Նյու Դելիում «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին մասնակցող Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըկարճ զրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
«Բլինքենը խնդրել է շփման մասին, նրանք ոտքի վրա են շփվել, բանակցություններ կամ հանդիպում չի եղել», - ասել է Զախարովան:
Ըստ անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի՝ կարճ զրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է երեք թեմաների:
Նա ռուսաստանցի պաշտոնակցին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունն Ուկրաինային:
Պետքարտուղարը հորդորել է Մոսկվային վերանայել ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը:
Բացի այդ, Բլինքենը կոչ է ռուսական կողմին ազատ արձակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին:
Նյու Դելիում «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին մասնակցող Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըկարճ զրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
«Բլինքենը խնդրել է շփման մասին, նրանք ոտքի վրա են շփվել, բանակցություններ կամ հանդիպում չի եղել», - ասել է Զախարովան:
Ըստ անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի՝ կարճ զրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է երեք թեմաների:
Նա ռուսաստանցի պաշտոնակցին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունն Ուկրաինային:
Պետքարտուղարը հորդորել է Մոսկվային վերանայել ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը:
Բացի այդ, Բլինքենը կոչ է ռուսական կողմին ազատ արձակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցով որևէ լուրջ առաջարկ մեկ տարի է՝ չի ստացվել:
Այդ մասին Լավրովն այսօր ասել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գումարված «Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում:
«Պարկեշտ չէ մեզ ուղղել բանակցելու կոչեր: Մենք երբեք լուրջ բանակցություններից չենք հրաժարվել: Լուրջ առաջարկներ անցյալ տարվա մարտ ամսից չենք ստացել»,- ասել է Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է. - «Մենք պետք է շարունակենք կոչ անել Ռուսաստանին՝ վերջ տալ ագրեսիայի իր պատերազմին և դուրս գալ Ուկրաինայից՝ հանուն միջազգային խաղաղության և տնտեսական կայունության»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «ահաբեկչական հարձակում» է անվանել Բրյանսկի շրջանում ուկրաինացիներին վերագրվող այսօրվա զինված հարձակումը:
«Դա հերթական հանցագործությունն է, տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, սովորական «Նիվա», որում քաղաքացիական անձինք են, երեխաներ, և կրակ են բացել», - ասել է Պուտինը:
Այդ մեկնաբանությամբ նա հանդես է եկել «Դաստիարակների դպրոց» պիլոտային կրթական ծրագրի մասնակիցների հետ առցանց հանդիպման ընթացքում:
Մոսկվան ուկրաինացիներին է վերագրում գրոհը: Մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Բրյանսկի շրջանում հարձակմանն ուկրաինացիների առնչության մասին Մոսկվայի լուրն անվանել է «կեղծիք»:
«Ռուսաստանում ուկրաինացի դիվերսանտների մասին պատմությունը դասական միտումնավոր սադրանք է: Դուք ձեր պարտիզաններից վախեցեք», - Թվիթերում գրել է Պոդոլյակը:
«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ կողմերից որևէ մեկի պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։
Ուկրաինայի հետ սահմանակցող Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ այսօր առավոտյան ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են շրջան:
Անվտանգության դաշնային ծառայությունը փոխանցել է, որ «այս պահին սահմանամերձ շրջանում ընթանում է սահմանախախտներին վնասազերծելու գործողությունը»:
Բոգոմազի փոխանցմամբ, «դիվերսանտները հայտնվել են Բրյանսկի շրջանի Կլիմովսկի ենթաշրջանի Լյուբեչանե գյուղի տարածքում»:
Նահանգապետն ասել է, որ ուկրաինացիները կրակ են բացել մի ավտոմեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, մի երեխա վիրավորվել է: Սուշանի գյուղն էլ ԱԹՍ-ի գրոհի է ենթարկվել:
Այլ մանրամասներ Բրյանսկի շրջանից դեռ չկան:
«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ այս պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 3-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այսօր ավելի վաղ մի անանուն աղբյուր խորհրդարանի ստորին պալատից՝ Պետական դումայից, ռուսական մամուլին փոխանցել է, որ այս նիստը կգումարվի այսօր և, հավանաբար, կանցկացվի առցանց ձևաչափով:
Օրակարգի մասին պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն «ուկրաինական անօդաչուների գրոհները ռուսական բնակավայրերի վրա և Բրյանսկի շրջանում ուկրաինացի զինվորականների իրագործած հարձակումը»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր գերմանական ռազմական կենտրոններում վարժական հավաքների են մասնակցել ավելի քան 3 հազար ուկրաինացի զինծառայողներ:
Նրա խոսքով՝ առաջիկայում այդ թիվը կավելանա: Այդ մասին կանցլերը հաղորդել է Բունդեսթագում:
«Ուկրաինացի զինծառայողների ուսուցման ծրագիրը սերտորեն կապված է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նմանօրինակ նախաձեռնությունների հետ, մեր երկիրը դառնում է Եվրոպայում ուկրաինացի զինծառայողների ուսուցման կենտրոնական հարթակը», - խորհրդարանի նիստում ասել է Շոլցը:
Նա վստահեցրել է, որ Գերմանիան շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային և, մասնավորապես, Marder տեսակի զրահամեքենաներ ու Leopard 1 և Leopard 2 տեսակների հրասայլեր, ինչպես նաև այլ տեխնիկա է ուղարկում ռուսական հարձակումից պաշտպանվող երկիր:
Շոլցի խոսքով, Գերմանիան 2022 թվականի փետրվարից սկսած ավելի քան 14 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Խոսքը ոչ միայն ռազմական, այլև մարդասիրական և ֆինասական օգնության մասին է:
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ռուսները հրթիռակոծել են Զապորոժիեն: Հրթիռներից մեկը հարվածել է 5-հարկանի շենքին: Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 6 բնակիչներ վիրավորվել են:
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ ռուսները С-300 համակարգի հրթիռով են հարվածել շենքին: Փլատակներից դուրս է հանվել 11 բնակիչ, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու» հոդվածով:
Երեկ երեկոյան ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ ավանի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Խարկովի շրջանի ուղղությամբ ռուսները երեք հրթիռ են արձակել, կան վիրավորներ: Եվս 16 հարված նրանք հասցրել են «Շահեդ» տեսակի իրանական արտադրության անօդաչուներով: Ուկրաինացիների փոխանցմամբ, ՀՕՊ-ը խոցել է անօդաչուներից մի քանիսը:
Այս գիշեր Ուկրաինայի շատ շրջաններում կրկին օդային տագնապ է հայտարարվել։
Զապորոժիեի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով ավերվել է հինգ հարկանի բնակելի շենք, փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնել են տեղի իշխանությունները։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգն ավելի արդյունավետ է դարձել՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցում են ռուսական զորքերի կողմից արձակված հրթիռների մեծ մասը, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ներկայացուցիչը։
«Ներկայումս խոցված հրթիռների տոկոսը շատ է փոխվել և կազմում է 80 տոկոս, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելին, մեր հակաօդային պաշտպանության մասնագետները դարձել են ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ», - ասել է նա։
Ուկրաինացիները Բախմուտում կատաղի դիմադրություն են ցույց տալիս, այսօր հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, Ռուսաստանի նախագահի հետ սերտ կապեր ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինը։
«Ուկրաինայի զինված ուժերը հավելյալ ռեզերվներ են ներգրավում Բախմուտում՝ փորձելով ամեն գնով թույլ չտալ քաղաքի անկումը։ Ուկրաինական բանակի տասնյակ հազարավոր մարտիկներ կատաղի դիմադրություն են ցուցաբերում։ Մարտերի արյունահեղությունն օրեցօր աճում է», - նշել է Պրիգոժինը։