Նացիզմի դեմ հաղթանակի օրվա նախորդ գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով առնվազն 5 մարդ է վիրավորվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ իրանական արտադրության 60 կամիկաձե դրոններ են արձակվել ուկրաինական թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ 36-ը՝ Կիևի վրա։ Դրոնները ոչնչացվել են, սակայն բեկորներն ընկել են շենքերի ու տների վրա։
«Հիմա մենք գտնվում ենք շենքի բնակարաններից մեկում։ Այսօր ամենազանգվածային գրոհներից մեկն էր մեր հայրենի քաղաքի վրա։ Մեր հայրենի քաղաքի ուղղությամբ իրանական 36 կամիկաձե դրոններ են արձակվել, և շնորհիվ հակահրթիռային համակարգերի դրանք բոլորը ոչնչացվել են։ Հինգ մարդ է տուժել, երկուսը հիմա գտնվում են հիվանդանոցում։ Բայց ոչ մեկը չի զոհվել, ինչը շատ կարևոր է»,- նշել է Կիևի քաղաքապետը։
«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր ասել է, թե իր զինյալները Բախմուտում առաջ են շարժվել։
«Այսօր «Վագների» ստորաբաժանումների առաջխաղացումը տարբեր ուղղություններով կազմել է մինչև 280 մետր։ Շարժվում ենք առաջ՝ սպասելով զինամթերքի մատակարարմանը», - ասել է նա՝ հրապարակված տեսանյութում։
Անցած շաբաթավերջին Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին «Վագները» հեռանալու է Բախմուտից, քանի որ անհրաժեշտ քանակի զինամթերք չեն ստանում, որի համար նա մեղադրել էր Ռուսաստանի ՊՆ նախարարին և ԳՇ պետին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրվա տոնը մայիսի 9-ի փոխարեն նշել մայիսի 8-ին և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա։
Եվրոպական երկրները Հաղթանակի օրը նշում են մայիսի 8-ին։
«Այժմ, ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան կռվում է տոտալ չարիքի դեմ։ Ուկրաինան պայքարում է ամբողջ ազատ աշխարհի ապագայի համար», - ասել է Զելենսկին Հաղթանակի օրվա ուղերձում։
Նա հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակում ուկրաինական ժողովրդի ներդրումը չի մոռացվի, և ասել է, թե Ուկրաինան թույլ չի տա յուրացնել հակահիտլերյան կոալիցիայի ժողովուրդների ընդհանուր հաղթանակը։
Եվրամիությունը նախատեսում է առաջին անգամ պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնց մեղադրում է ռուսական ռազմական մեքենային աջակցելու համար սարքավորումներ վաճառելու մեջ, հաղորդում է The Financial Times-ը։
Ըստ պարբերականի՝ չինական 7 ընկերություններ գտնվում են պատժամիջոցների նոր փաթեթում, որը ԵՄ անդամ երկրները կքննարկեն այս շաբաթ:
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը պատժամիջոցների 10 փաթեթ է ընդունել ռուս անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք տնտեսական դժվարություններ են առաջացրել՝ բարդացնելով պատերազմի ֆինանսավորումը:
Առնվազն 5 մարդ է վիրավորվել այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման հետևանքով, հայտնում են տեղական իշխանությունները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ անօդաչուի բեկորներն ընկել են երկհարկանի շենքի վրա։
Գիշերը հարվածներ են հասցվել նաև Օդեսայի շրջանին։ X-22 հրթիռները խոցել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստը և Սև ծովի ափին գտնվող հանգստի գոտին, տուժածներ չկան, հայտնում է «Հարավ» միացյալ հրամանատարությունը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գնալով ավելի անկանխատեսելի և «պոտենցիալ վտանգավոր» է դառնում։ Նրա խոսքերը մեջբերում է կառույցի մամուլի ծառայությունը։
«Ես չափազանց անհանգստացած եմ միջուկային անվտանգության իրական սպառնալիքներով, որոնց բախվում է կայանը», - ասել է Գրոսսին:
Նա պնդում է, որ անհրաժեշտ է «գործել հիմա», որպեսզի կանխվի վտանգավոր միջուկային վթարի վտանգը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները շարունակում են պարբերաբար լսել Զապորոժիեի շրջանում հրետակոծությունների մասին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հրաժարվել է Ուկրաինա ուղարկել S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերը:
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղարկել Կիև, սակայն մերժում է ստացել։
«Մեզ նույնիսկ առաջարկել են ուղարկել Ուկրաինա, մենք «ոչ» ենք ասել, նման առաջարկներ եղել են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարայի կողմից Մոսկվայից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վտանգ չկա։ Աքարը հավելել էր, որ Թուրքիան գնել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը չի վաճառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգը Անկարային։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Բախմուտում ռուսական «Վագների» դիրքերը հանձնել չեչենական «Ախմատ» գումարտակին: Տեքստը հրապարակվել է նրա Տելեգրամ ալիքում։
Կադիրովը նշում է, որ դիմումն արդեն ուղարկվել է։ Նա Պուտինին խնդրել է հանձնարարել պաշտպանության նախարարին և Ազգային գվարդիայի տնօրենին հրամաններ տալ՝ «Ախմատի»-ի ստորաբաժանումները դուրս բերելու այլ ուղղություններից և դրանք վերատեղակայել Բախմուտում՝ ստանձնելու «Վագների» դիրքերը։
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երեկ հայտարարել է, որ իր զինյալները պատրաստ են Բախմուտում զբաղեցրած դիրքերը հանձնել Չեչնիայի ղեկավարի անմիջական ենթակայության տակ գործող «Ախմատ» գումարտակին։
Պրիգոժինը նման առաջարկով պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախարար Սերգեյ Շոյգուին։
«Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտում ընդամենը երկու քառակուսի կիլոմետր են վերահսկում, և ես վստահ եմ, որ «Ախմատին» կհաջողվի գրավել քաղաքը», - գրել է Պրիգոժինը։
«Վագների» հիմնադիրը նախօրեին հայտարարել էր, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը՝ «ծանր կորուստների և սպառազինության պակասի պատճառով»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ երեկոյան հեռարձակված ուղերձում հայտարարել է, որ եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր վերջին շրջագայության ընթացքում արևմտյան պետությունների հետ սպառազինության մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ Հելսինկիում և Հաագայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում մեր զինվորների համար սպառազինության լուրջ համալրում ենք ստացել՝ ցամաքում, օդում և ջրում։ Խոսքն իրոք լուրջ համալրման մասին է։ Բացի այդ, մենք կարողացել ենք լուրջ առաջընթացի հասնել ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերություններում», - մեկնաբանելով իր այցի արդյունքները՝ հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիա և Նիդերլանդներ էր այցելել մայիսի 3-ին և 4-ին։
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում այսօր պայթեցվել է ազգայնական հայացքներով հայտնի արձակագիր Զախար Պրիլեպինի ավտոմեքենան, հաղորդում է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ տեղեկացնելով, որ պայթյունի հետևանքով Պրիլեպինը վիրավորվել է սակայն, նրա օգնականների պնդմամբ, «գրողի վիճակն այժմ բարվոք է»։
Ռուսական մի շարք տելեգրամ-ալիքների պնդմամբ, հարձակման հետևանքով զոհվել է Պրիլեպինի վարորդը։
48-ամյա Զախար Պրիլեպինը մի շարք լայն ճանաչում ստացած վեպերի հեղինակ է, 2016-ից 2018 թվականներին մասնակցել է Դոնբասում ծավալված ռազմական գործողություններին՝ հանդիսանալով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված կազմավորումներից մեկի հրամանատրի տեղակալ։