Մատչելիության հղումներ

Իտալիայում չեղարկել են ռուսաստանցի դաշնակահար Մացուևի համերգները


Ռուսաստանցի դաշնակահար Դենիս Մացուև, արխիվ
Ռուսաստանցի դաշնակահար Դենիս Մացուև, արխիվ

Pianistico միջազգային երաժշտական մրցույթի ղեկավարները չեղյալ են հայտարարել Բերգայում և Բրեշայում ռուսաստանցի աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի ելույթները:

Փառատոնի կայքում ասվում է, որ այդ որոշումն ընդունվել է Ռուսաստանի քայլերը և նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը բազմիցս անվերապահորեն հրապարակավ սատարելու Մացուևի դիրքորոշման առնչությամբ:

Ավելի վաղ Arts Against Aggression («Արվեստներն ագրեսիայի դեմ») կազմակերպության ակտիվիստները, ինչպես նաև Իտալիայում Ուկրաինայի դեսպան Յարոսլավ Մելնիկը Բերգամոյի և Բրեշայի քաղաքապետերին դիմել են Մացուևի համերգներն արգելելու ուղերձներով:

Իտալական սոցիալական կլայքերում հայտնվել է այդ ուղերձով բաց նամակ, որը ստորագրել են հազարից ավելի օգտատերեր:

Արձագանքելով հանրային դիմումներին՝ երկու քաղաքապետերը պաշտոնական կայքէջերում տեղադրել են պատասխանը:

«Ուկրաինայի ժողովրդի հանդեպ մեր կարեկցանքից դրդված և ուկրաինացիներին առավել քան երբևէ մեր դրկիցները համարելով՝ մենք խնդրում ենք Pianistico փառատոնին չեղյալ հայտարարել Դենիս Մացուևի համերգները», - ասվում է Բերգամոյի և Բրեշայի քաղաքապետերի պատասխան նամակում:

Arts Against Aggression կազմակերպությունը փորձում է նաև հասնել Արեցոյում՝ Պետրարկայի թատրոնում ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի համերգների չեղարկմանը, քանի որ երգչուհին հանդիսացել է Պուտինի վստահված անձը: Անցյալ տարվա փետրվարին նա ասել է, թե դատապարտում է պատերազմը, բայց մնում է հայրենասեր և ռուսական մշակույթի նվիրյալ:

«Ես ուզում եմ մնալ և՛ մարդ, և՛ մշակութային գործիչ, նույնիսկ եթե դրա համար պահանջվի երկու աթոռների վրա նստել», - ասել է Նետրեբկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG