Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:39 13.3.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչներն ուղղակի ներգրավվածություն են ունեցել անցած շաբաթ Թբիլիսիում ծավալված իրադարձություններին։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ այդ ներգրավվածության ամենավառ ապացույցը Ուկրաինայի նախագահի կողմից վրաց ցուցարարներին աջակցություն հայտնելու մասին հայտարարություններ էին։

«Երբ պատերազմի մեջ գտնվող մարդը ժամանակ է գտնում Վրաստանում մի քանի հազար մարդու մասնակցությամբ ընթացող ապակառուցողական ակցիաները մեկնաբանելու համար, դա վկայում է այն մասին, որ նա ներգրավված է այդ ամենում և ցանկանում է, որ այստեղ ինչ-որ բան փոխվի», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ «հայտարարություններ են անում Կլիչկոն, Արախամիան, ինչ-որ անհաջողակներ՝ պնդելով, որ այստեղ փոփոխություններ և իշխանափոխություն է հարկավոր»։ «Դուք ձեր երկրին հետևեք, մենք էլ մեր երկրին կհետևենք», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

13:42 13.3.2023

Մոսկվայի մարզից մոբիլիզացվածների կանայք և մայրերը տեսաուղերձով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Նրանք պնդում են, որ իրենց ամուսիններին և որդիներին ռուսական բանակի շարքերից տեղափոխել են այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ուժերի հրամանատարության տակ։ Այնտեղ, ըստ նրանց, ռազմական մասնագիտությամբ հրետանավոր մոբիլիզացվածներից կազմել են գրոհային ջոկատներ:

«Դիմում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուին: {....} Մարտի սկզբին նրանց բանավոր հայտարարվեց, որ նրանք այժմ գրոհային հետևակ են: Դասընթացը տևել է չորս օր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ամուսինս և մյուս մոբիլիզացված հրետանավորները գտնվում են հակառակորդի հետ շփման գծում», - ասում են կանայք:

Հարազատները պնդում են, որ իրենց ամուսիններին ու որդիներին առանց համապատասխան պատրաստվածության որպես «թնդանոթի միս» ուղարկում են առաջնագիծ:

Վերջին շաբաթներին համացանցում տեսաուղերձներ են հրապարակել Իրկուտսկի, Բելգորոդի և Կալինինգրադի շրջաններից, ինչպես նաև Տուվայից մոբիլիզացված զինծառայողները։ Նրանք բոլորը բողոքում են, որ իրենց տեղափոխել են Դոնբաս՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հրամանատարության տակ, որոնք մոբիլիզացվածներից ձևավորել են հարձակողական ջոկատներ։

Նրանց խոսքով՝ հրամանատարությունը ներկա չէ առաջնագծում, իրենց ստիպում են մարտի գնալ առանց տեխնիկայի, առանց հրետանու և հետախուզության աջակցության, իսկ հրաժարվելու դեպքում՝ սպառնում են բռնություն կիրառել։ Ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրում։

Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ վերջին երեք ամիսների ընթացքում զոհվածների մեծ մասը մոբիլիզացվածներն են, կամավորները և բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից լրագրողներին հաջողվել է հաստատել ավելի քան 15 հազար ռուսների մահը, նրանցից հազարից ավելին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոբիլիզացվածներ են:

17:43 12.3.2023

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մոտ ապագայում չի ակնկալում կործանիչների մատակարարում։

Կուլեբայի խոսքով՝ կործանիչների մատակարարումը ծանր խնդիր է նյութատեխնիկական տեսանկյունից։

«Մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը պետք է սկսվի հիմա: Երբ որոշում կայացվի ինքնաթիռներ տրամադրելու մասին, մենք դրա վրա երկար ամիսներ ծախսելու կարիք չենք ունենա»,- հայտարարել է նախարարը:

Նա հավելել է, որ մինչ այժմ ոչ մի երկիր Ուկրաինային խոստումներ չի տվել կործանիչների մատակարարման վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային չորրորդ կամ հինգերորդ սերնդի կործանիչներ տրամադրելու հարցը։ Դիվանագետը հավելել էր, որ հնարավոր մատակարարումների մասին որոշումը կկայացվի Կիևի կարիքները գնահատելուց հետո։

17:42 12.3.2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ պատրաստ է Կիև գնալ միայն այն պայմանով, որ իրեն կընդունեն Մոսկվայում։ Նա ընդգծել է, որ դրանում անհնարին ոչինչ չի տեսնում։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից գրեթե չի խոսել Պուտինի հետ։ Պոնտիֆիկոսը խոստովանել է, որ չի զղջում դրա համար և փորձում է դիվանագիտական կապեր հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Միաժամանակ նա խոստովանել է, որ չի հավատում Վատիկանում Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու երկկողմ հանդիպման անցկացմանը։

23:27 11.3.2023

Ուկրաինայի ցամաքային զորքերի և Ռուսաստանի դեմ կռվող ուկրաինական ստորաբաժանումների արևելյան խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին այսօր ժամանել է Բախմուտ, հաղորդում է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն, Սիրսկին ծանոթացել է քաղաքի պաշտպանության նպատակով իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ Բախմուտում ուկրաինական զորքերն «արժանի հարվածներ են հասնցում թշնամուն՝ շարունակելով պաշտպանել քաղաքը»։

«Բախմուտի պաշտպանության մեջ լուրջ ուժեր են ներգրավված, ինչը թույլ չի տալիս հակառակորդին կյանքի կոչել իր մտահաղացումները», - հայտարարել է Սիրսկին՝ ընգծելով, որ Բախմուտում ծավալված մարտերի գլխավոր նպատակը ժամանակ շահելն է։

«Դա մեզ թույլ կտա ուժեր կուտակել գարնանային հակահարձակման համար, որի մեկնարկը սարերի հետևում չէ», -նշել է ուկրաինացի գեներալը։

23:27 11.3.2023

«ԵՄ դիմելու է երրորդ երկրներին՝ խնդրելով ուժեղացնել բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման հանդեպ իրականացվող վերահսկողությունը, քանի որ մտավախություն ունի, որ դրանք կարող են օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ ռազմական նպատակներով», - այսօր գրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին։

Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ այս խնդրանքը նախևառաջ վերաբերելու է այն պետություններին, որոնցում, վերջին մեկ տարում ԵՄ-ից ներկրվող ապրանքների կտրուկ աճ է նկատվել։

Խոսքն, ըստ գործակալության, նախևառաջ Թուրքիայի, Արաբական Միացյալ էմիրությունների, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների մասին է։

23:26 11.3.2023

Ռուսաստանը պահանջել է մարտի 14-ին գումարել ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստ:

ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջին փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ «հարկ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը խոչընդոտող ռուսատյացության խնդիրը»:

«Այսօր մարտի 14-ին նիստ գումարելու հայտ ենք ներկայացրել, ռուսատյացությունը թույլ չի տալիս գտնել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ և կայուն լուծում: Իհարկե, կանդրադառնանք ռուսատյացությանը ոչ միայն Ուկրաինայում, այլև Արևմուտքում»,- ասել է Պոլյանսկին:

Նա նշել է, որ համազեկուցողների անունները կհրապարակվեն նիստի նախօրեին, ինչը թույլ կտա կանխել նրանց վրա ճնշումները թշնամաբար տրամադրված երկրների ներկայացուցիչների կողմից:

22:34 10.3.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Կիևում ընդունել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին:

Հանդիպման ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային ռուս-ուկրաինական պատերազմում ցուցաբերած աջակցության համար:

«Շնորհակալ եմ Ֆինլանդիային հրասայլերի հարցում մեզ ակտիվորեն օգնելու համար: Համոզված են, որ այս բնագավառում մեր համագործակցությունը համապատասխանում է և՛ Ուկրաինայի, և՛ Ֆինլանդիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հրամայականին»,- ասել է Զելենսկին:

«Մենք ապրում ենք խավարի ժամանակներում, բայց կա նաև հույս, և դա այն է, որ մենք միավորվել ենք, սատարում ենք սանկցիաներին, տնտեսական և ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային: Մենք միավորված ենք և պաշտպանում ենք մեր արժեքները, և Ուկրաինան ռազմի դաշտում իր պայքարով եվրոպական արժեքներն է պաշտպանում»,- ասել է վարչապետ Մարինը:

Նախագահ Զելենսկին Ֆինլանդիայի վարչապետին նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան ոչ մի կապ չունի «Հյուսիսային հոսք» անդրջրյա գազատարների ոչնչացման հետ:

12:30 10.3.2023

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ռազմական հանցագործություն է անվանել լույս հինգշաբթի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հրթիռակոծությունը։

«Այսօր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ՝ անցած գիշեր Ուկրաինային հասցված անկանոն հրթիռային հարվածներից հետո: Ռուսաստանի կանխամտածված հարվածը խաղաղ բնակչությանը և էներգացանցին ռազմական հանցագործություն է: Սա ամրապնդում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ շարունակել Ուկրաինայի բարեփոխումները նրա եվրոպական ճանապարհին», - գրել է ֆոն դեր Լայենը Twitter-ում:

Ավելի վաղ Ուկրաինայի հերթական հրթիռակոծումը դատապարտել էին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սպիտակ տան ներկայացուցիչները և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։

12:30 10.3.2023

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ռազմական հանցագործություն է անվանել լույս հինգշաբթի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հրթիռակոծությունը։

«Այսօր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ՝ անցած գիշեր Ուկրաինային հասցված անկանոն հրթիռային հարվածներից հետո: Ռուսաստանի կանխամտածված հարվածը խաղաղ բնակչությանը և էներգացանցին ռազմական հանցագործություն է: Սա ամրապնդում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ շարունակել Ուկրաինայի բարեփոխումները նրա եվրոպական ճանապարհին», - գրել է ֆոն դեր Լայենը Twitter-ում:

Ավելի վաղ Ուկրաինայի հերթական հրթիռակոծումը դատապարտել էին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սպիտակ տան ներկայացուցիչները և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG