Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meduza-ն երկրում անցանկալի կազմակերպություն է ճանաչել:
Կարգավիճակը նշանակում է, որ հրատարակության հետ համագործակցությունը կարող է քրեական հետապնդման պատճառ դառնալ ՌԴ քաղաքացիների համար։
Դատախազությունը պնդում է, թե Meduza-ի իրավաբանական անձը «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի և անվտանգության հիմքերի համար»։
Մինչ այս Proekt և The Insider հրատարակությունների խմբագրություններն էին ներառվել անցանկալի կազմակերպությունների ցանկում։
Meduza-ն հիմնադրվել է 2014 թվականին, խմբագրությունը բացվել է Ռիգայում։ Այն Ռուսաստանում ամենահայտնի լրատվական կայքերից է։ Գործարկման պահին թիմի կորիզը կազմված էր Մայդանում իրադարձությունների մեկնարկից հետո գրաքննվող Lenta.ru նախագիծը լքած լրագրողներից: 2021 թվականի ապրիլին խմբագրությունը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»։ Խմբագրությունը մնաց առանց գովազդատուների, ստիպված եղավ հրաժարվել Ռիգայում և Մոսկվայում գրասենյակներից, կրճատել ծախսերը և գործնականում դադարեցնել համագործակցությունը ազատ գործող լրագրողների հետ։
Meduza-ին որպես անցանկալի կազմակերպություն ճանաչելու որոշումից հետո հրատարակությունը դադարեցրել է նշել իր նյութերը որպես «օտարերկրյա գործակալի»։
Meduza-ն հրապարակում է լրագրողական հանրության արձագանքները Ռուսաստանի իշխանությունների որոշմանը։Meduza-ին աջակցել են, մասնավորապես, Dozhd-ը, Republic-ը , Paper-ը, Novaya Gazeta. Եվրոպա-ն, մի շարք այլ լրատվամիջոցներ, խմբագիրներ և լրագրողներ:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգշաբթի օրը պահանջել է ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար ռուսաստանցի և բելառուսցի առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ձայների 100 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների ներկայացուցիչներն ընդունեցին բանաձև՝ ուղղված քաղաքացիական և զինվորական առաջնորդների դեմ, ովքեր «ծրագրել, նախապատրաստել, սկսել կամ իրականացրել են» ագրեսիա Ուկրաինայի դեմ: Անուններ չեն նշվել։
Եվրոպայի խորհուրդը միավորում է ավելի շատ երկրներ, քան Եվրամիությունը, ներառյալ՝ նախկին խորհրդային հանրապետությունները, ինչպիսին են Հայաստանը և Ադրբեջանը, Մոլդովան: Հայաստանի պատվիրակները քվեարկությանը չեն մասնակցել, ադրբեջանցի երկու խորհրդարանական կողմ է քվեարկել բանաձևին:
Եվրախորհրդարանը, որը ներկայացնում է Եվրամիության անդամ 27 երկրները, նախորդ շաբաթ նմանատիպ տեքստ է ընդունել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե հետաքրքրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով:
«Դրանք [բանակցությունները] ինձ համար հետաքրքիր չեն: Հետաքրքրված չեմ հանդիպել նրան, զրուցել նրա հետ: Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է հիմա որոշումներ կայացնում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին Sky News բրիտանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա ավելացրել է, թե Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայից» հետո Պուտինն իր համար «ոչ ոք է դարձել»:
Ավելի վաղ Զելենսկին հատուկ հրամանագրով արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, որ Մոսկվայի և Կիևի բանակցությունները հիմա իսկապես անհնարին են, «քանի որ դրանց համար պայմաններ չկան ոչ դե-ֆակտո, ոչ էլ դե-յուրե»:
Ռուսաստանն այսօր նորից հրթիռակոծել է Ուկրաինայի բնակավայրերը: Դրան վաղ առավոտյան նախորդել է մարտական ԱԹՍ-ների գրոհը: Զոհվել է 11 մարդ, նրանցից առնվազն մեկը՝ մայրաքաղաք Կիևում:
Պայթյուններ են որոտացել նաև Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Օդեսայի և Զապորոժիեի շրջաններում: Կիևում բնակիչներն ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայաններում:
Ռուսները թիրախավորել են կենսական նշանակության ենթակառուցվածքը, մասնավորապես, էներգետիկայի համակարգը: Մի շարք շրջաններում հոսանքի մատակարարումն ընդհատվել է:
Ուկրաինացիներն այսօր հաղորդել են առնվազն 24 ռուսական գրոհային անօդաչուներ վայր գցելու մասին: Ռուսները Կիևի վրա ավելի քան 15 հրթիռ են արձակել:
Ռուսաստանն այսօր նորից հրթիռակոծել է Ուկրաինայի բնակավայրերը: Դրան վաղ առավոտյան նախորդել է մարտական ԱԹՍ-ների գրոհը: Զոհվել է 11 մարդ, նրանցից առնվազն մեկը՝ մայրաքաղաք Կիևում:
Պայթյուններ են որոտացել նաև Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Օդեսայի և Զապորոժիեի շրջաններում: Կիևում բնակիչներն ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայաններում:
Ռուսները թիրախավորել են կենսական նշանակության ենթակառուցվածքը, մասնավորապես, էներգետիկայի համակարգը: Մի շարք շրջաններում հոսանքի մատակարարումն ընդհատվել է:
Ուկրաինացիներն այսօր հաղորդել են առնվազն 24 ռուսական գրոհային անօդաչուներ վայր գցելու մասին: Ռուսները Կիևի վրա ավելի քան 15 հրթիռ են արձակել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հրասայլերի և այլ սպառազենի փոխանցումը Կիևին վկայում է այդ հակամարտությանն Արևմուտքի ուղղակի մասնակցության մասին:
«Եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում մշտապես հավաստիացնում են, թե սպառազենի տրամադրումը չի նշանակում ներգրավում, բայց մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը: Նշված մայրաքաղաքների գործողություններն ուղղակի մասնակցության վկայություններ են, և այդ միտումը հետզհետե ուժեղանում է», - ասել է Պեսկովը:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքը վկայում է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն շարունակում են միջոցներ ձեռնարկել այն երկարաձգելու և ռազմական առճակատման կողմ դառնալու համար», - այսօր ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական զինակից Նիկոլայ Պատրուշևը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին գերմանական ռազմական հրաձգարաններում կմեկնարկի ուկրաինացի զինծառայողների ուսուցումը:
Այդ մասին նախարարը հայտնել է Անտենգրաբովի հրաձգարանում: Նա ասել է, որ ուկրաինացիները նախ պետք է սովորեն մարտեր վարել Marder տեսակի զրահամեքենաներով, ապա՝ Leopard 2 տեսակի հրասայլերով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը երեկ, որոշ տեխնիկական ընդհատումներով, ցուցադրվել է Ռուսաստանի Բելգորոդի և Կրասնոդարի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում:
Ուղերձը հեռարձակվել է СТС և ТНТ ռուսաստանյան հեռուստաընկերությունների ամենօրյա սովորական ծրագրերի փոխարեն: Հեռարձակումը ժամանակ առ ժամանակ անհետացել և վերականգնվել է:
Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովի փոխանցմամբ, ռուսական եթերում Ուկրաինայի նախագահի ուղերձի հեռարձակումն ամերիկացիների օգնությամբ կատարված հաքերային միջամտության հետևանք է: «Ռազմաճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն, դրա համար էլ նրանք հաքերային գրոհների են դիմում», - ասել է Կրյուչկովը:
Բելգորոդի իշխանություններն էլ հայտնել են, թե «տեղի է ունեցել արբանյակից ստացվող ազդանշանի ապօրինի փոփոխություն»:
Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինային մարտական կործանիչներ տրամադրելու հնարավորությունը:
Այդ մասին հայտնում է Politico հանդեսը, որը վկայակոչում է արևմտյան բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին:
«Ուկրաինային հրասայլեր փոխանցելու համար պայքարը սոսկ սկիզբն էր, հաջորդ քայլը կործանիչների տրամադրումը կլինի»,- Politico-ին ասել է եվրոպական երկրներից մեկի անանուն դիվանագետը:
Օդանավերի խնդիրն ավելի բարդ է հրասայլերի համեմատությամբ: Եվրոպայում մեծ թվով կառավարություններ այլևս կասկածի տակ չեն առնում դրա նպատակահարմարությունը, բայց և մտահոգություն ունեն, որ օդանավերի տրամադրումն է'լ ավելի կսրի Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը:
Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրների առաջնորդներին՝ տանկեր տրամադրելու որոշումն ընդունելու համար։
Նա նշել է, որ դրանք պետք է անհապաղ Ուկրաինա մատակարարվեն։
Երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահը նաև Արևմուտքին զգուշացրել է հեռահար հրթիռներ և կործանիչներ ուղարկելու մասին։