Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:53 26.6.2023

Զապորոժիեի շրջանի հարավում գտնվող Բերդյանսկում հունիսի 24-ին երկու անչափահաս է սպանվել։ Տեղեկությունը հաստատել են օկուպացիոն իշխանությունները և Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը և ռուսական այլ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ «ավտոմատ զենքերով զինված երկու տղաներ կրակ են բացել», երկու մարդ վիրավորվել է։ Դեպքի վայր ժամանած ՆԳՆ և Ռազմական ոստիկանության աշխատակիցները «ազատել են լողափը հանգստացողներից և վնասազերծել կրակողներին»։

«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի օկուպացիոն ռազմաքաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ «վերացվել են երկու ուկրաինամետ ահաբեկիչներ»։ Նա պնդում է, որ ժամը 19-ին երկու «գրոհայիններ» կրակ են բացել քաղաքի լողափի մոտ, սակայն ուժայինների գործողությունների արդյունքում «ահաբեկիչներն արգելափակվել ու ոչնչացվել են»։

Ռոգովը չի նշել սպանվածների տարիքը, սակայն ասել է, որ նրանցից մեկը Տիգրան Հովհաննիսյանն է, ով ավելի վաղ բերման էր ենթարկվել «հակառուսական գործունեության համար»։ Նախկինում համացանցում տեղադրվել էր տեսանյութ, որտեղ երևում է Հովհաննիսյանը։ «Հաստատ երկուսը, վերջ, սա մահ է, տղերք, ցտեսություն, փառք Ուկրաինային», - հայտարարում է դեռահասը տեսանյութում և ցույց տալիս զենքը։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ մահացածները Տիգրան Հովհաննիսյանն ու Նիկիտա Խանգանովն են՝ ծնված 2006 թվականին:

15:47 26.6.2023

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Վագներ»-ի զինյալների ապստամբության փորձը։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի շարունակվող հակահարձակումը, և նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը, այդ թվում՝ անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության շարունակության միջոցով», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

Զելենսկին Տելեգրամի իր պաշտոնական էջում հայտնել է, որ Բադենի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հարցը՝ կենտրոնանալով հեռահար սպառազինության համակարգերի տրամադրման վրա։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու համար։

Բացի այդ, Զելենսկու խոսքով, նախագահները համակարգել են իրենց դիրքորոշումները Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին և Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևի իրագործման ու Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստման առնչությամբ։

15:56 25.6.2023

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս 45 «Գեպարդ» զենիթային կայանք, հայտարարել է Ուկրաինայի իրավիճակային գերմանական կենտրոնի ղեկավար, բրիգադային գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։

Առաջիկա շաբաթներին կմատակարարվի 15 ՀՕՊ, ևս 30-ը նախատեսվում է տեղափոխել մինչև տարեվերջ, նշել է նա։
Մինչև տարեվերջ Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային կմատակարարի ևս 2 IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ, հաջորդ տարի կփոխանցի ևս 4 միավոր ՀՕՊ նման համակարգեր։

15:55 25.6.2023

Հունիսի 24-ի գիշերը Կիևում ռուսական ԶՈՒ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկու մարդ հայտնաբերվել է հրթիռի բեկորներից խոցված տան փլատակների տակ, հայտնում են տեղական իշխանությունները։

Ըստ քաղաքապետի՝ Սոլոմենսկի թաղամասում 25 հարկանի շենքի վրա հրթիռի բեկորների անկման հետևանքով մի քանի հարկերում ավերածություններ ու հրդեհներ են բռնկվել։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ տուժել է 14 մարդ, ովքեր բուժօգնություն են խնդրել, 24 հոգու փրկել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Վնասվել է նաև 40 ավտոմեքենա։

Կիևի ռազմական քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևի վրա օդային հարձակումը ութերորդն էր հունիսին։

14:53 24.6.2023

«Ռուսաստանն իր իշխանության թուլությունն ու հիմարությունը երկար ժամանակ քողարկել է քարոզչությամբ: Եվ հիմա քաոսն արդեն այնքան է, որ մի ստով չես կարող թաքցնել», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շարունակելով՝ չարի ճանապարհն ընտրածն ինքն իրեն է կործանում։

«Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է, լայնածավալ թուլություն։ Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար», - հավելել է նա։

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Ինքը` Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։

16:53 23.6.2023

Ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Խերսոնում սպանվել է 2 խաղաղ բնակիչ, ևս 5 մարդ վնասվածքներ են ստացել։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ զոհերը տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են։

Ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Խերսոնին։ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունից, քաղաքի մի մասի հեղեղումից և մարդկանց տարհանումից հետո էլ շրջկենտրոնի գնդակոծությունը չի դադարել։

Մոսկվան հերքում է Ուկրաինայում խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր սպանվել է 9 հազար 83 խաղաղ բնակիչ, ևս 15 հազար 779-ն էլ վիրավորվել է: Կազմակերպությունն ընդգծում է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է։

16:51 23.6.2023

Թուրքական Baykar-ը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության թույլտվություն է ստացել:

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ թուրքական կառավարության կողմից տրված թույլտվությունը նախատեսում է երկու տեսակի մարտական հարվածային անօդաչու թռչող սարքերի՝ Bayraktar TB2-ի և Bayraktar Akinci-ի արտադրություն։ Վերջինը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի ամենաժամանակակից արտադրանքն է։

Ընկերությունն ակնկալում է սեփական գործարանը բացել Ուկրաինայում 2025 թվականին՝ նախատեսելով ներդնել մոտ 95,5 մլն դոլար։

15:54 23.6.2023

Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 11-րդ փաթեթը։

Նոր սահմանափակումները ներառում են «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային թևով ռուսական նավթի փոխադրման արգելք, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են նախկինում սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ, մասնավորապես՝ երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելուն:

Եվրոպական դաշինքը թիրախավորել է նաև մոտ յոթ տասնյակ անձանց, որոնց պատասխանատու է համարում ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման համար, ինչպես նաև 30 իրավաբանական անձանց, որոնք շրջանցում են գործող պատժամիջոցները։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ավելացվել է ռազմարդյունաբերական համալիրի ևս 87 ձեռնարկություն, այդ թվում՝ երրորդ երկրների ընկերություններ, որոնք զբաղվում են իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքով։

15:53 23.6.2023

Միացյալ Նահանգների երկու ազդեցիկ սենատորներ ներկայացրել են երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը զգուշացնում է Ռուսաստանին, որ եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, դա կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա:

Նման սցենարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի միջամտության հակամարտությանը։

Հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը նախագիծը ներկայացրել են ի պատասխան ռուսական մարտավարական միջուկային զենքի Բելառուս փոխանցմանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ ռուսական միջուկային մարտագլխիկները տեղակայվում են երկրի սահմաններից դուրս։

Օրենսդիրների կարծիքով՝ այդ քայլը լուրջ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում:

15:51 23.6.2023

Պատերազմական գոտիներում երեխաների իրավիճակի մասին ՄԱԿ-ի տարեկան զեկույցում կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին անվանել է մեղավոր 2022 թվականին Ուկրաինայում 136 երեխայի սպանության մեջ և ներառել ռուսական բանակը համաշխարհային իրավախախտների ցուցակում։ Այս զեկույցին ծանոթացել են Reuters-ը և France-Presse-ը:

Գուտերեշի խոսքով՝ իրեն «հատկապես ցնցել են» սպանված ու հաշմանդամ դարձած երեխաների մեծ թիվը, ինչպես նաև ռուսական բանակի կողմից դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները։ ՄԱԿ-ը հաստատում է, որ Ռուսաստանի զինված ուժերը և նրանց հետ կապված խմբերը նաև վնասվածքներ են հասցրել 518 երեխայի, օգտագործել 91 երեխայի որպես կենդանի վահան և իրականացրել 480 հարձակում դպրոցների և հիվանդանոցների վրա։

Գուտերեշը նաև ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերի կողմից երեխաների նկատմամբ նման հանցագործությունների թիվն է իրեն խիստ անհանգստացնում։ Ըստ զեկույցի՝ ուկրաինական բանակը պատասխանատու է 80 երեխայի մահվան, 175 երեխայի վիրավորվելու և 212 դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների համար։ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, չկան համաշխարհային իրավախախտների ցուցակում:

Զեկույցը կենտրոնանում է հակամարտությունների գոտիներում երեխաների սպանության, հաշմանդամության, սեռական բռնության, առևանգման և հավաքագրման, օգնության մերժման և դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների վրա:

Զեկույցն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որում Ռուսաստանն ունի վետոյի իրավունք և հաճախ կիրառում է այն, և պաշտոնապես կհրապարակվի հաջորդ շաբաթ, հաղորդում է France-Presse-ը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG