«Ամանորի գիշերը ուկրաինական կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր ռուսաստանցի զինվորականներ են զոհվել», - պնդում են մի շարք իշխանամետ ռուսական տելեգրամյան ալիքներ՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մակեևկա քաղաքում։
Ռուսական աղբյուրները պնդում են, որ զոհերի մեծ մասը զորահավաքի ենթարկված պահեստազորայիններ էին, որոնք տեղակայվել էին Մակեևկայի թիվ 19 պրոֆտեխուսումնարանի շենքում։ Նույն աղբյուրների տեղեկություններով՝ ուկրաինական զորքերը զորանոցի վերածված ուսումնարանը հրթիռակոծել էին ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից։
Իշխանամետ "Царьград" ալիքի պնդմամբ՝ զոհերի թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Մեկ այլ իշխանամետ ալիք՝ "Оперативные сводки"-ն պնդում է, որ զոհերի թիվը հասնում է 500-ի։
Ուկրաինական բանակի Ռազմավարական հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 400, վիրավորվել` 300 ռուսաստանցի զինվորական։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունները, որ ուկրաինական ուժերը Ամանորի գիշերը հրթիռակոծել են Մակեևկան, ինչի հետևանքով ռուսական կողմը ծանր կորուստներ է կրել։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հունվարի 2-ի հաղորդագրության համաձայն՝ «ռուսաստանցի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրի ուղղությամբ HIMARS համակարգերից արձակված չորս հրթիռների պայթյունների հետևանքով 63 զինծառայող է զոհվել»։
Իրանը կրկին պնդում է, որ Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։
«Այն երկրները, որոնք պարբերաբար հանդես են գալիս նման մեղադրանքներով, այդպես էլ չեն կարողացել իրենց այդ պնդումները հաստատող որևէ փաստ ներկայացնել», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը զիջման նշաններ ցույց չի տալիս, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Յենս Ստոլտենբերգը BBC-ին ասել է, որ ռազմական աջակցությունը կապահովի Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան երկրի գոյատևումը և կստիպի Ռուսաստանին նստել և բանակցել պատերազմի ավարտի մասին։
Ռուսաստանի առաջնորդը մեղադրում է Արևմուտքին Ուկրաինային իր երկիրը ոչնչացնելու համար օգտագործելու մեջ։
Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինային Ամանորին։
«Ուկրաինական ուժերը մի քանի ամսվա ընթացքում ունեին թափ, բայց մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը շատ ավելի շատ ուժեր է մոբիլիզացրել, նրանցից շատերն այժմ մարզվում են»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, - «այդ ամենը վկայում է այն մասին, որ նրանք պատրաստ են շարունակել պատերազմը, ինչպես նաև փորձում են պոտենցիալ նոր հարձակում սկսել»:
Ուկրաինայի զինված ուժերը հունվարի 2-ին հայտնել են, որ ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ուկրաինական օբյեկտների վրա, սակայն բոլորը հաջողությամբ կասեցվել են:
Կիևի պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումների ժամանակ վիրավորվել է 19-ամյա երիտասարդ:
Խերսոն քաղաքի ուկրաինացի պաշտոնյաները պնդում էին, որ ռուսական ուժերը, ըստ երևույթին, թիրախավորել են մանկական հիվանդանոցը:
Հաղորդվում է, որ ռմբակոծությունը իրականացվել է իրանական արտադրության տասնյակ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, որը հաջորդել է Ամանորի օրը ծանր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձում հայտարարեց, որ պատերազմը կշարունակվի: Սա պատերազմի 11-րդ ամիսն է:
Հունվարի 1-ի գիշերը ռուսական բանակը Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում գործարկել է «Շահեդ» իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, հաղորդում են տեղացի պաշտոնյաները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ամանորի գիշերը երկրի տարածքում ոչնչացվել է 45 անօդաչու թռչող սարք՝ 13-ը կործանվել են Ամանորից առաջ, իսկ 32-ը՝ 2023 թվականին։
Կիևի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հայտնել է, որ ռուսական անօդաչու սարքերը թիրախավորել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։
Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Կիևին Ուկրաինայի մայրաքաղաքի վրա զանգվածային հրթիռային հարձակումից մի քանի ժամ անց:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժել է 20 մարդ, մեկը մահացել է։ 14 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում՝ Ճապոնիայից մի լրագրող, ով ապրում էր քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում։ Հրթիռի արձակման հետևանքով հյուրանոցը մասամբ ավերվել է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսներին դիմելով ասել է, որ իրենց առաջնորդը կործանման է տանում իրենց երկիրը։
Ելույթ ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձից հետո, որի կողքին զինվորական համազգեստով մարդիկ էին, Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի նախագահը թաքնվում է իր զորքերի հետևում, այլ ոչ թե առաջնորդում նրանց:
Շաբաթ օրը Ուկրաինայում կրկին հրթիռակոծություններ են եղել, Զելենսկին ասել է, որ ուկրաինացիները չեն ներելու Ռուսաստանին:
Հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Կիրակի օրը՝ նոր տարվանից ընդամենը մի քանի ժամ անց, Կիևի ուղղությամբ նոր հրթիռային հարվածներ են եղել, հաղորդել են պաշտոնյաները: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Ավելի ուշ Զելենսկին ամանորյա ուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին՝ շնորհակալություն հայտնելով նրանց «անհավանական» ջանքերի համար՝ ետ մղելու ռուսական առաջխաղացումը։
«Մենք պայքարում ենք որպես մեկ թիմ՝ ամբողջ երկիրը, մեր բոլոր շրջանները: Ես հիանում եմ բոլորովդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի յուրաքանչյուր անպարտելի տարածաշրջանին»,- ասել է նա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի Ամանորյա ուղերձում նշել է, որ անցնող տարին «դժվարին, բայց անհրաժեշտ որոշումների և կարևորագույն քայլերի տարի էր»:
Պուտինն ուղերձն ընթերցել է ոչ թե հաստատված ավանդույթի համաձայն՝ կանգնած Կրեմլի պատի մոտ, զինծառայողների կողքին: Ըստ վերլուծաբանների, դա նրա ամենաերկար ուղերձն էր նախագահության օրոք: Ուղերձը տևել է մոտ 9 րոպե:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահի ուղերձը տեսագրվել է Ռուսաստանի Հարավային զինտարածքի կենտրոնակայանում, որը Պուտինն առավոտյան է այցելել:
«2022 թվականի հիրավի շրջադարձային և բախտորոշ իրադարձությունները դարձել են այն ճամփաբաժանը, որով դրվում են ռուսաստանցիների ապագայի և իրական անկախության հիմքերը», - հայտարարել է Պուտինը և ավելացրել. - «Դրա համար ենք այսօր կռվում»:
Պուտինը քննադատել է Արևմուտքին և հայրենակիցներին հորդորել է հավատալ, որ «Ռուսաստանն անպայման կմնա մեծ և անկախ, առաջ գնացող ու հաղթող երկիր»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը և Ուկրաինան շաբաթ օրը ռազմագերիների փոխանակում են իրականացրել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, տուն է վերադարձել 82 գերեվարված ռուսաստանցի զինծառայող:
«Նրանց կփոխադրեն Մոսկվա՝ համապատասխան բուժհաստատություններում բուժում ստանալու և վերականգնվելու համար», - հայտնել է ՌԴ ՊՆ մամլո վարչությունը:
Ուկրաինա 140 ռազմագերիներ են վերադարձել: Նրանցից 82-ը զինված ուժերի զինծառայողներ են, 15-ը՝ տարածքային ինքնապաշտպանությունից, 22-ը՝ Ուկրաինայի ազգային գվարդիայից, 11-ը՝ նավատորմից, և 10-ը՝ սահմանապահ ծառայությունից:
Զինծառայողների հարցերով Ուկրաինայի հանձնակատար Ալենա Վերբիցկայան երեկ ասել է, որ Ռուսաստանում պահվում են մոտ 3400 ուկրաինացի ռազմագերիներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կեսգիշերին տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին:
Նա ասել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է ռուսների հրթիռային գրոհներին, որոնց հետևանքով շարքից դուրս եկած էներգահամակարգի վերականգնումը ժամանակ է պահանջելու:
Խոսելով պատերազմի մասին, Զելենսկին հավաստիացրել է, որ Ուկրաինայի բանակն ընդհանուր հաշվով պահում է դիրքերը:
«Դոնբասի արևելքում ռազմաճակատի որոշ հատվածներում մենք առաջխաղացում ենք ապահովել», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև հավաստիացրել է, որ դաշնակիցների օգնության շնորհիվ 2023 թվականին հակաօդային պաշտպանությունը կաշխատի շատ ավելի արդյունավետ ռեժիմով և այդպես կհզորացնի թե՛ Ուկրաինայի և թե՛ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը:
«Դա մեր ամենակարևոր խնդիրներից է, և ես համոզված եմ, որ մենք այն անպայման կլուծենք», - ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամանորյա ուղերձով դիմել է Դաշնության զինծառայողներին:
Նա հավաստիացրել է, որ «հաղթանակն անխուսափելի է», և գովեստով է խոսել ռուս զինծառայողների սխրանքի ու հերոսության մասին:
Շոյգուն նշել է, որ «իրավիճակը ռազմաճակատում մնում է բարդ», նա քննադատել է Ուկրաինային և այդ երկրին սատարող Արևմուտքին:
«Մենք դիմավորում ենք նոր տարին ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ կան ուժեր, որոնք փորձում են ջնջել մեր հերոսական պատմությունն ու մեծ նվաճումները, քանդել ֆաշիզմը պարտության մատնողների հուշարձանները և պատերազմի հանցագործներին դնել պատվանդանի վրա, չեղարկել ու պղծել այն ամենն, ինչ ռուսական է»,- ասել է Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև բարձր է գնահատել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ռուս զինծառայողների անմահ արարքները, անձնուրաց խիզախությունն ու հերոսությունը նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում»: