Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:08 19.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուս։ Մինսկի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Սա Պուտինի առաջին այցն է Բելառուս 2019 թվականից ի վեր։

Այցի շեմին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Պուտինը Մինսկ է մեկնում, որպեսզի Բելառուսի նախագահին համոզի միանալ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սակայն, այս պնդումները «հիմար և հիմնազուրկ» է անվանել։

20:07 19.12.2022

Կրեմլը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն, Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկող այցը Մինսկ նպատակ ունի համոզել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի Բելառուսը միանա Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։

«Դրանք հիմար և հիմնազուրկ պնդումներ են», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

20:06 19.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, կոչ է արել Կիևին հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր մատակարարել։

«Կոչ եմ անում ձեզ մեծացնել ՀՕՊ համակարգերի՝ մեր երկրին մատակարարման հնարավորությունները։ Խնդրում եմ նաև օժանդակել մեզ այդ ուղղությամբ համապատասխան որոշումների կայացումն արագացնելու հարցում», - հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների Լատվիայում ընթացող գագաթաժողովի մասնակիցներին։

Հավաքի աշխատանքներին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների և բալթյան երեք պետությունների ղեկավարները։

20:04 19.12.2022

Ռուսաստանը մեծացրել է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արտադրությունը, Россия 24 պետական հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է սպառազինության արտադրությամբ զբաղվող Ростех պետական ընկերության առաջին փոխտնօրեն Վլադիմիր Արտյակովը։

«Իսկանդերները» բավական արդյունավետ են, հուսալի և ճշգրիտ են աշխատում։ Դա է պատճառը, որ մենք «Իսկանդեր» համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրությունը ավելացրել ենք մի քանի անգամ», - նշել է Ростех-ի փոխտնօրենը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2022 թվականին տասնյակ անգամներով աճել է նաև մի շարք մակնիշի տանկերի արտադրությունը։

20:02 19.12.2022

Ռուսաստանի ազգային փոխարժեքն անկում է արձանագրում։ Մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայի բորսայում մեկ դոլարի դիմաց վճարում են 66 ռուբլի 22 կոպեկ, եվրոյի դիմաց՝ 70 ռուբլի 45 կոպեկ։

«Մեկ օրում ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 2 տոկոսով», - արձանագրում է Reuters գործակալությունը։

«Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներից են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 9-րդ փաթեթը, ինչպես նաև այսօր Բրյուսելում ծավալված քննարկումները։

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները Եվրոպա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին կսահմանեն։ «Համաձայնեցման դեպքում այդ մեխանիզմը կսկսի գործել հունվարի 1-ից», - պնդում են ԵՄ-ին մոտ կանգնած աղբյուրները։

20:01 19.12.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Ռիգայում սկանդինավյան, մերձբալթյան երկրների և Նիդերլանդների գործընկերների հետ հանդիպման ժամանակ կհայտարարի Ուկրաինայի համար նոր խոշոր օգնության՝ հրետանային փաթեթի մասին:

Սունակն առաջնորդներին կոչ կանի չկրճատել և հնարավորության դեպքում ավելացնել Ուկրաինային աջակցությունը 2023 թվականին, ասվում է նրա գրասենյակի տարածած հայտարարությունում:

20:00 19.12.2022

Ուկրաինական գործակալությունները և պաշտոնյաները հայտնում են Կիևում և Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և պայթյունների մասին։

Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում 9 անօդաչու թռչող սարք են խոցել։

Դեռևս տեղեկություններ չկան ավերածությունների կամ զոհերի մասին։

16:15 18.12.2022

Կիևում հնարավոր է եղել ամբողջությամբ վերսկսել ջերմամատակարարման համակարգի աշխատանքը ռուսական վերջին հրթիռային հարձակումից հետո, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ռուս զինվորականները 40 հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ, որոնցից 37-ը ոչնչացվել են ՀՕՊ համակարգերը։ Ուկրաինայի մայրաքաղաքում դրանից հետո էլեկտրաէներգիայի վթարային անջատումների պատճառով ջրամատակարարման ու ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձի ժամանակ խոսել է ռուսական հարվածներից հետո երկրի էներգետիկ կառուցվածքի վերականգնման մասին։

«Հաջողվել է մեկ օրում վերադարձնել էլեկտրաէներգիան մոտ վեց միլիոն ուկրաինացիներին: Վերանորոգման աշխատանքներն այժմ շարունակվում են առանց ընդհատումների»,- ասել է Զելենսկին։

Ուրբաթ օրը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի գործադուլների արդյունքում սպառողների մոտ կեսը մնացել է առանց էլեկտրականության։ Մասնավորապես, Խարկովը և Խարկովի մարզը լիովին հոսանքազրկվել են, զգալիորեն տուժել է Կիևը։

Հոկտեմբերի կեսերից ռուսական բանակը պարբերաբար զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դրանց հետեւանքով վնասվել են Ուկրաինայի բոլոր խոշոր ՋԷԿ-երը և հիդրոէլեկտրակայանները։

17:20 17.12.2022

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական եղանակով կարգավորելու հարցը:

«Կոնֆլիկտների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, բայց դրա համար Ռուսաստանի կողմից լուրջ մոտեցում է պահանջվում: Մենք առնվազն այս պահին նման բան չենք տեսնում, ռուսական կողմը բանակցելու լուրջ մտադրություն չի դրսևորում», - ասել է ԿՀՎ-ի տնօրենը PBS հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:

Ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14-ին, Անկարայում Թուրքիայի ազգային հետախուզական վարչության կենտրոնակայանում տեղի է ունեցել Բըրնսի և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը:

Վաշինգտոնը հայտնել է, որ այդ հանդիպման նպատակն էր պահպանել անվտանգության ասպարեզում երկու գերտերությունների շփումները:

Սպիտակ տունն ընդգծել է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինային առնչվող հարցեր չի քննարկում:

17:00 17.12.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պետք է պահպանել կապը Ռուսաստանի հետ: Այդ մասին նա ասել է Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

«Կարևոր է, որ մենք՝ չնայած Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ լուրջ տարաձայնություններին, չկտրենք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Միաժամանակ նա չի պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք պատկերացնել իր այցը Ռուսաստան 2023 թվականին:

Ռուսաստանը, կանցլերի համոզմամբ, պարտավոր է ավարտել պատերազմն Ուկրաինայում: Մոսկվան այն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»:

«Դրա համար խոսել է պետք, մնում է պարզենք, թե ինչ ձևաչափով՝ հեռախոսո՞վ, տեսակապո՞վ, թե՞ սեղանի շուրջ»,- ասել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերը նշել է նաև, թե «վաղուց եկել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն անցկացնելու ժամանակը»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG