Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

21:06 7.1.2023

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը «Ռոսիա-1» հեռուստաընկերության հարցազրույցում պնդել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, որ դուրս է եկել Կիևի մկրտության ավազանից, բայց արդեն շատ մեծ ժողովուրդ են՝ Սպիտակ ծովից մինչև Սև ծով։ Նրա խոսքով՝ այդ մեծությունը հարևանների մոտ միշտ վախ, նախանձ է առաջացրել, դեռ հին ժամանակներից արտաքին ուժերը ձգտել են բաժանել այդ ժողովուրդը, մի մասին հանել մյուսի դեմ։

Պատրիարքն ասել է, որ այսօր Ուկրաինայում ամեն ինչ արվում է, որպեսզի ուկրաինացիները Ռուսաստանին թշնամի համարեն, իսկ ռուսներին՝ ուրիշ ժողովուրդ, բայց եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որ ոչ մի դեպքում ուկրաինացիներն ու ռուսները թշնամի չդառնան։

Նախկինում Վլադիմիր Պուտինը ևս ասել էր, որ ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են՝ արժանանալով ուկրաինական կողմի քննադատությանը։

21:04 7.1.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պնդել է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում պահպանում են հրադադարի ռեժիմ և միայն պատասխանում են ուկրաինական կողմի հարձակումներին։

Նա ասել է, որ վերջին օրվա ընթացքում ռուսական ուժերը չորս ուղղություններով հետ են մղել ուկրաինացիների գրոհները։ Ըստ Կոնաշենկովի հայտնած տվյալների՝ պատասխան հարվածներով ոչնչացվել է 120 ուկրաինացի զինվոր, մի քանի զրահամեքենա և հրետանային միջոց։

21:02 7.1.2023

Ռուսական զորքերը հունվարի 6-ին չեն դադարեցրել ուկրաինական տարածքների վրա հարձակումները, չնայած Վլադիմիր Պուտինի հրադադարի հայտարարությանը, անցած գիշեր ասել է Լուգանսկի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Հրետակոծությունը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, մեր դիրքերի վրա գրոհների փորձերը ինչպես կային, այնպես էլ մնում են», - հայտարարել է Գայդայը։

21:00 7.1.2023

Ռուսաստանյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են դարձնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայնակ է մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։

Նա այցելել է Կրեմլի տարածքում գտնվող եկեղեցի, որտեղ նրանից բացի միայն հոգևորականներ են երևում։ Սա վկայում է «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժը։

Սուրբ Ծննդյան շհորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ռուսաստանյան եկեղեցական կազմակերպությունները հանդես են գալիս ազգամիջյան և միջկրոնական խաղաղության ու համաձայնության օգտին, պաշտպանում են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին։

Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 7-ին։

12:30 7.1.2023

Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ուկրաինային ավելի քան 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որն առաջին անգամ ներառում է Bradley հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և Sea Sparrow զենիթային հրթիռներ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ռազմական օգնության խոշորագույն փաթեթներից մեկում 2,85 միլիարդ դոլարը նախատեսված է Պենտագոնի պահեստներից սպառազինության տրամադրման համար, ևս 285 միլիոնը կհատկացվի Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:

Փաթեթում ներառված են, մասնավորապես, 50 Bradley հետևակի մարտական մեքենաներ՝ 500 հակատանկային հրթիռներով և 250 հազար 25 մմ տրամաչափի արկերով, 100 միավոր M113 զրահամեքենա, 18 ինքնագնաց հաուբից, հարյուրավոր հրթիռներ և ավիահրթիռներ, այդ թվում՝ բարձր ճշգրտության, տասնյակ հազարավոր արկեր, HIMARS համակարգերի զինամթերք, Sea Sparrow զենիթային հրթիռներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, հակահետևակային ականներ և այլ սպառազինություն:

12:29 7.1.2023

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնք կապված են ռուսական բանակին «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցների սահմանափակումներ են մտցվել վեց գործադիրների և իրանական պաշտպանական արտադրանքի հիմնական արտադրող «Qods Aviation Industries» (QAI) տնօրենների խորհրդի անդամների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրեն Նադեր Խուն Սիավաշի նկատմամբ, որը «պատասխանատու է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերահսկման համար»։

12:26 7.1.2023

Գերմանիան ցանկանում է 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Ուկրաինային փոխանցել Marder տեսակի շուրջ 40 զրահամեքենաներ:

«Ինչ վերաբերում է Marder-ներին, մենք մտադիր ենք մոտ մեկ գումարտակի հաշվով ուղարկել, դա մոտ 40 մեքենա է: Դրանք պատրաստ կլինեն առաջին եռամսյակում: Փորձագետների կարծիքով, ուսումնական շրջանը կտևի երկու ամիս, ուկրաինացի զինծառայողների համար դասընթացները տեղի կունենան Գերմանիայում»,- ասել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը:

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի նաև Patriot տեսակի ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր:

12:25 7.1.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 6-ին միակողմանի հրադադար է հայտարարել՝ Ուկրաինան շարունակել է ռազմական գործողությունները:

Նրա փոխանցմամբ, «Կիևի ռեժիմը չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները: Ուկրաինական բանակը հրետանային կրակ է բացել բնակելի թաղամասերի և ռուսական ուժերի վրա Բելոհրիվկա, Նովոպալիվկա ավանների շրջանում»:

Կոնաշենկովը հավաստիացրել է, որ ռուսական կողմը պատասխան կրակով «լռեցրել է հակառակորդին»:

20:06 6.1.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիներ դեռ չեն ուրվագծվում: Այդ մասին նա խոսել է Պորտուգալիայի մայրաքաղաքում Լիսաբոնի համալսարանի 2020 թվականի մրցանակը ստանալուց հետո:

«Ըստ իս, մենք դեռ շատ հեռու ենք այն պահից, երբ կարող ենք լրջորեն խոսել խաղաղության բանակցությունների մասին: Հիմա պետք է ամեն բան անել պատերազմի բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտւղարը:

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել պատերազմը դադարեցնելու գործում:

«Բայց մի օր խաղաղությունը կգա, և այն հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գուտերեշը:

20:04 6.1.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մոլորակի ուղղափառներին շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ և կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար:

Այդ ուղերձով կաթոլիկ եկեղեցու հովվապետը դիմել է Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում երեկ կիրակնօրյա պատարագին ներկա տասնյակ հազարավոր հավատացյալներին:

«Հատկապես ուզում եմ խոսքս ուղղել Ուկրաինայում մեր տառապող քույրերին և եղբայրներին, ուզում եմ շնորհավորել Սուրբ Ծնունդի առիթով: Թող Փրկչի Ծնունդը հույս տա, ոգևորի և հուշի քայլերը, որոնք կտանեն դեպի պատերազմի ավարտ և խաղաղության հաստատում: Աղոթենք Ուկրաինայի համար»,- ասել է Հռոմի քահանայապետը:

Անցյալ տարվա փետրվարի 24-ից սկսած, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրեթե բոլոր հանրային ելույթներում անդրադարձել է պատերազմին և Մոսկվային կոչ է արել ավարտել արյունահեղությունը: Նա այդ հարցով դիմել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG