Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ այս ամսվա ընթացքում հանդիպելու է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։
Ուկրաինական հեռուստատեսության եթերում նա ասել է, որ նախատեսվում է քննարկել քաղաքացիական անձանց ազատ արձակելու հարցերը։
«Մեր կողմից մշակված շատ տարբերակներ կան, բայց չգիտենք` արդյո՞ք Ռուսաստանը դրանց հետ համաձայն կլինի», - ասել է Ուկրաինայի օմբուդսմենը։
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են գիշերը Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Դրուժկովկա քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն Տելեգրամի իր ալիքում գրել է, որ «մեկ հրթիռ ընկել է հենց քաղաքի վրա, հայտնի է, որ երկու վիրավոր կա, և մեկ հրթիռ խոցել է Յակովլևկա գյուղը»:
Ըստ ուկրաինական Տելեգրամ ալիքների՝ հարվածից հետո հրդեհվել է քաղաքում տեղակայված Altair սառցե արենայի շենքը։
Ուկրաինան և Եվրամիությունը մեկ ամսից գագաթնաժողով կանցկացնեն Կիևում՝ քննարկելու ԵՄ ֆինանսական և ռազմական աջակցությունը, ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ Վլադիմիր Զելենսկին այս տարվա իր առաջին հեռախոսազրույցում խոսել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման մանրամասների մասին։
«Կողմերը քննարկել են փետրվարի 3-ին Կիևում անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա հերթական գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները և պայմանավորվել են ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։
Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի հետագա հզորացման ուղիները՝ «համապատասխան զենք մատակարարելու միջոցով», ինչպես նաև Ուկրաինային 19 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության նոր ծրագիրը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին պնդել է, որ առաջին տրանշը պետք է ուղարկել այս ամիս, ասվում է հաղորդագրությունում։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևի գործընկերներին կոչ է արել շարունակել իրենց աջակցությունը նոր տարում։
«Մինչ պատրաստվում ենք ձմռան ևս երկու ամիսներին և մտնում ենք նոր՝ 2023 թվական, մենք կոչ ենք անում Ուկրաինայի գործընկերներին մնալ ամուր և շարունակել աջակցել մեր երկրին: Ուկրաինայի հաղթանակը հաղթանակ կլինի ամբողջ աշխարհի համար, այն բոլորիս կբերի խաղաղություն և բարգավաճում», - գրել է Կուլեբան Թվիթերում։
2023 թվականի երկու օրվա ընթացքում արդեն խոցվել է Ռուսաստանի կողմից արձակված ավելի քան 80 կամիկաձե անօդաչու թռչող սարք, երեկոյան ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի պատերազմում առնվազն 538 մոբիլիզացված ռուսաստանցի է մահացել: BBC-ն և «Մեդիազոնա»-ն համատեղ իրականացրել են մահացածների անուններով հաշվարկ և շեշտում են՝ օգտվել են բացառապես բաց աղբյուրներից:
Զոհերի իրական թիվը, լրագրողների կարծիքով, կարող է շատ ավելի մեծ լինել:
Ընդ որում, երեկ հրապարակված այս թիվը չի ներառում Ամանորի գիշերը Դոնեցկի մարզի Մակեևկայում զորանոցի հրետակոծության ժամանակ զոհվածների մասին տվյալները, քանի որ նրանց անունները դեռ հայտնի չեն:
«Ամանորի գիշերը ուկրաինական կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր ռուսաստանցի զինվորականներ են զոհվել», - պնդում են մի շարք իշխանամետ ռուսական տելեգրամյան ալիքներ՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մակեևկա քաղաքում։
Ռուսական աղբյուրները պնդում են, որ զոհերի մեծ մասը զորահավաքի ենթարկված պահեստազորայիններ էին, որոնք տեղակայվել էին Մակեևկայի թիվ 19 պրոֆտեխուսումնարանի շենքում։ Նույն աղբյուրների տեղեկություններով՝ ուկրաինական զորքերը զորանոցի վերածված ուսումնարանը հրթիռակոծել էին ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից։
Իշխանամետ "Царьград" ալիքի պնդմամբ՝ զոհերի թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Մեկ այլ իշխանամետ ալիք՝ "Оперативные сводки"-ն պնդում է, որ զոհերի թիվը հասնում է 500-ի։
Ուկրաինական բանակի Ռազմավարական հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 400, վիրավորվել` 300 ռուսաստանցի զինվորական։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունները, որ ուկրաինական ուժերը Ամանորի գիշերը հրթիռակոծել են Մակեևկան, ինչի հետևանքով ռուսական կողմը ծանր կորուստներ է կրել։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հունվարի 2-ի հաղորդագրության համաձայն՝ «ռուսաստանցի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրի ուղղությամբ HIMARS համակարգերից արձակված չորս հրթիռների պայթյունների հետևանքով 63 զինծառայող է զոհվել»։
Իրանը կրկին պնդում է, որ Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։
«Այն երկրները, որոնք պարբերաբար հանդես են գալիս նման մեղադրանքներով, այդպես էլ չեն կարողացել իրենց այդ պնդումները հաստատող որևէ փաստ ներկայացնել», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը զիջման նշաններ ցույց չի տալիս, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Յենս Ստոլտենբերգը BBC-ին ասել է, որ ռազմական աջակցությունը կապահովի Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան երկրի գոյատևումը և կստիպի Ռուսաստանին նստել և բանակցել պատերազմի ավարտի մասին։
Ռուսաստանի առաջնորդը մեղադրում է Արևմուտքին Ուկրաինային իր երկիրը ոչնչացնելու համար օգտագործելու մեջ։
Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինային Ամանորին։
«Ուկրաինական ուժերը մի քանի ամսվա ընթացքում ունեին թափ, բայց մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը շատ ավելի շատ ուժեր է մոբիլիզացրել, նրանցից շատերն այժմ մարզվում են»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, - «այդ ամենը վկայում է այն մասին, որ նրանք պատրաստ են շարունակել պատերազմը, ինչպես նաև փորձում են պոտենցիալ նոր հարձակում սկսել»:
Ուկրաինայի զինված ուժերը հունվարի 2-ին հայտնել են, որ ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ուկրաինական օբյեկտների վրա, սակայն բոլորը հաջողությամբ կասեցվել են:
Կիևի պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումների ժամանակ վիրավորվել է 19-ամյա երիտասարդ:
Խերսոն քաղաքի ուկրաինացի պաշտոնյաները պնդում էին, որ ռուսական ուժերը, ըստ երևույթին, թիրախավորել են մանկական հիվանդանոցը:
Հաղորդվում է, որ ռմբակոծությունը իրականացվել է իրանական արտադրության տասնյակ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, որը հաջորդել է Ամանորի օրը ծանր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձում հայտարարեց, որ պատերազմը կշարունակվի: Սա պատերազմի 11-րդ ամիսն է:
Հունվարի 1-ի գիշերը ռուսական բանակը Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում գործարկել է «Շահեդ» իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, հաղորդում են տեղացի պաշտոնյաները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ամանորի գիշերը երկրի տարածքում ոչնչացվել է 45 անօդաչու թռչող սարք՝ 13-ը կործանվել են Ամանորից առաջ, իսկ 32-ը՝ 2023 թվականին։
Կիևի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հայտնել է, որ ռուսական անօդաչու սարքերը թիրախավորել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։
Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Կիևին Ուկրաինայի մայրաքաղաքի վրա զանգվածային հրթիռային հարձակումից մի քանի ժամ անց:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժել է 20 մարդ, մեկը մահացել է։ 14 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում՝ Ճապոնիայից մի լրագրող, ով ապրում էր քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում։ Հրթիռի արձակման հետևանքով հյուրանոցը մասամբ ավերվել է։