- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է առաջխաղացումը շարունակել Դոնեցկի շրջանից դուրս, սակայն Ուկրաինան որևէ պարագայում տեղի չի տա:
Զելենսկու խոսքով՝ թշնամին շատ ակտիվ գործողությունների է դիմում և ամեն օր կատարում է մի քանի տասնյակ հարձակումներ:
«Շատ լարված վիճակ է Դոնեցկի շրջանում, թշնամու կողմից ամեն օր տասնյակ գրոհներ են, նրանք ահավոր կորուստներ են կրում: Բայց նրանց նպատակը նույնն է՝ առաջ շարժվել Դոնեցկի սահմաններից դուրս: Մենք մեր հողի ոչ մի սանտիմետր չենք զիջելու, շնորհակալ եմ Դոնբասում կռվող մեր հերոսներին», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Խերսոնի շրջանում ուկրաինացիները գործում են շատ ճշգրիտ, քանի որ վերլուծում ու հասկանում են թշնամու ծրագրերը և նպատակները:
«Մենք ամեն բան անում ենք մեր տարածքն ազատագրելու համար, մենք հզորացնում ենք մեր դիրքերը և ամեն օր մեթոդաբար ոչնչացնում ենք մեր երկրի հարավը գրաված պահելու այդ զավթիչների կարողությունները»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ըստ արևմտյան հետախուզական կառույցների զեկույցների՝ այսօրվա դրությամբ առավել ծանր մարտեր են ընթանում Բախմուտի, Սոլեդարի և Ավդեևկայի շուրջ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մի օր կայցելի Դոնբաս, սակայն տվյալ պահին օրակարգում նման ուղևորություն նախատեսված չէ:
«Կոնկրետ ծրագրեր դեռևս չկան, բայց ես համոզված եմ՝ կգա ժամանակը, երբ Պուտինը կմեկնի Դոնբաս, դա բնական է: Դա Ռուսաստանի շրջան է, և նա անպայման կլինի այնտեղ»,- ասել է Պեսկովը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն այսօր, չնշելով կոնկրետ ժամկետը, հայտնել է, որ Պեսկովը վերջերս մեկնել է Դոնբաս և այնտեղ հատուկ դասընթացներ է անցկացրել տեղական լրատվամիջոցների և մամլո ծառայությունների աշխատակիցների համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆիլադելֆիայում գործող «Ազգային սահմանադրական կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն շնորհել է «Ազատության մեդալը»:
Կենտրոնն այդ ամենամյա մրցանակը հանձնում է անհատներին և կազմակերպություններին՝ այդպիսով ճանաչելով նրանց ցուցաբերած առաջնորդությունն ազատության ձգտելու գործում:
Զելենսկին տեսագրած ուղերձով է դիմել ամերիկացիներին և հորդորել է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:
«Կոչ եմ անում ձեզ պահպանել անսասան միասնությունը: Մենք սպասում ենք այն օրվան, երբ կլսենք երազալի լուրն այն մասին, որ խաղաղությունը վերջապես վերականգնվել է: Դեմոկրատիաները չպետք է կանգ առնեն հաղթանակի ճանապարհին», - ասել է Ուկրաինայի նախագահը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը խոշոր բանկերին, այդ թվում՝ JPMorgan-ին և Citigroup-ին, ոչ հրապարակավ խնդրել են չհրաժարվել «որոշ ռուսական ընկերությունների» հետ համագործակցությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան կառավարությունը մասնավորապես ակնարկել է շարունակել հիմնական ծառայությունները՝ դոլարով հաշվարկներ, փոխանցումներ, առևտրի ֆինանսավորում, այնպիսի ընկերություններին, ինչպիսին են «Գազպրոմ»-ը, «Ուրալկալի»-ն և «ՖոսԱգրո»-ն:
Գործակալության տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմն այդպիսով ցանկանում է նվազեցնել պատժամիջոցների բացասական ազդեցությունը և խուսափել «մոլորակի վրա համաշխարհային տնտեսական աղետից ու սովից»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած ուկրաինական պատերազմին։
Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները «հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունենք»։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ Մոսկվայի հետ կապերի պահպանումը բխում է «այս հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երկրի շահերից»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Ուկրաինայում պատերազմի միջուկային էսկալացիայի վտանգը կանխելու համար։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպում անցկացնել հանրության հետ և քննարկել զորակոչվածներին սատարելու հարցը: Դա տեղի կունենա հատուկ միջոցառման ձևաչափով: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կլինի առանձին միջոցառում, դրա մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը:
Նոյեմբերի 7-ին` ավելի վաղ, Պուտինը Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է զորակոչվածներին աջակցություն ցուցաբերելու թեմային:
«Ես էլ անպայման կհանդիպեմ մարդկանց և այդ հարցը կքննարկեմ, որ լսեմ նրանց կարծիքը, որ հետադարձ կապ լինի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Տվերի շրջանում նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մոտ 50 հազար զորակոչվածներ այս ժամանակաշրջանում Ուկրաինայում մասնակցում են մարտական գործողություններին:
«Մենք հիմա այնտեղ ունենք 50 հազար զորակոչվածներ, ովքեր մարտական ստորաբաժանումներում են: Իսկ ընդհանուր հաշվով «հատուկ ռազմական գործողության» գոտում կա 80 հազար զորակոչված, մնացածները զորավարժարաններում են»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը սեպտեմբերի 21-ին է ազդարարել երկրում մասնակի զորակոչ անցկացնելու մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ այդ հրամանագրով նախատեսվում է 300 հազար մարզ զորակոչել:
Պուտինն օրերս ասել է, թե արդեն զորակոչվել է մոտ 320 հազար մարդ: Թվի ավելացումը նա պարզաբանել է բանակին միանալու կամավորների ցանկությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ երկիրը ստացել է NASAMS զենիթահրթիռային համակարգերը և Aspide տեսակի հրթիռներ:
«Շնորհակալություն մեր գործընկերներին՝ Միացյալ Նահանգներին, Նորվեգիային և Իսպանիային»,- Թվիթերի էջում գրել է Ռեզնիկովը:
Նախարարը չի նշել, թե այդ ՀՕՊ համակարգի սպառազենի կոնկրետ քանի միավոր է ստացել Ուկրաինան:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոն Փլամը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Կիևին կփոխանցի NASAMS տեսակի զենիթահրթիռային 8 համակարգ:
Բացի այդ, Իսպանիան խոստացել է Ուկրաինա ուղարկել Aspide տեսակի «երկինք-երկինք» հակաօդային պաշտպանության հրթիռներ, M113 տեսակի զրահամեքենաներ և մի քանի տոննա արկեր ուկրաինական հրետանու համար:
NASAMS համակարգը համատեղ արտադրում են Միացյալ Նահանգները և Նորվեգիան, Aspide հրթիռները Selenia իտալական ընկերությունն է արտադրում, M113 զրահամեքենաները Միացյալ Նահանգներն է արտադրում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի կողմից բռնակցված Խերսոնի մարզում նահանգապետի տեղակալ նշանակված Կիրիլ Ստրեմոուսովն այսօրվա ուղերձում նորից հորդորել է մարդկանց անհապաղ տարհանվել:
«Քաղաքում պարենի խնդիր չկա, որոշ դեղատներ սահմանափակ ծավալով են աշխատում, բայց մարդիկ կարող են սոցիալական օգնություն ստանալ, աշխատում ենք այդ ուղղությամբ: Տարհանումը Խերսոնից շարունակվում է: Հիմա տարհանում ենք անկողնային հիվանդներին, բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն տարհանվել»,- ասել է Ստրեմոուսովը:
Ռուսներն այդ քաղաքը դեռ փետրվարին են գրավել: Այժմ ենթադրվում է, որ ուկրաինացիները կփորձեն այն հետ վերցնել:
Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է բնակիչներին կոչ արել հնարավորինս արագ հեռանալ Խերսոնից:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխանցմամբ, ռուսական ուժերը Դոնեցկի շրջանում ծանր կորուստներ են կրում:
«Ռուսները շարունակում են ծանր մարտերը Դոնեցկի շրջանում, նրանք լուրջ կորուստներ են կրում, բայց չնայած դրան՝ շարունակում են իրենց զորակոչվածներին և վարձկաններին մահվան ուղարկել: Շնորհակալ եմ մեր զինվորներին, ովքեր կարողանում են դիմանալ այդ հիրավի ծանր ճնշմանն ու պաշտպանել դիրքերը», - հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին նաև նախազգուշացրել է, որ ռուսները կարող են լայնածավալ նոր հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկայի հիմնարկներին: