Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ասել է, որ Ուկրաինայում պատերազմը «անհեթեթ է ու դաժան», և կրակը դադարեցնելու ու բանակցությունների կոչ է արել։
Երկու օրից լրանում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու մեկ տարին։ Հռոմի Պապն ասել է, որ դա «տխուր տարելից» է, և ինքը «մոտ է Ուկրաինայի նահատակ ժողովրդին»։
Ֆրանցիսկոսն ասել է, որ իրական հաղթանակը Ուկրաինայում չի կարող կառուցվել ավերակների վրա։
«Արդեն այս շաբաթ Միացյալ Նահանգներն ու դաշնակից պետությունները կհայտարարեն Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին», - երեքշաբթի երեկոյան Վարշավայում, դիմելով քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքված հազարավոր մարդկանց, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։
«Մեկ տարի առաջ աշխարհը սպասում էր Կիևի անկմանը։ Ես, սակայն, նոր եմ վերադարձել Կիևից և կարող եմ ձեզ զեկուցել՝ այն կանգուն է, հպարտ է և ամենակարևորը՝ այն ազատ է», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։
Ջոզեֆ Բայդենի խոսքով` Ռուսաստանի նախագահի նախապատերազմական հաշվարկներից որևէ մեկն այդպես էլ չարդարացավ՝ նախևառաջ ուկրաինացիների համառ դիմադրության և Հյուսիսատլանտան դաշինքի միասնության շնորհիվ։
«Պուտինն այլևս որևէ կասկած չունի մեր կոալիցիայի ուժի մեջ։ Նա, սակայն, դեռևս կասկածում է, թե որքանո՞վ ենք մենք նվիրված այս գործին, արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակական կլինի, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն միասնական կմնա։ Կասկածները, սակայն, անհիմն են։ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցությունն անսասան է, ՆԱՏՕ-ն չի պառակտվի, մենք էլ չեն հոգնի», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը։
«Ավտոկրատ առաջնորդին չի կարելի խաղաղեցնել, հակառակը՝ նրանց հարկավոր է ընդդիմանալ։ Այդպիսի առաջնորդները միայն մեկ բառ են հասկանում՝ ոչ։ Այնպես որ, Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակի չի հասնի», - ասում էր Բայդենը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ջո Բայդենի, Ռուսաստանի նախագահն իր առջև դրված գլոբալ խնդիրներին ևս չի կարողացել հասնել։ «Նրան թվում էր, թե Ուկրաինայի դեմ հարձակմամբ Արևմուտքը թուլանալու է, սակայն տեղի ունեցավ հակառակը», - համոզված է Միացյալ Նահանգների նախագահը։
Միացյալ Նահանգներն իր անսասան աջակցությունն է հայտնում Ուկրաինային և հանձնառությունն՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի արևելյան թևը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Միացյալ Նահանգների առաջնորդի Լեհաստանում ունեցած ելույթը հաջորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին հղած ուղերձին, որում նա հայտնեց՝ Մոսկվան սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին։
Բայդենն իր ելույթում նաև արձանագրեց՝ Ուկրաինան ամուր կանգնած է ռուսական ներխուժումից մեկ տարի անց, և Մոսկվան երբեք չի հաղթի իր հարևանին։ Միաժամանակ նա մերժեց Մոսկվայի պնդումները, թե Արևմուտքը ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա:
«Եվս մեկ անգամ ասում եմ՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի ազգերը չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա», - ընդգծեց Բայդենը։
Լեհաստան Ջոզեֆ Բայդենը մեկնել էր Կիևից։
Ռուսական բանակը շարունակում է գրոհներն Ուկրաինայում: Խերսոնում այսօր հրետակոծվել է հանրային շուկան և հասարակական տրանսպորտի կանգառներից մեկը: Զոհվել է առնվազն 6 բնակիչ, ևս 12 մարդիկ վիրավորվել և հիվանդանոց են փոխադրվել:
«Ռուսական կառավարությունը ծանր հարվածների է ենթարկում Խերսոնը, նորից անխնա սպանվում են խաղաղ մարդիկ»,- Տելեգրամ-ալիքում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ռուսները «Գրադ» տեսակի հրթիռներով են հարվածել Խերսոնին: Քաղաքն ամիսներ շարունակ գրեթե մշտապես գրոհների է ենթարկվում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի օրենսդիրներին, հրավիրված բարձրաստիճան քաղաքական ու հանրային գործիչներին հասցեագրված ամենամյա ուղերձում այսօր հայտարարել է, թե Արևմուտքն է սանձազերծել ներկայիս պատերազմը:
«Ռուսաստանը չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ, Ուկրաինայի ժողովուրդը դարձել է կիևյան ռեժիմի և դրա արևմտյան տերերի պատանդը»,- հայտարարել է Պուտինը:
Նա պնդել է, թե Ռուսաստանն ամեն բան արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ եղանակով կարգավորելու համար, «սակայն նրա թիկունքում բոլորովին այլ սցենար է մշակվել»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին՝ ուշ երեկոյան Ուկրաինայից մեկնել է Լեհաստան:
Ուկրաինա կատարած անակնկալ այցի ընթացքում Բայդենը հանդիպել է իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ և ռազմական ու ֆինանսական նոր օգնություն է խոստացել ռուսների ագրեսիան դիմագրավող երկրին:
Ջո Բայդենը վարշավյան այցի ընթացքում հանդիպում է նախագահ Անջեյ Դուդայի հետ: Երկու ղեկավարները քննարկելու են Ուկրաինային սատարելու և, մասնավորապես, նոր սպառազեն ու մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը:
ԱՄՆ նախագահը Վարշավայում պետք է հանդես գա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով:
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հանդիպում է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Մելոնին մտադիր է նաև այցելել այս պատերազմում ռուսական բանակի վայրագությունների թիրախ դարձած Բուչա և Իրպեն բնակավայրեր: Դա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա:
Իտալիայի վարչապետը մի քանի առիթներով ընդգծել է, որ Հռոմը միանշանակ սատարում է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության դիրքորոշումը և կշարունակի աջակցություն տրամադրել Կիևին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց: Այդ մասին համապատասխան նախազգուշացումը տեղադրվել է արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում:
Նախարարությունը հորդորում է առավելապես զգոն լինել փետրվարի 20-26-ի ընթացքում, երբ Ռուսաստանում նախատեսվում են մի շարք պաշտոնական միջոցառումներ, որոնց կապակցությամբ տեղական իշխանությունները կձեռնարկեն անվտանգության լրացուցիչ միջոցներ:
Նախարարության էջում ուղիղ չի նշվում, մինչդեռ, վերլուծաբանների համոզմամբ, խոսքը Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման առաջին տարվա, նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաամյա ուղերձի, խորհրդարանի երկու պալատների արտահերթ նիստերի և ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա միջոցառումների մասին է:
Արդեն Ռուսաստանի տարածքում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում զգոնություն դրսևորել և խուսափել մարդկանց մեծ կուտակումներից:
Նախարարությունը նշում է, որ կոնֆլիկտային իրավիճակների ծագման դեպքում, օրինակ, եթե երկքաղաքացիներին ռուսները զորակոչի ենթարկեն, Գերմանիան հյուպատոսական օգնություն չի կարող ապահովել այդ մարդկանց համար:
Նախարարությունը նաև կոչ է անում չմեկնել Ուկրաինայի սահմաններին մոտ գտնվող ռուսաստանյան շրջաններ:
Եվրամիությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի Ուկրաինան ունենա բավականաչափ զինամթերք ռուսական ներխուժմանը դիմակայելու համար, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։
«Սա ամենահրատապ խնդիրն է։ Եթե մենք դրանով չզբաղվենք, պատերազմի արդյունքը վտանգված կլինի»,- ասել է Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:
«Ռուսական հրետանին օրական արձակում է մոտ 50 հազար կրակոց, և Ուկրաինան պետք է ունենա նույն մակարդակի կարողություններ»,- հավելել է նա:
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, հաղորդում է Եվրամիության պաշտոնական պարբերականը։
Ընդգծվում է, որ «Եվրամիությունը հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում»։
ԵՄ խորհուրդը նախօրեին արտգործնախարարների մակարդակով քննարկել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, հայտնել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։