Մոսկվայի դատարանը տուգանել է Wikimedia հիմնադրամին՝ Wikipedia առցանց հանրագիտարանի սեփականատիրոջը, 2 միլիոն ռուբլով (մոտ 25 հազար դոլար)՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ ներգրավված զորամասի մասին տեղեկությունները չհեռացնելու համար:
Սա արդեն 10-րդ տուգանքն է Wikimedia-ին՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի լայնածավալ ագրեսիայի հետ կապված տեղեկատվության համար։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայի դատարանը հիմնադրամին պարտավորեցրել է այսօրինակ «խախտումների» համար վճարել մոտ 17 միլիոն ռուբլի:
Wikimedia-ն, մինչդեռ, պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից բողոքարկված տեղեկատվությունը պատշաճ աղբյուր է և համապատասխանում է Wikipedia-ի չափանիշներին:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները տևական ժամանակ է գտնվում են ցածրագույն մակարդակում, Ուկրաինայի պատերազմի ֆոնին դժվար է պատկերացնել երկու երկրների միջև ռազմավարական երկխոսություն, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում։
Անցյալ տարեվերջին այդ պաշտոնը ստանձնած դիվանագետը նշել է՝ «տխուր է տեսնել» , թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը:
«Տխուր և մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են կրկին խլացվում այլակարծության և հիշողության ձայները: Եվ այստեղ, գիտեք, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ ամենը նպաստում Ռուսաստանի ապագային», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ռուս - ամերիկյան տարաձայնությունները «Ռուսաստանի ժողովրդի հետ չեն»:
«Կցանկանայի ընդգծել, որ ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում։ Շատ է խոսվում ռուսատյացության, Ռուսաստանին վերացնելու, Ռուսաստանի ապագան չեղակելու մասին: Դա Միացյալ Նահանգների նպատակը չէ», - շեշտել է Թրեյսին։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Արևմուտքի իրական նպատակը Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական հաղթանակ տանելն է, ինչպես նաև Չինաստանի համար վտանգ ներկայացնելը և սեփական մենաշնորհային դիրքը պահպանելը։
Շոյգուն պնդել է, որ ՆԱՏՕ-ի «գրեթե բոլոր» երկրներն իրենց ռազմական հնարավորությունները տեղակայել են Ռուսաստանի դեմ:
Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում ռուսական հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, կան նաև վիրավորներ:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կենտրոնական Ուման քաղաքում հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքին, Դնեպր քաղաքում հրթիռը խոցել է տունը: Կիևը նույնպես ցնցվել է պայթյուններից։
Մայրաքաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են 11 հրթիռ և 2 անօդաչու թռչող սարք, որոնց բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը:
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ կեսգիշերից հետո պայթյուններ են գրանցվել նաև Ուկրաինայի կենտրոնական Դնեպր, Կրեմենչուգ և Պոլտավա քաղաքներում, հարավում՝ Նիկոլաևում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևը, որում ասվում է՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է։
Բանաձևը կոչ է անում երեխաներին անվտանգ վերադարձնել Ուկրաինա՝ հավելելով, որ երեխաների տեղափոխման փաստագրված ապացույցները «համընկնում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»։
Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին այս բանաձևը որակել է կարևոր որոշում, որը կօգնի «Ռուսաստանին և նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»:
Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա և օգնություն խնդրել հազարավոր երեխաների հայրենիք վերադարձնելու համար, որոնք տեղափոխվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ Մոսկվայի ներխուժումից հետո:
Ուկրաինայի զինված ուժերի բոլոր դիրքերը Դոնեցկի մարզի Մարյինկա քաղաքում ենթարկվել են ռուսական հրթիռակոծության ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինին։
«Մենք ամեն ինչ տեսնում ենք և փորձում առաջին իսկ հնարավորության դեպքում վերացնել ուկրաինական զինված խմբավորումների անդամներին», - երեկ ասել է Պուշիլինը ռուսական Առաջին ալիքին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են Դոնեցկից արևմուտք գտնվող Մարյինկայի 59 բնակելի թաղամասերից 50-ը, և գրեթե բոլոր ուկրաինական դիրքերը տեսադաշտում են:
Պուշիլինի խոսքով՝ ռուսական ուժերն անշեղորեն առաջ են շարժվում, չնայած ուկրաինական ուժերի՝ դիմադրություն ցույց տալու փորձերին։
Ավելի վաղ պաշտոնյաները հայտարարել էին, որ Մարյինկայի նկատմամբ վերահսկողության հաստատումը Ալեքսանդրովկան, Դոնեցկի Պետրովսկի և Տեքստիլշչիկ շրջաններն անհասանելի կդարձնի ուկրաինական հրետակոծությունների համար:
Ռուսները Սև ծովից «Կալիբր» հրթիռներով գիշերը հարձակում են իրականացրել Նիկոլաև քաղաքի վրա։ Ուկրաինական կողմը հաղորդում է մեկ զոհվածի և 23 վիրավորի մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Նիկոլաևի գիշերային հրետակոծության հետևանքները: «Գիշերվա ընթացքում Ռուսաստանը Սև ծովից արձակված չորս «Կալիբր» հրթիռներով գնդակոծել է Նիկոլաևը, բարձր ճշգրտության զենքերն ուղղված են եղել առանձնատների, պատմական շենքի և բարձրահարկ շենքի վրա», - ասել է նա՝ կատարվածն անվանելով մարդկության դեմ հանցագործություն։
Ուկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, ով օգնել է իտալական La Repubblica թերթի թղթակից Կորադո Զունինոյին լուսաբանել Ուկրաինայի պատերազմը, մահացել է դիպուկահարի կրակոցից Խերսոնի մատույցներում: Իտալացի լրագրողն ուսի շրջանում վիրավորում է ստացել։
Սպանված լրագրողի դին դեռ չի հաջողվում տարհանել։
Երկու լրագրողներն էլ կրել են «Մամուլ» գրությամբ շերտավոր բաճկոններ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իտալական լրատվամիջոցներին ասել է, որ սպանության համար պատասխանատու են ռուսները։ «Ռուսներին չի հետաքրքրում՝ դու ռո՞ւս ես, իտալացի՞, թե՞ ուկրաինացի, նրանք ուղղակի կրակում են», - ասել է նա։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ իր գրասենյակը և Կիևում Իտալիայի դեսպանատունն աշխատում են Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Զունինոյին Իտալիա վերադարձնելու ուղղությամբ։
Ռուսական ուժերի կողմից գրավված Մելիտոպոլ քաղաքում այսօր իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է ոստիկանության շրջանային բաժնի պետ Ալեքսանդր Միշչենկոն։ Մինչ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելը նա նշանակվել էր Պրիազովսկիի շրջանի ոստիկանության պետ և շարունակել էր աշխատել քաղաքը ռուսների կողմից գրավելուց հետո։
Մելիտոպոլի քաղաքային վարչակազմը հայտնում, որ այսօր առավոտյան բազմաբնակարան շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Ռուսաստանը և Ուկրաինան այսօր ռազմագերիների փոխանակում են կատարել: Տուն են վերադարձել 44 ուկրաինացի և 40 ռուսաստանցի գերեվարված զինծառայողներ:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ Ուկրաինա են վերադարձել 36 շարքայիններ և 6 սպաներ՝ սահմանապահներ, գվարդիականներ և նավաստիներ: Ազատվել է նաև երկու քաղաքացիական անձ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 40 ռուսաստանցի ռազմագերիներին օդանավով փոխադրել են Մոսկվա, որտեղ նրանք բժշկական ստուգումների կենթարկվեն, ինչից հետո ապաքինման համար կուղարկվեն գերատեսչությանը պատկանող հիվանդանոցներ: