ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու շարունակվող վտանգի նկատմամբ:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները պետք է շարունակեն զգոն մնալ այն նշանների նկատմամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի «կառավարվող» սրման ժամանակ, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Շերմանը այս նախազգուշացումն արել է՝ բացելով ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովը, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին նման համաժողովը տեղի է ունեցել 2004 թվականին:
Պուտինի հայտարարությունը, ով մարտի 25-ին ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք տեղակայել հարևան Բելառուսում, «այդ սպառնալիքը կառավարելի կերպով օգտագործելու փորձ է», - ասել է Վենդի Շերմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնեցկի մարզում գտնվող ռազմաճակատային Ավդեևկա քաղաք։
Հրամանատարները նրան զեկուցել են մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել, շնորհակալություն հայտնել ձեր ծառայության, մեր հողերը, Ուկրաինան, մեր ընտանիքները պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։
Նա պարգևներ է հանձնել զինվորականներին։ Զելենսկին նաև այցելել է հիվանդանոցում բուժվող վիրավոր զինվորականներին։
Ավդեևկան ռուսական ռմբակոծությունների ու գրոհների հիմնական ուղղություններից մեկն է։ Այսօր նկարահանված կադրերը ցուցադրում են ամբողջովին ոչնչացված շենքեր ու շինություններ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը Վլադիմիր Պուտինի երեկվա այցի ընթացքում նրան չեն ուղեկցել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսակապով մասնակցել է Խերսոնի շտաբի խորհրդակցությանը, իսկ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեղում մասնակցել է Լուգանսկի շրջանում անցկացված խորհրդակցությանը։
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Լի Շանֆուի հանդիպումը։
«Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերը անպայման կիրականացնեն երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունները, կխթանեն ռազմատեխնիկական համագործակցությունն ու ռազմական առևտուրը, ռազմական համագործակցությունը կհասնի նոր մակարդակի», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցը կատարում է Ռուսաստան։
Ճապոնիայում Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպման արդյունքում որոշվել է ուժեղացնել համակարգումը երրորդ երկրների կողմից Ռուսաստան զենք մատակարարելու դեմ։ Այն պետությունները, որոնք աջակցում են ռուսական ներխուժմանը Ուկրաինա, դրա համար «բարձր գին» կվճարեն, ասվում է այսօր G7-ի ԱԳ նախարարների ընդունած ամփոփիչ հայտարարությունում։
Առաջատար արդյունաբերական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի սպառնալիքները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ «Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում կունենա ծանր հետևանքներ», - ասվում է փաստաթղթի տեքստում։
Նախարարները խոստացել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մենք վճռական ենք մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է՛լ ավելի ինտենսիվ դարձնելու հարցում», - ասվում է հայտարարությունում։ Հանդիպման մասնակիցները Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել անհապաղ և անվերապահորեն դուրս բերել Ուկրաինայից բոլոր զորքերը և խոստացել են շարունակել աջակցել Կիևին երկրի վերականգնման գործում:
Երեկ, երբ Մոսկվայի դատարանը Վլադիմիր Կարա-Մուրզային պետական դավաճանության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով դատապարտեց 25 տարի ազատազրկման, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին՝ բացատրություններ տալու համար. ռուսաստանցի ընդդիմադիրը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
Կելինը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ նախարարությունը պահանջել է ապահովել հյուպատոսական մուտքը Կարա-Մուրզայի մոտ և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել նման դատավճիռ կայացրած դատարանի կազմի նկատմամբ: Դեսպանն այդ խոսակցությունն անվանել է «կոպիտ միջամտություն Ռուսաստանի Դաշնության գործերին և իրավական գործընթացի վրա ազդելու փորձ»։
Երեկ ավելի վաղ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոնեթն ասել էր, որ բրիտանական կառավարությունը «համերաշխություն է հայտնում Վլադիմիր Կարա-Մուրզային և նրա ընտանիքին ու կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան»։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայի մասամբ օկուպացված Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Չի նշվում, թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել:
Տեսանյութում ցերեկ է, Պուտինը դուրս է գալիս Մի-8 ուղղաթիռից, ապա ջիփերի ավտոշարասյունը մտնում է Խերսոնի շրջանի օկուպացված հատվածի կենտրոն դարձած Գենիչեսկ քաղաք։
ՌԴ նախագահն այցելել է «Դնեպր» զորախմբավորման շտաբ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պուտինն այցելել է նաև մեկ այլ շտաբ՝ «Վոստոկ», որը պատկանում է Ազգային գվարդիային «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում»։
Հաղորդագրությունում ասվում է, որ ուղևորությունը «նախապես պլանավորված չի եղել»։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովը պաշտոնապես ներողություն է խնդրել իսպանական La Razon թերթին տված հարցազրույցում կատարված անհաջող համեմատության համար։ Իսպանացի լրագրողների հետ զրույցում Ռեզինիկովը պնդել էր, թե՝ «պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական կողմի կորուստներն ավելի քիչ են, քան Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը»։
«Ես ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել Թուրքիայում և Ուկրաինայում գտնվող այն բոլոր մարդկանցից, որոնց վիրավորել են իսպանական թերթում արված իմ մեկնաբանությունները։ Իրականում ուկրաինացիները համակրում են թուրք ժողովրդին», - Ռեզնիկովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Անցած գիշեր միանգամից երկու խոշոր հրդեհ է ծագել Ռուսաստանի Բելգորոդի մարզի էներգետիկ օբյեկտներում։ Տեղական մամուլի պնդմամբ՝ խոսքը երկու էլեկտրական ենթակայաններում ծագած հրդեհների մասին է։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի պնդմամբ՝ հրդեհները բռնկվել են Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետևանքով։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի հայտնել։
Բելգորոդում գործող Տելեգրամ ալիքները պնդում են, որ հրդեհները ծագել են ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով։
Սլովակիան Ուկրաինային է հանձնել բոլոր 13 խոստացված ՄիԳ-29 կործանիչները, որոնց մասին հաղորդվել էր մարտին։
Սլովակիան առաջին չորս ինքնաթիռները մատակարարել է անցյալ ամիս: Նա Լեհաստանից հետո ՆԱՏՕ-ի երկրորդ անդամն է, որը կործանիչներ է նվիրաբերում Ուկրաինային։
Ապրիլի սկզբին Լեհաստանը մի քանի ինքնաթիռ էր փոխանցել, ստույգ թիվը չի հաղորդվում։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, ի պաշտպանություն Ուկրաինային մարտական ինքնաթիռների փոխանցման, հայտարարել էր, որ իր կառավարությունը «պատմության ճիշտ կողմում է»։