Ուկրաինան հաղորդում է, որ հունիսի 8-ի գիշերը ռուսական զորքերը գնդակոծել են Դոնեցկի շրջանի Ուկրաինսկ քաղաքը, երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, հինգը՝ վիրավորվել։
«Հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, ցուցաբերվում է բուժօգնություն»,- հայտնում է Սելիդովի քաղաքային ռազմական վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ քաղաքում վնասվել է երկու առանձնատուն և 14 բարձրահարկ շենք։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտնել էր երեք վիրավորի մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, բայց ավելի դանդաղ, քան նախկինում։
Ավելի քան 50 բնակավայր ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված է Դնեպրի երկու ափերին։
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ աջ ափի բնակավայրերից տարհանվել է մոտ 1900 մարդ, իսկ ըստ Ռուսաստանի արտակարգ ծառայությունների՝ ջրի տակ է անցել ավելի քան 14 հազար տուն, գրեթե 4,3 հազար մարդ տարհանվել է։
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային՝ կատարելով Կախովկայա ՀԷԿ-ի կործանման վնասի արագացված գնահատում, ինչպես նաև գնահատել Ուկրաինայի կարիքները՝ ՀԷԿ-ի վերականգնման համար։
Ուկրաինայի Բախմուտի շրջանում վերջին մարտական գործողությունների ընթացքում ծագումով ադրբեջանցի ուկրաինական բանակի զինվորական է զոհվել։
Սեյմուր Սադիգովը 12 օր առաջ անհետ կորել էր, նրա մարմինը հայտնաբերվել է հունիսի 4-ին, հայտնել են նրա մտերիմները։
Ադրբեջանի Աստարինսկի շրջանից Սադիգովը ապրում էր Խարկովում, նա Ուկրինայի քաղաքացի էր։
Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմում ավելի քան 40 ադրբեջանցի է զոհվել։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով տարածքը հեղեղվել է, անհետ կորել է առնվազն յոթ մարդ, հայտարարել է Նովայա Կախովկայի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
Նրա խոսքով՝ Խերսոնի շրջանի չորս բնակավայրեր գրեթե ամբողջությամբ հեղեղված են։
«Կորսունկա բնակավայրը, բացառությամբ վերջին փողոցի, ամբողջությամբ ջրի տակ է», - հայտարարել է Լեոնտևը։
ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով ջուրը մոտ 20 ժամ կշարունակի հոսել դեպի Խերսոնի մարզ։ Այդ ընթացքում ջրի մակարդակը կարող է բարձրանալ ևս մեկ մետրով, հայտարարել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
«Աջափնյա Խերսոնում, առավոտվա տվյաներով,1852 տուն է հեղեղվել։ Առավոտյան ժամը 6-ի դրությամբ տարհանվել է 1457 մարդ», - Տելեգրամում հրապարակված տեսաուղերձում ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հատուկ նիստ է հրավիրել՝ նվիրված Կախովկա հիդրոէլեկտրակայանի փլուզման և Դնեպրի տակ գտնվող գյուղերի ու քաղաքների հեղեղման հետ կապված։
Նիստը գումարվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ, որը պնդում է, թե այն դիտավորյալ պայթեցրել են ռուս զինվորականները, որոնց վերահսկողության տակ է եղել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը ասել է, որ «Կիևի ռեժիմն» է պայթեցրել և դա արել է, մասնավորապես, ուժերը վերախմբավորելու համար։
Ուկրաինայի ներկայացուցիչն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը «թավալվում է սեփական ստերի ցեխի մեջ»։
Ուկրաինայի դիրքորոշումը պաշտպանել է Լատվիայի դեսպանը, ով հանդես է եկել բոլոր երեք բալթյան երկրների անունից։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները դեռևս վստահ համոզմունք չունի տեղի ունեցածի կապակցությամբ:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պնդում է, որ Ռուսաստանին հաջողվել է կանխել Ուկրաինայի հակահարձակումը։ Ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ հարձակումը հետ մղելու ընթացքում զոհվել է 71 զինծառայող։
«Ցավոք կորուստներից զերծ չմնացինք։ Թշնամու հարձակումը հետ մղելու ժամանակ Զորքերի միացյալ խմբում ընդհանուր առմամբ զոհվել է 71 զինծառայող, վիրավորվել՝ 210-ը», - ասել է Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտից ի վեր առաջին անգամ է կորուստների թիվ նշում։ Մի շարք երկրների հետախուզական ծառայությունների գնահատականներով Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորներ է կորցրել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունը, հակամարտող կողմերին կոչ է արել ջանքեր գործադրել՝ բանակցություններ սկսելու համար՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը։
«Սա այն դաժան, ավերիչ պատերազմի հետևանքներից մեկն է, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայում… Բոլորը ցնցված են Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունից, բայց այսօր Ուկրաինայի տարածքի քսան տոկոսը ավերվել է, քաղաքներ, գյուղեր ավերվել և հողին են հավասարեցվել»,- ասել է Ղարիբաշվիլին։
Անդրադառնալով Վրաստանում տիրող իրավիճակին՝ վարչապետը կրկին պնդել է՝ իշխանության խնդիրն է պահպանել խաղաղությունը երկրում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
«Երբ երկրի 20 տոկոսը օկուպացված է, և կանգնած է ռուսական բանակը, մեր խնդիրն է փրկել երկիրը, պահպանել խաղաղությունը, զարգացնել ու հզորացնել տնտեսությունը»,- ասել է Վրաստանի առաջնորդը՝ ընդդիմությանը մեղադրելով երկիրը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար:
Ուկրաինան է դիվերսիա իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է միջադեպի մանրամասներին։
«Նախագահը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից հաղորդումներ է ստանում Կախովկա հիդրոէլեկտրակայանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք արդեն միանշանակ կարող ենք հայտարարել, որ դա ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիա է»,- ասել է Պեսկովը։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Սա նախնական տեղեկություն է: Իհարկե, հիմա ամեն ինչ կստուգվի: Այն տեղայնացված է այնտեղ, և, համապատասխանաբար, նախնական տեղեկություններ կան, որ դրանք 205-րդ մոտոհրաձգայինի ներկայացուցիչներ են: Մենք կստուգենք»,- ասել է Պոդոլյակը:
Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին հիդրոէլեկտրակայանի վնասելու մեջ, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինային։
Օրինակ՝ օկուպացված Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը հայտնել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա գիշերային հարձակումների մասին և դա անվանել ահաբեկչություն։
«Ռուսների կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու» նպատակը ուկրաինական պաշտպանական ուժերի հարձակումը խափանելու փորձ է, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարիա Զարիվնան։
Նրա խոսքով՝ այժմ «մի շարք բնակավայրեր արդեն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված են»։
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունը նաև նշանակում է, որ Ղրիմը կմնա առանց ջրի»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ իրավիճակը ռիսկեր է ստեղծում նաև Զապորոժիեի ատոմակայանի համար՝ ռեակտորների ջրային սառեցման հնարավոր խնդիրների հետ կապված։
Ուկրաինական Energoatom-ը հայտնել է, որ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը «կարող է բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ատոմակայանի համար»։