

08:22 19.7.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի այլ երկրների հետ աշխատել Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար: Այդ մասին ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ վերանայել գործարքը չերկարաձգելու որոշումը և միաժամանակ հայտնում ենք, որ մենք շարունակելու ենք մյուս երկրների հետ ջանքեր գործադրել Սև ծովով թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական արտադրության հացահատիկն աշխարհի երկրներ հասցնելու ջանքերը», - ասել է Քիրբին:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան պատժամիջոցները երբևէ պարենի կամ պարարտանյութի վրա չեն տարածվել:

Քիրբիի խոսքով, ոչինչ, այդ թվում՝ Ղրիմի կամրջին հասցված հարվածը, չի կարող արդարացնել գործարքից հրաժարվելու ռուսների որոշումը:

Երեկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ որոշումը մեծ ճգնաժամ կստեղծի աշխարհի աղքատ երկրներում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG