Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

21:06 3.2.2023

Վաշինգտոնը և Մոսկվան կտրականապես հերքում են Neue Zürcher Zeitung շվեյցարական օրաթերթում վերջերս հրապարակված լուրն այն մասին, թե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն, իբրև թե, հունվարին գաղտնի այց է կատարել Մոսկվա և ռուսներին առաջարկել է ստանալ Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդն ու այդպես ավարտել պատերազմը:

Neue Zürcher Zeitung-ը գրել է, թե Բըրնսը Սպիտակ տան կողմից է նման առաջարk ներկայացրել ռուսական կողմին:

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տեղակալ Շոն Դևիթն ասել է, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, «կեղծիք» է անվանել շվեյցարական թերթի հրապարակումը:

«Հունվարի՞ն: Ոչ, նման բան չի եղել, այդ ամբողջ հոդվածը սուտ է»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Տեղեկությունը հերքել և «բացարձակ կեղծիք» է անվանել նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա:

18:14 3.2.2023

Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան BBC հեռուստառադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում՝ ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու հարցին:

«Ուկրաինան որևէ վատ բան չի արել Իրանին: Որքան էլ շահավետ լինի Ուկրաինայի դեմ ռուս-իրանական համագործակցությունը, հավատացնում ենք, որ դրա բացասական հետևանքներն անգամներով շատ կլինեն: Իրանը կամիկաձե-անօդաչուներ է տալիս ռուսներին, Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը, մնացածը թող Իրանը որոշի»,- ասել է Կուլեբան:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է երկու պետությունների դիվանագիտական կապերի խզում, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը համապատասխան որոշման նախագիծն արդեն փոխանցել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

«Կարգադրությունը կարող է ցանկացած պահին ստորագրվել, դա կախված կլինի Իրանի հետագա քայլերից»,- ասել է Դմիտրո Կուլեբան:

18:13 3.2.2023

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես արտոնեց Leopard 1 տեսակի հրասայլերի տրամադրումն Ուկրաինային: Այդ մասին հայտնեց կառավարության խոսնակ Շտեֆան Հեբեշտրայտը:

«Կարող եմ հաստատել, որ թույլտվությունը տրվել է, այլ ինֆորմացիա չունեմ»,- ասել է խոսնակը:

Գերմանիայի բանակն այլևս չի օգտագործում Leopard 1 տեսակի հրասայլեր: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ դրանք արտադրած գերմանական գործարանները պահեստներից կարող են այդ զրահատեխնիկան ուղարկել Ուկրաինա:

Հունվարի 25-ին Միացյալ Նահանգները հաղորդել է, որ Կիևին կփոխանցի M1 Abrams տեսակի 31 հրասայլ: Նույն օրը Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Ուկրաինա կուղարկի Leopard 2 տեսակի 14 հրասայլ և ուրիշ երկրներին թույլ կտա դրանք տրամադրել Կիևին:

15:56 3.2.2023

Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինային զենք տրամադրելու հարցում ոչ մի սահմանափակում չպետք է լինի: Այդ մասին նա ասել է Bloomberg հեռուստակայանին տված հարցազրույցում:

«Մենք չպետք է ինչ-որ շեմ սահմանենք Ուկրաինային զենք ու տեխնիկա տալու հարցում: Միակ բացառությունը պետք է միջուկային սպառազենը լինի»,- ասել է Պավելը:

Նա ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուղիղ եղանակով մասնակցի ռուս-ուկրաինական պատերազմին:

Պետր Պավելը Չեխիայի բանակի պաշտոնաթող գեներալ է, ժամանակին ղեկավարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն և Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նա Չեխիայի նախագահի պաշտոնը կստանձնի այս տարվա մարտի 9-ին:

14:33 3.2.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «հատուկ ռազմական օպերացիան» [Մոսկվան այդպես է անվանում ռուս-ուկրաինական պատերազմը] շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները սպառնալիքներից ոչ ամբողջությամբ են պաշտպանված:

Այդպես նա արձագանքել է Դոնբասի և Ղրիմի ազատագրման նպատակով հարձակողական գործողություններին մասնակցելու համար նոր գրոհային բրիգադներ ստեղծելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Դոնբասը դեռ ամբողջությամբ չէ պաշտպանված, ուստի, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց: Այդ նպատակին ամբողջությամբ չենք հասել, դա դեռ պետք է անել»,- ասել է Պեսկովը և ավելացրել, թե Ղրիմի անվտանգությունը հուսալիորեն է ապահովված:

14:09 3.2.2023

Ամիսներ տևած քննարկումներից հետո ԱՄՆ-ը համաձայնել է հեռահար ռումբեր ուղարկել Ուկրաինա: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտոնյաները:

Վաշինգտոնը ցամաքային ռումբեր կմատակարարի որպես 2,17 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մաս, որի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի այսօր:

Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ը կուղարկի չճշտված թվով փոքր տրամագծով ռումբեր՝ 150 կիլոմետր հեռահարությամբ:

14:02 3.2.2023

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր և սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ և վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի համատեղ հետաքննության մեջ։

Բաց աղբյուրներից լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեևկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։ Հետաքննողներին հաջողվել է պարզել արհեստագործական ուսումնարանի հրթիռակոծման հետևանքով զոհված 101 ռուս զինվորների անունները, որոնցից 99-ը մոբիլիզացվածներ են։ Առնվազն 18 այլ զինվորների ընտանիքներ չեն կարողանում գտնել իրենց զավակներին մահացածների կամ ողջերի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Մակեևկայում 89 զինծառայողի մահը։

14:01 3.2.2023

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել մահացած կնոջ դի, գրել է Գոնչարենկոն Facebook-ում։

21:45 2.2.2023

«Անհավանական է, բայց փաստ է՝ մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով, որոնց վրա խաչեր կան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ առաջին անգամ մեկնաբանելով գերմանական տանկեր Կիև մատակարարելու Բեռլինի որոշումը։

Ելույթ ունենալով Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգին, Պուտինը պնդել է, թե Ռուսաստանը արևմտյան տանկերի, այդ թվում՝ Leopard-ների մատակարարմանն էլ կարող է պատասխանել , «և զրահատեխնիկայի կիրառմամբ էլ գործը չի ավարտվի»։

Ամիսներ տևած քննարկումների արդյունքում ընդունված որոշման մասին խոսելիս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է, որ Բեռլինը կանի ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որպեսզի պատերազմը վերածվի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության։

21:42 2.2.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և 15 եվրոկոմիսարներ ժամանել են Կիև։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունների հետ նախատեսված հանդիպումների օրակարգում ԵՄ-ին Կիևի անդամակցությանը հարցն է։

Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության, քննարկումների ընթացքում կողմերը «կարծիքներ կփոխանակեն ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության բազմաթիվ ոլորտների շուրջ, կքննարկեն ապագա վերակառուցումը, ինչպես նաև երկրի եվրոպական ուղին»:

Կիևում նախատեսված Ուկրաինա-Եվրոպական միություն գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելը, ինչպես ակնկալվում է, առաջին անգամ բարձր մակարդակով գնահատական կտա, թե որքանով է Ուկրաինան մոտեցել Եվրամիության անդամակցությանը վերջին յոթ ամսվա ընթացքում։

Երկիրը դաշինքին միանալու հայտ է ներկայացրել անցած գարնանը և արդեն հունիսին ստացել անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG