Ուկրաինա է վերադարձել 12 գերեվարված անձ, այդ թվում՝ հինգ ծանր վիրավոր զինծառայող, հայտնում է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգման շտաբը։
Տուն վերադարձածներից տասը ուկրաինացի զինվորներ և Ուկրաինայի զինված ուժերի սերժանտներ են, որոնք գերի են ընկել Բախմուտի, Դոնեցկի մարզի, ինչպես նաև Լուգանսկի շրջանի գյուղերի մոտ։
Վերադարձված նախկին գերիների թվում կա նաև երկու խաղաղ բնակիչ, որոնք պատանդ են վերցվել Մարիուպոլում և Խարկովի մարզի Լիպցի գյուղում։
Մարտի 24-ին Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել ծանր վիրավոր գերիների։
Մարտի 7-ին Ուկրաինան և Ռուսաստանը կրկին ռազմագերիների փոխանակում էին իրականացրել, ինչի արդյունքում 130 ուկրաինացի և 90 ռուսաստանցիներ վերադարձել էին հայրենիք։
Արևմտյան մամուլի պնդմամբ՝ Լեհաստանն արդեն իսկ Ուկրաինային է փոխանցել խորհրդային արտադրության ՄԻԳ-29 մակնիշի մի քանի կործանիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Մարտին Փշիդաչը՝ չհստակեցնելով, սակայն, Կիևին փոխանցված օդանավերի հստակ քանակությունը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան Ուկրաինային կփոխանցի լեհական բանակի զինանոցում գտնվող ՄԻԳ-29-երից չորսը։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի պնդմամբ՝ «Բախմուտ քաղաքը իրավաբանորեն ռուսական ուժերի վերահսկողության տակ է»։
«Վագների» ղեկավարի խոսքով, իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Բախմուտի քաղաքապետարանի շենքը՝ դրա կտուրին ռուսական դրոշ տեղադրելով։ Դոնեցկի ռուսական վարչակազմի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով, ռուսական զորքերը ընդհուպ մոտեցել են Բախմուտի երկաթուղային կայարանին։
«Ուկրաինական զորքերը այժմ դիրքավորվել են քաղաքի արևմտյան թաղամասերում», - հայտարարել է Պուշիլինը։
Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում սպանված ազգայնական բլոգեր Վլադլեն Տատարսկու դեմ մահափորձը կազմակերպել են Ուկրաինայի իշխանությունները՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցների օժանդակությամբ։
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն՝ պնդելով, որ Տատարսկու սպանությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները՝ «այն գործակալների ներգրավմամբ, որոնք համագործակցում են Նավալնու ստեղծած այսպես կոչված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետ»։
«Այս գործի շրջանակներում ձերբակալված Դարյա Տրեպովան այդ կառույցի ակտիվ աջակիցներից է», - հայտարարում է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ «Սպանություն», Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ մահացել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին։
Հաղորդվում է, որ պայթյունից տուժածների թիվը հասել է 30-ի, 24 մարդ հոսպիտալացվել է։
Քննիչները պարզել են Տատարսկու սպանության մեջ կասկածվողների ինքնությունը, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ պայթյունը կազմակերպել է Սանկտ Պետերբուրգի 26-ամյա բնակչուհի Դարյա Տրեպովան, ով, ըստ հետաքննության, պայթուցիկ սարքով արձանիկ է բերել սրճարան, որտեղ ելույթ էր ունենում Տատարսկին։ ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որոնողական բազան, հաղորդում է, որ իրավապահ մարմինները Տրեպովայի նկատմամբ հետախուզում են հայտարարել:
Baza Տելեգրամ ալիքը հայտնում է, որ ոստիկանությունը փնտրում է նաև Տրեպովայի ամուսնուն՝ Դմիտրի Ռիլովին։ Նրա բնակարանը խուզարկվում է։ Ռիլովը կասկածվում է սրճարանում տեղի ունեցած պայթյունին հանցակցության մեջ։ Միաժամանակ, նա անձամբ ներկա չի եղել Տատարսկու հետ հանդիպմանը։
SOTA Տելեգրամ ալիքը հաղորդում է, որ ոստիկանությունն անցած տարվա փետրվարին Սանկտ Պետերբուրգում հակապատերազմական ակցիայի ժամանակ ձերբակալել էր ամուսիններին, Ռիլովը դատապարտվել էր 9-օրյա կալանքի:
Սանկտ Պետերբուրգի սրճարանում ապրիլի 2-ին պայթյունից զոհվել է Դոնբասի ռուս անջատական, նախկին զինյալ, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին` նույն ինքը Մաքսիմ Ֆոմինը:
«Սթրիթ-Բար» սրճարանում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից տուժել է ևս 16 մարդ: Այդ սրճարանում բլոգերն ընկերների հետ իր ստեղծագործական երեկոն է անցկացրել: Պայթուցիկը տեղադրված է եղել արձանիկում, որը բլոգերին փոխանցել են երեկոյի ընթացքում:
Սրճարանը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր, «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին:
Հարուցվել է քրեական գործ: Ռուս իրավապահները ենթադրյալ կասկածյալների անուններ չեն նշում, բայց հիշեցնում են, որ անցյալ տարվա ամռանը ռուս ազգայնականների գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստերը՝ Դարյային, ինքնաշեն ռումբով սպանել են Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձինք:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ի պատասխան իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի, ով կոչ էր արել Ուկրաինային դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ, ասել է, որ դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից «առանց կռվի»։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «անհեթեթ» էր անվանել Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում «առանց երկու կողմերից զորքեր տեղափոխելու և վերախմբավորելու իրավունքի»։
Մինչ այս Բելառուսի նախագահը բելառուս ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ուղերձում առաջարկել էր Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի վերախմբավորման իրավունքի և ընդգծել, որ առանց նախապայմանների բանակցությունները ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական խնդիրն են։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները նախատեսում են Ուկրաինա ուղարկել Leopard 2 տանկերի երկու գումարտակ և Leopard 1 տանկերի չորս գումարտակ, մինչդեռ հայտարարվածից ավելի մատակարարումներ չեն կարող անել։ Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Գերմանացի նախարարի խոսքով՝ քիչ հավանական է, որ Կիևը ավելի շատ տանկեր ստանա՝ սահմանափակ ռեսուրսների պատճառով, այդ թվում՝ դաշնակիցներից։
«Ես չեմ տեսնում սցենար, որում հնարավոր կլինի [Ուկրաինա] ուղարկել լրացուցիչ տանկեր քան հայտարարվել էր։ Մենք, ինչպես մյուս երկրները սահմանափակ պաշարներ ունենք։ Որպես դաշնային պաշտպանության նախարար՝ ես չեմ կարող ամեն ինչ տալ»,- ընդգծել է Պիստորիուսը։
«Կան ռեզերվներ, որոնք հարկավոր չէ սպառել»,- նշել է Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անհեթեթ և ապակառուցողական» է համարում ապրիլին Ռուսաստանի նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նրա խոսքով՝ դա ապացուցում է Անվտանգության խորհրդում բարեփոխումների անհրաժեշտությունը։
«Դժվար է պատկերացնել մի բան, որն ավելի շատ ապացուցի նման հաստատությունների լիակատար սնանկությունը», - ասել է Զելենսկին երեկոյան ելույթում։
«Եվ չի լինի այնպիսի պատճառ, որը կդադարեցնի համաշխարհային ինստիտուտների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումները։ Բարեփոխում, որն ակնհայտորեն ուշացած է, որպեսզի ահաբեկչական պետությունը և ցանկացած այլ պետություն, որը ցանկանում է լինել ահաբեկիչ, չկարողանա կործանել աշխարհը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը ապտակ է միջազգային հանրությանը»,- ավելի վաղ Թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը ստանձնում է ապրիլի 1-ից։ Կառույցը կոչված է ապահովել միջազգային խաղաղություն և անվտանգություն, դրա լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Չինաստանը։
Ավդեևկայում ռուսական հրթիռակոծության արդյունքում զոհվել են հինգ ամսական տղան ու նրա տատիկը, վիրավորվել են երեխայի ծնողները, տեղեկացրել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Առաջնագծում տեղակայված քաղաքը Դոնեցկից 20 կիլոմետր հեռավորության վրա է, անընդհատ գնդակոծվում է, ոչ մի անձեռնմխելի շինություն չի մնացել, վերջերս հայտնել են տեղական իշխանությունները։ Քաղաքացիներին բազմիցս խնդրել են տարհանվել:
Ռուսական զորքերը վերջին մեկ օրվա ընթացքում 54 անգամ գնդակոծել են նաև Խերսոնի շրջանի տարածքը։ Արձակվել է 439 արկ, կան զոհեր, հայտնել է Խերսոնի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Նրա խոսքով՝ 27 արկ է ընկել քաղաքի բնակելի թաղամասերում, մասնավոր ու բազմաբնակարան շենքերում։ «Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր՝ 3 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել»,- գրել է Պրոկուդինը սոցիալական ցանցում։