Մինչ ուկրաինական և ռուսական բանակները պատրաստվում են վճռական ճակատամարտի, Մոսկվան կրկին սպառնում է միջուկային զենքով:
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի հնարավոր հակառակորդները չպետք է այդ հարցում ռուսաստանի հնարավորությունները թերագնահատեն։ «Դուք ասացիք, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի օգտագործի միջուկային զենք։ Իմացեք, որ սա այնքան էլ այդպես չէ», - հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե այլ պետությունների ագրեսիան սպառնա իր գոյությանը. - «Եթե ձեր ձեռքերում ինչ-որ զենք կա, իսկ ես որպես նախկին նախագահ գիտեմ, թե դա ինչ է, դուք պետք է պատրաստ լինեք, որ որոշակի իրավիճակում ձեր ձեռքը չի տատանվի այն օգտագործելու համար, որքան էլ հրեշավոր ու դաժան է սա հնչում։ Այս բոլոր գործոնները չպետք է թերագնահատվեն մեր պոտենցիալ հակառակորդների կողմից»։
Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարության միջուկային զենքի չտարածման բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը ռուսական պետական ТАСС գործակալությանը հայտնել է, որ Վաշինգտոնի պահվածքը մեծացնում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման վտանգը։ Ավելին, նա սպառնացել է, որ Մոսկվան կարող է դուրս գալ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրից։
Լարված վիճակը Դոնբասում չի խանգարում Կիևին պատրաստվել հակահարձակման, որը պետք է սկսվի արդեն առաջիկա շաբաթներին։ Երեկ այս մասին հայտարարել է Ուկրաինայի հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ շեշտելով, թե հակահարձակումը սկսվելու է մինչև ամառ։ Կոնկրետ ժամկետ պաշտոնյաները չեն հայտնում։
New York Times-ը սակայն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե ուկրաինական հակահարձակումը կսկսվի արդեն «հաջորդ ամսվա սկզբին»։ Ըստ հրապարակման, ուկրաինացի զինվորականները Վաշինգտոնի հետ չեն կիսում հակահարձակման իրենց ծրագրերը, սակայն հոդվածի հեղինակները գրում են, թե դա կլինի երկրի հարավում, բռնակցված Ղրիմից ոչ հեռու։
Առանց վճռական հաղթանակի, Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային կարող է թուլանալ, և Կիևին կարող են ճնշել բանակցություններ սկսելու հարցում։ Բացի այդ, ռուսական կողմը կարող է վերակազմավորվել ու անցնել նոր հարձակման: Նախօրեին այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին. - «Մենք խորացնում ենք մեր օգնությունը Ուկրաինային համաձյան նրանց պահանջների։ Մենք, օրինակ, գիտենք, որ գարնանը, երբ եղանակն արդեն սկսել է բարելավվել, կարող ենք ակնկալել, որ ռուսներն էլ կցանկանան հարձակման անցնել որոշ տարածքներում։ Մենք հստակ չգիտենք, թե որտեղ և ինչպես դա կանեն»:
Բախմուտում իրավիճակը մնում է չափազանց լարված, քաղաքի արևմտյան թաղամասերը պահող ուկրաինացի զինծառայողները պատմում են, թե ռուսները շատ են ուզում նաև այդ մասը գրավել. - «Նրանք մեծ ջանք են գործադրում, սակայն դեռ չի ստացվում։ Վերջին օրերին նրանք ռմբակոծու են մեր դիրքերն բոլոր զենքերով, S-300-ով»։
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է, թե մարտերը Բախմուտ քաղաքի արևմտյան թաղամասերում շարունակվում են։ Երեկ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հերթական անգամ անձամբ էր այցելել ռազմաճակատի այդ հատվածը, և խոստովանել, որ իրավիճակը «տագնապալի» է, և քաղաքում ընթանում են ամենադժվար մարտերը։
Մյուս կողմից, իսպանական El Mundo-ն, որի թղթակիցները նոր են այցելել Բախմուտ, գրել է, թե Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկան այժմ Բախմուտից հեռանում է միակ մնացած «կյանքի ճանապարհով»: Սակայն քաղաքում մնում է մոտ 6-7 հազար ուկրաինացի զինվորական։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի ամենօրյա զեկույցի համաձայն, ուկրաինացի զինվորականները նաև որոշակի հաջողություններ ունեն և առաջ են շարժվել Լուգանսկի շրջանի Կրեմեննայա քաղաքից հարավ՝ Վերխնեկամենսկոյե գյուղի մոտ։ Զեկույցում միաժամանակ ասվում է, որ Ռուսաստանը չի դադարում Լուգանսկի շրջանի մնացած մասը գրավելու և Դոնեցկի շրջանի հյուսիսային հատվածը շրջափակելու փորձերը, սակայն դրանք անհաջող են։
Առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի արևելքում Կուպյանսկ քաղաքի թանգարանը հրթիռակոծելու հետևանքով։
Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը «Ազատությանն» ասել է, որ ապրիլի 25-ին ռուսական ուժերը S-300 հրթիռներով ռմբակոծել են Կուպյանսկի կենտրոնը, հրթիռներից մեկն ընկնել է երկրագիտական թանգարանի վրա։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն այսօր հայտարարել է, թե մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի ռուսներին անցած բոլոր տարածքները, վճռական մարտերն էլ կսկսվեն մինչև ամառ, այսինքն՝ առաջիկա շաբաթներին։
«Այս պատերազմին վերջ դնելու միայն մեկ ճանապարհ կա՝ սա ցանկացած ձևով 1991թ. սահմանների վերադարձն է։ Այս պատերազմն առանց տարածքային խնդիրների լուծման անհնար է, անիրատեսական։ Ուկրաինան երբեք չի համաձայնի հանձնել իր տարածքների որևէ մաս», - ասել է նա։
Սպասվող հակահարձակման հստակ ժամկետ Բուդանովը չի նշել, շեշտելով, թե դա գաղտնիք է։
Պաշտոնապես հակահարձակումը դեռ չի սկսվել։ BBC-ի աղբյուրները, սակայն, այսօր հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Խերսոնի մոտակայքում։
Զինվորականները «որոշակի տեղաշարժ են իրականացնում Դնեպր գետով Խերսոնի շրջանում», - BBC-ին հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրները։
Հանգստյան օրերին այս մասին գրել էին ռուս բլոգերները։ Խերսոնի շրջանի օկուպացիոն վարչակազմը հերքել էր տեղեկությունը։
Ուկրաինական ուժերի առաջխաղացումը հաստատել է նաև Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։
Ամերիկացի փորձագետները, բացի այդ, մանրամասն վերլուծելով ռազմաճակատի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կազմն ու վիճակը, պնդում են, որ նրանք վատ են պատրաստված ուկրաինական սպասվող հարձակմանը՝ ստորաբաժանումները հյուծված են, մոբիլիզացվածների ուժերը բավականաչափ պատրաստված չեն, ստորաբաժանումների միջև գործողությունների համակարգումն էլ վատն է:
Ռուսական կողմը, սակայն, շարունակում է խոսել հաջողությունների մասին, պնդելով, թե արդեն հսկում է Բախմուտ քաղաքի մեծ մասը, այդ թվում՝ ամբողջ կենտրոնը։ Կիևն, իր հերթին, հայտարարում է, թե բանակը կշարունակի պայքարել մինչև վերջ։
«Ուկրաինան չի կարող Բախմուտը հանձնել ռուսներին»,- երեկ ասել է նախագահ Զելենսկին։
«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա կօգնի ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և «Վագներին» գրավել շատ հողեր», - հավելել է նա։
Կատաղի մարտերը թե՛ Բախմուտում, թե՛ Դոնբասի այլ հատվածներում շարունակվում են։
Միաժամանակ, ինչպես այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գիշերը հարձակման է ենթարկվել բռնակցված Սևաստոպոլը. - «Այսօր՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 03:30-ին, Կիևի ռեժիմը երեք առանց անձնակազմի արագաշարժերով փորձել է գրոհել Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի բազան: Սևաստոպոլի ծովածոցի մոտակայքում գտնվող ուժերը ոչնչացրել են հակառակորդի բոլոր առանց անձնակազմի արագընթաց նավերը։ Ոչ մի կորուստ»։
Կիևը պատրաստվում էր անցած փետրվարի 24-ին՝ պատերազմի մեկնարկի տարելիցին, հարվածներ հասցնել Մոսկվային, բայց հրաժարվել է այդ մտադրությունից Վաշինգտոնի խնդրանքով, գրել է Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք շաբաթներ առաջ արտահոսքի արդյունքում հայտնվել են համացանցում։ Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ով է դեմ եղել հարվածներին, կամ ինչու են ուկրաինացի պաշտոնյաները փոխել իրենց կարծիքը։
Պաշտոնական Կիևն այս հրապարակումներն առայժմ ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել։
Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հաստատել է ծովային անօդաչու սարքերով քաղաքին հարվածներ հասցնելու փորձերի մասին տեղեկությունները։
«Թշնամական ծովային անօդաչուների ոչնչացման ընթացքում որոտացած պայթյունների հետևանքով Սևաստոպոլի չորս շենքեր զրկվել են ապակիներից», - իր տելեգրամ-ալիքում գրել է ռուսաստանցի պաշտոնյան՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց։
Ռազվոզժաևի խոսքով՝ անօդաչուները ոչնչացվել են քաղաքի արտաքին ծովային սահմանագծին՝ մինչև Սևաստոպոլի կենտրոնին հարող Ստրելեցկի ծովածոց մուտք գործելը։
Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթով կընդլայնի Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցման արգելքը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, որոնք ծանոթ են պատժամիջոցների նոր միջոցների առաջարկներին։
Ենթադրվում է, որ Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ փոխադրումն ամբողջությամբ չի արգելվելու, սահմանափակումները կարող են տարածվել մի շարք տեխնոլոգիաների և սարքավորումների տեսակների վրա։
Գործակալության տվյալներով՝ Լեհաստանը, Էստոնիան և Լիտվան ԵՄ-ից պահանջում են ամբողջությամբ արգելել Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցումը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի որոշումը, որով անհատական պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինա ներխուժմանն աջակցած մի շարք ռուսաստանցիների և երրորդ երկրների քաղաքացիների դեմ։
«Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված են ռուսաստանցի մեծահարուստ Վլադիմիր Պոտանինի ընտանիքի անդամները։
Պոտանինի ընտանիքին պատկանող «Ինտերռոս» կոնցերնի և մի շարք բանկերի գործունեությունը երկրի տարածքում արգելվել է։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև Իրանի մեկ և Մալիի ութ քաղաքացիներ։
Գերմանիայի իշխանությունները որոշել են երկրի տարածքում աշխատող ռուսաստանցի դիվանագետների զանգվածային արտաքսում իրականացնել։ Այս մասին ТАСС գործակալությանը հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պնդելով, որ պաշտոնական Բեռլինը նախապես խոստացել էր մեծ աղմուկ չբարձրացնել այդ առթիվ։
«Հետագայում, սակայն, գերմանական կողմը խախտել է տրված խոստումը`դիվանագետների արտաքսման մասին տեղեկացնելով այն լրատվամիջոցներին, որոնք «պարբերաբար օգտագործվում են տեղեկատվության վերահսկելի արտահոսքերի համար», - ռուսական գործակալությանը փոխանցել է ԱԳՆ աղբյուրը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից նաև հաղորդել են, որ Մոսկվան Բեռլինի այս քայլին «հայելային պատասխան կտա», ինչպես նաև զգալիորեն կկրճատի Ռուսաստանի տարածքում հավատարմագրված գերմանացի դիվանագետների առավելագույն թիվը։