Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Կրամատորսկում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 56-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կազմի ժամանակավոր տեղակայման կետը։ Ռուսական կողմի այս հայտարարությունը անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ ուկրաինական բանակի հարձակման՝ շատերի կարծիքով համեստ հաջողությունները գլխավոր իրադարձությունը չեն։ «Երբ դա տեղի ունենա, դուք կտեսնեք այդ ամենը, բոլորն ամեն ինչ կտեսնեն», - ասել է Ռեզնիկովը՝ առանց փակագծեր բացելու։
Ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ երկրի զինված ուժերի հիմնական ռեզերվները, այդ թվում՝ բրիգադների մեծ մասը, որոնք վերջերս վերապատրաստվել են Արևմուտքում և համալրված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով ու զրահատեխնիկայով, դեռևս չեն միացել գործողություններին:
Ուկրաինացի պաշտոնյան պնդել է, որ մինչ այդ էլ զինված ուժերը շարունակում են կորուստներ պատճառել ռուսական զորքերին՝ օգտագործելով «դեգրադացիան՝ որպես գործիք, իսկ ուկրաինական հողերի ազատագրումը՝ որպես նպատակ»։
Ուկրաինական բանակի հակահարձակման մեկնարկի մասին հաղորդվում է հունիսի սկզբից։ Ուկրաինական բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մի քանի բնակավայրերի նկատմամբ:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նախապես չհայտարարված այցով այսօր ժամանել է Կիև, հայտնում է Լիտվայի նախագահի վարչակազմը։
Նաուսեդան նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը, Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունները, Լիտվայի և ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Լիտվան պայմանագիր է ստորագրել նորվեգական Kongsberg ընկերությունից երկու արդիականացված NASAMS արձակման համակարգերի գնման և Ուկրաինային մատակարարման մասին։ «Դրանք Ուկրաինա կառաքվեն որքան հնարավոր է շուտ», - երեքշաբթի երեկոյան ասել է Նաուսեդան։
Միացյալ Նահանգները վճռել է Ուկրաինային փոխանցե լևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այդ փաթեթով Ուկրաինային կտրվեն Patriot տեսակի ՀՕՊ համակարգերի հրթիռներ և Stinger տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգեր:
Բացի այդ, Կիևը կստանա Javelin տեսակի հակահրասայլային հրթիռային համակարգեր, Bradley տեսակի 30 հետևակի մարտական մեքենաներ, Stryker տեսակի 25 զրահամեքենաներ, ականազերծման սարքեր, ճշգրիտ կառավարվող ավիացիոն զինամթերք, հրազեն և ավելի քան 22 միլիոն փամփուշտներ ու նռնակներ, լրացուցիչ արկեր HIMARS տեսակի հրետանահրթիռային համակարգերի համար:
Պենտագոնի տվյալներով, 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները 40.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային:
Երեկ երեկոյան Կրամատորսկի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, այդ թվում՝ երեք երեխա, 60 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։ Նրա խոսքով՝ փլատակներից դուրս են բերել երիտասարդի դի։
Այսօր առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ ավերված ռեստորանի փլատակներից դուրս է բերվել 8 դի, այդ թվում՝ երեք անչափահաս աղջիկների՝ 17 տարեկան, և երկու քույրերի՝ 14 տարեկան։ Փլատակների մաքրումն ու որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնեցկի շրջանի այդ քաղաքի ուղղությամբ երկու հրթիռային հարված է հասցվել։ Ռուսական հրթիռներից մեկը հարվածել է Կրամատորսկի կենտրոնում գտնվող շենքին, որտեղ այցելուներով լի ռեստորան էր, երկրորդը՝ մերձքաղաքային Բելենկայա գյուղին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթի ժամանակ ասել է, որ ռուս զինվորականները «դաժանաբար գնդակոծել են» Կրամատորսկը С-300 հրթիռներով։
Վիրավորների թվում են Կոլումբիայի երեք քաղաքացիներ, BBC-ին հայտնել է Aquanta Ucraina կազմակերպությունը։ Նրանք ռեստորանում հանդիպել են ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինայի հետ, ով ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:
Բելենկայա գյուղում վիրավորում են ստացել 5 բնակիչներ, հայտնել են շրջանի դատախազությունից։
Ուկրաինայի դեմ շուրջ մեկուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում ռուսական բանակը արտադատարանական կարգով գնդակահարել է ավելի քան 70 խաղաղ բնակչի, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։
Այսօր հրապարակված զեկույցի համաձայն, սպանվել է 72 տղամարդ և հինգ կին, ևս մեկ ձերբակալված էլ մահացել է կտտանքների կամ՝ անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության պատճառով։
Միաժամանակ նշվում է, որ ուկրաինական կողմն էլ է խախտել միջազգային իրավունքը՝ կամայական ձերբակալելով քաղաքացիական անձանց, սակայն այս դեպքում ծավալները շատ ավելի փոքր են եղել։
Պաշտոնական Մոսկվան ՄԱԿ-ի զեկույցը դեռ չի մեկնաբանել։
Ռուսաստանն ինքն իրեն ոչնչացնում է Ուկրաինայի դեմ պատերազմով, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Լյուքսեմբուրգում երկուշաբթի օրն անցկացված Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը նա լրագրողներին ասել է․ - «Այս դաժան ագրեսիվ պատերազմով Պուտինը կործանում է սեփական երկիրը»։
Լյուքսեմբուրգյան հանդիպմանը որոշվել է 3,5 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինային և գործընկեր երկրներին ցուցաբերվող օգնությունը։
Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային, ներառյալ՝ ավելի քան 50 միավոր ծանր զրահատեխնիկա և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի հրթիռներ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրները։
Նշվում է, որ օգնության հաջորդ փաթեթի մասին հայտարարությունը կլինի այսօր։
Ըստ Պենտագոնի, նշում է գործակալությունը, 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ավելի քան 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք ու զինտեխնիկա իր պահեստներից։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինային 110 միլիոն ավստրալական դոլարի (74 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին, հայտնում է Reuters-ը։
«Այդ լրացուցիչ աջակցությունն իրական հետևանքներ կունենա՝ օգնելով ուկրաինացի ժողովրդին, որը շարունակում է մեծ քաջություն ցուցաբերել Ռուսաստանի անօրինական, չհրահրված և անբարոյական պատերազմում», - ասել է Ալբանիզը։
Բացի այդ, Կանբերան 10 միլիոն ավստրալական դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները հոգալու համար:
Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգում է անցկացրել զորքերի Արևմտյան խմբավորման ստորաբաժանումներից մեկում:
«Հատուկ ռազմական գործողության գոտում աշխատանքի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է Արևմտյան զորախմբի կազմավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետը», - հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Հրամանատարական կետում ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը:
Գերատեսչությունում նշել են, որ հրամանատարը Շոյգուին զեկուցել է Արևմտյան զորախմբի նորաստեղծ պահեստային գնդերի կազմավորման և ընթացիկ մարտական համակարգման մասին։