- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների էներգետիկայի նախարարները քիչ առաջ՝ Բրյուսելում մոտ վեց ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո, համաձայնեցրել են Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գինը։
Reuters գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ որպես Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն գին սահմանվել է 180 եվրոն մեկ մեգավատի կամ 1800-ից 2000 եվրոն՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։
ԵՄ մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գին սահմանելու որոշման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ՝ լուրջ տարաձայնությունների տեղիք տալով։ Գերմանիան, Ավստրիան և Նիդերլանդները ընդհանրապես դեմ են գազի առավելագույն թւոյլատրելի գնի սահմանմանը՝ պնդելով, որ նման քայլը կարող է խաթարել մայրցամաքի էներգետիկ շուկայի բնականոն աշխատանքը։
Նախապես ենթադրվում էր, որ գազի առավելագույն թույլատրելի գնի սահմանումը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Reuters-ի տեղեկություններով, սակայն, այդ ժամկետը հետաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուս։ Մինսկի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Սա Պուտինի առաջին այցն է Բելառուս 2019 թվականից ի վեր։
Այցի շեմին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Պուտինը Մինսկ է մեկնում, որպեսզի Բելառուսի նախագահին համոզի միանալ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սակայն, այս պնդումները «հիմար և հիմնազուրկ» է անվանել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Կրեմլը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն, Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկող այցը Մինսկ նպատակ ունի համոզել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի Բելառուսը միանա Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։
«Դրանք հիմար և հիմնազուրկ պնդումներ են», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, կոչ է արել Կիևին հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր մատակարարել։
«Կոչ եմ անում ձեզ մեծացնել ՀՕՊ համակարգերի՝ մեր երկրին մատակարարման հնարավորությունները։ Խնդրում եմ նաև օժանդակել մեզ այդ ուղղությամբ համապատասխան որոշումների կայացումն արագացնելու հարցում», - հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների Լատվիայում ընթացող գագաթաժողովի մասնակիցներին։
Հավաքի աշխատանքներին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների և բալթյան երեք պետությունների ղեկավարները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանը մեծացրել է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արտադրությունը, Россия 24 պետական հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է սպառազինության արտադրությամբ զբաղվող Ростех պետական ընկերության առաջին փոխտնօրեն Վլադիմիր Արտյակովը։
«Իսկանդերները» բավական արդյունավետ են, հուսալի և ճշգրիտ են աշխատում։ Դա է պատճառը, որ մենք «Իսկանդեր» համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրությունը ավելացրել ենք մի քանի անգամ», - նշել է Ростех-ի փոխտնօրենը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2022 թվականին տասնյակ անգամներով աճել է նաև մի շարք մակնիշի տանկերի արտադրությունը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի ազգային փոխարժեքն անկում է արձանագրում։ Մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայի բորսայում մեկ դոլարի դիմաց վճարում են 66 ռուբլի 22 կոպեկ, եվրոյի դիմաց՝ 70 ռուբլի 45 կոպեկ։
«Մեկ օրում ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 2 տոկոսով», - արձանագրում է Reuters գործակալությունը։
«Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներից են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 9-րդ փաթեթը, ինչպես նաև այսօր Բրյուսելում ծավալված քննարկումները։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները Եվրոպա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին կսահմանեն։ «Համաձայնեցման դեպքում այդ մեխանիզմը կսկսի գործել հունվարի 1-ից», - պնդում են ԵՄ-ին մոտ կանգնած աղբյուրները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Ռիգայում սկանդինավյան, մերձբալթյան երկրների և Նիդերլանդների գործընկերների հետ հանդիպման ժամանակ կհայտարարի Ուկրաինայի համար նոր խոշոր օգնության՝ հրետանային փաթեթի մասին:
Սունակն առաջնորդներին կոչ կանի չկրճատել և հնարավորության դեպքում ավելացնել Ուկրաինային աջակցությունը 2023 թվականին, ասվում է նրա գրասենյակի տարածած հայտարարությունում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական գործակալությունները և պաշտոնյաները հայտնում են Կիևում և Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և պայթյունների մասին։
Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում 9 անօդաչու թռչող սարք են խոցել։
Դեռևս տեղեկություններ չկան ավերածությունների կամ զոհերի մասին։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Կիևում հնարավոր է եղել ամբողջությամբ վերսկսել ջերմամատակարարման համակարգի աշխատանքը ռուսական վերջին հրթիռային հարձակումից հետո, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ռուս զինվորականները 40 հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ, որոնցից 37-ը ոչնչացվել են ՀՕՊ համակարգերը։ Ուկրաինայի մայրաքաղաքում դրանից հետո էլեկտրաէներգիայի վթարային անջատումների պատճառով ջրամատակարարման ու ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձի ժամանակ խոսել է ռուսական հարվածներից հետո երկրի էներգետիկ կառուցվածքի վերականգնման մասին։
«Հաջողվել է մեկ օրում վերադարձնել էլեկտրաէներգիան մոտ վեց միլիոն ուկրաինացիներին: Վերանորոգման աշխատանքներն այժմ շարունակվում են առանց ընդհատումների»,- ասել է Զելենսկին։
Ուրբաթ օրը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի գործադուլների արդյունքում սպառողների մոտ կեսը մնացել է առանց էլեկտրականության։ Մասնավորապես, Խարկովը և Խարկովի մարզը լիովին հոսանքազրկվել են, զգալիորեն տուժել է Կիևը։
Հոկտեմբերի կեսերից ռուսական բանակը պարբերաբար զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դրանց հետեւանքով վնասվել են Ուկրաինայի բոլոր խոշոր ՋԷԿ-երը և հիդրոէլեկտրակայանները։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական եղանակով կարգավորելու հարցը:
«Կոնֆլիկտների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, բայց դրա համար Ռուսաստանի կողմից լուրջ մոտեցում է պահանջվում: Մենք առնվազն այս պահին նման բան չենք տեսնում, ռուսական կողմը բանակցելու լուրջ մտադրություն չի դրսևորում», - ասել է ԿՀՎ-ի տնօրենը PBS հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:
Ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14-ին, Անկարայում Թուրքիայի ազգային հետախուզական վարչության կենտրոնակայանում տեղի է ունեցել Բըրնսի և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը:
Վաշինգտոնը հայտնել է, որ այդ հանդիպման նպատակն էր պահպանել անվտանգության ասպարեզում երկու գերտերությունների շփումները:
Սպիտակ տունն ընդգծել է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինային առնչվող հարցեր չի քննարկում: