- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ Ուկրաինայի պատերազմում Խերսոնի համար ակնկալվող կռիվը վճռական նշանակություն կունենա: Նա այդ սպասվող բախումը համեմատել է Երկրորդ աշխարհամարտում Ստալինգրադի ճակատամարտի հետ:
«Առջևում ծանր ժամանակներ են, հաջորդ ձմեռն այս ձմռան համեմատությամբ է'լ ավելի ծանր կլինի: Վճռականը Խերսոնի համար կռիվն է, թե' մեկ և թե' մյուս կողմը կիրառում են հազարավոր հրասայլեր, թռչող սարքեր ու հրետանի: Ստալինգրադի ճակատամարտ է լինելու», - ասել է Սերբիայի ղեկավարը:
Վուչիչի փոխանցմամբ` Արևմուտքը ենթադրում է, որ Խերսոնի համար կռվում սատարելով Ուկրաինային՝ կկարողանա քայքայել Ռուսաստանը: Ռուսաստանն էլ ենթադրում է, որ Խերսոնը պահելու դեպքում կկարողանա պաշտպանել այն, ինչ գրավել է պատերազմի սկզբում և ավարտին հասցնել հակամարտությունը:
«Դա լրացուցիչ բարդություններ կստեղծի ամենուր», - ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին մի շարք կոնֆիդենցիալ շփումներ է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, երեկ հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանություններին և արևմտյան երկրների ներկայացուցիչներին։
Հրատարակությունն ընդգծում է, որ շփումների նպատակն է եղել կանխել էսկալացիան Ուկրաինայում և պահպանել կապի ուղիները, «այլ ոչ թե կարգավորումն Ուկրաինայում»։
Թերթի աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ են եղել շփումները և քանի անգամ։
Ավելի վաղ Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ը բարձր մակարդակով զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին, սակայն չէր հստակեցրել, թե Մոսկվայից կոնկրետ ում հետ է եղել այդ խոսակցությունը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ մինչև հաջորդ տարվա վերջ Եվրամիությունը Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն կտրամադրի։ Այդ միջոցները, ըստ նրա, պետք է «մեծ մասամբ ծածկեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2023 թվականին»։
Երեկ ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ և ասել, որ իր առաջարկները նոր օգնության փաթեթի վերաբերյալ կներկայացվեն ԵՄ քննարկմանը այս շաբաթ: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ֆինանսական օգնության չափը կկազմի ամսական մինչև 1,5 միլիարդ եվրո։
Զելենսկին և ֆոն դեր Լայենը քննարկել են նաև նոր պատժամիջոցների սահմանումը և Իրանին հակազդելու հարցը, որը, Ուկրաինայի պնդմամբ, Ռուսաստանին կամիկաձե անօդաչու սարքեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Կիևի քաղաքապետը կիրակի երեկոյան կոչ է արել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին խուճապի չմատնվել։ Ռուսական զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Ուկրաինայի, այդ թվում՝ մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները։
Երկու օր առաջ Վիտալի Կլիչկոն չէր բացառել բնակչության տարհանումը։ «Մի քանի օր առաջ լրագրողներն ինձ հարցրել են՝ հոսանքազրկման դեպքում մայրաքաղաքը ծրագիր ունի՞։ Կրկին կպատասխանեմ՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի», - նշել էր Կիևի քաղաքապետը՝ ընդգծելով, որ տվյալ պահին քաղաքային ծառայություններն ակտիվորեն աշխատում են էլեկտրամատակարարման խափանման հետևանքով առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Նա հավելել էր, թե տեղի իշխանություններն անում են ամեն ինչ՝ բնակիչներին բոլոր անհրաժեշտ ծառայություններով ապահովելու համար. - «Բայց մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, թեև ակնկալում ենք, որ վատագույնը չի լինի։ Ուստի այսօր խուճապի մատնվելու պատճառ չկա։ Կիևն ապրում և աշխատում է»։
Կլիչկոյի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի նման սցենար տեղի չունենա, սակայն չեն կարող դա 100 տոկոսով երաշխավորել։ Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ի առավոտյան առանց էլեկտրականության էր մնացել 450 հազար քաղաքացի։ Քաղաքի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին խնայել էլեկտրաէներգիան։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրապարակավ հայտարարի, որ Ուկրաինայում միջուկային զենք չի կիրառի: Այդ մասին հայտնել է «Գերմանիայի ձայն» ռադիոկայանը:
Կանցլերի փոխանցմամբ, Ռուսաստանը միշտ եղել է և հիմա էլ հանդիսանում է ռազմական մեծ տերություն և հենց այդ առումով է կարևոր այդ երկրի կողմից նման հայտարարության հրապարակումը:
«Այս կոնֆլիկտում միջուկային զենքի կիրառումն անընդունելի է և անթույլատրելի: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հստակ հայտարարել, որ այդ զենքը չի օգտագործի: Դա այն գիծն է, որը չի կարելի հատել», - ասել է Շոլցը:
Կանցլերը նշել է, որ օրերս Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանի ղեկավարների հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի թեման, և միջուկային զենքի վերաբերյալ կողմերը միացյալ դիրքորոշում են ցուցաբերել։
«Միայն դրա համար արժեր կատարել այդ այցը», - հայտարարել է Օլաֆ Շոլցը:
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Շոլցի հետ զրույցում նշել է, որ Եվրասիայում հարկ է խուսափել միջուկային զենք կիրառելուց կամ դրա սպառնալիքը հնչեցնելուց:
Միաժամանակ «Գերմանիայի ձայն»-ը նշել է, որ «Չինաստանի ղեկավարն այդ ուղերձը կոնկրետ Ռուսաստանին չի հասցեագրել»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթվա ընթացքում ավանդական խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին նոյեմբերի 6-ին ասել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի ղեկավարը, որպես կանոն, ամեն շաբաթ է ներքին և միջազգային կարևոր թեմաներ քննարկում անվանգության խորհրդի մշտական անդամների հետ: Վերջին անգամ նման նիստ նոյեմբերի 2-ին է գումարվել:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են խորհրդի քարտուղարը, ուժային նախարարները, արտաքին գործերի նախարարը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության և հետախուզության կառույցների ղեկավարները և առանցքային պաշտոններ զբաղեցնող այլ ղեկավարներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
The Washington Post ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների վարչակազմն Ուկրաինայի ղեկավարներին հորդորում է դրսևորել Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն:
ԱՄՆ-ի մայրաքաղաքում լույս տեսնող թերթը վկայակոչում է Սպիտակ տան անանուն պաշտոնյաներին:
Առաջարկի նպատակն է ոչ թե ստիպել Կիևին նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ապահովել աջակցությունն Ուկրաինային այն երկրներում, որտեղ քաղաքացիներին կարող է մտահոգել ընթացիկ պատերազմի երկար տարիների հեռանկարը:
Ըստ The Washington Post-ի, խոսքը ոչ միայն եվրոպական, այլև աֆրիկյան ու հարավամերիկյան երկրների մասին է, քանի որ այնտեղ առավել սուր են դրսևորվել այս պատերազմի մեկնարկից հետո ի հայտ եկած էներգետիկ և պարենային ճգնաժամերը:
Միաժամանակ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անլուրջ է վերաբերվում բանակցային գործընթացին:
Պարբերականի զրուցակիցները ենթադրում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է որոշակի զիջումների գնալ և սատարել բանակցությունների գաղափարը:
Ուկրաինական կողմը չի արձագանքել այդ խնդիրը մեկնաբանելու մասին ամերիկյան թերթի խնդրանքին:
Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են այս տարվա մայիսին: Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին Ստամբուլում:
Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ռուսաստանի հետ անհնարին է բանակցել, քանի դեռ այդ երկրի ղեկավարը նախագահ Պուտինն է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան Դաշնության կազմի մաս է հռչակել ուկրաինական չորս շրջանները:
Պուտինն ավելի վաղ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է բանակցել, պայմանով, որ զավթված տարածքների հարցը չլինի օրակարգում:
Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով մտցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ։ Պետական Ukrenergo ընկերությունը հրապարակել է էլեկտրաէներգիայի ժամային անջատումների ամենօրյա գրաֆիկները. դրանք գործում են Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Չեռնիգովի, Չերկասի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերում:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքի էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում՝ չբացառելով ամբողջական անջատումը։ Սուրբ Ծննդյան և Ամանորի զանգվածային տոնակատարությունները չեղարկվելու են։ Քաղաքապետը կիևցիներին հորդորել է տանը ունենալ խմելու և տեխնիկական ջրի պաշար, սնունդ, լիցքավորված մարտկոցներ և տաք հագուստ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինան ամեն օր խոցում է առնվազն տասը իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարք, թեև իրանական ռեժիմը պնդում է, որ ընդամենը մի քանիսն է տվել Ռուսաստանին, իր ավանդական տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ըստ Զելենսկիի՝ նույնիսկ ԱԹՍ-ներ տրամադրելու մասին խոստովանության մեջ իրանական կողմը ստել է. «Երեկ ընդամենը մեկ օրում 11 «Շահեդ» է ոչնչացվել։ Մենք հաստատ գիտենք, որ իրանցի հրահանգիչները ռուս զինվորականներին սովորեցրել են անօդաչու թռչող սարքեր օգտագործել, մինչդեռ Թեհրանում այդ մասին հիմնականում լռում են»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Երեկ Իրանն առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, պնդելով, որ առաքումը կատարվել է մինչ Ուկրաինայի դեմ պատերազմը։
Բացի այդ, Զելենսկին նաև հայտարարել է ծովային անօդաչու սարքերի ստեղծման մասին՝ Սևաստոպոլի ծովածոցի ջրերի վրա հարձակումից հետո։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ անցած օրվա ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակվել են հրետակոծվել ռուսական ուժերի կողմից։
Հակառակորդը հասցրել է 21 ավիահարված, հրթիռային վեց հարված, իսկ համազարկային կայաններից ավելի քան վեց տասնյակ անգամ կրակ է բացվել։ Ուկրաինայի տարբեր շրջաններում հրետակոծվել է 20 բնակավայր։ Ուկրաինական ուժերը 11 հարված են կատարել ռուսական դիրքերի ուղղությամբ, իսկ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հետ են մղել ռուսների հարձակումները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրությունում հայտնում է, որ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում մեկ օրվա ընթացքում ուկրաինացի 200 զինծառայող է սպանվել, ոչնչացվել է 4 տանկ, մի քանի զրահամեքենա։ Ուկրաինայի այլ շրջաններում ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ու հրթիռային համակարգեր, ռադարային կայան, ինչպես նաև Միգ-29 մարտական օդանավ է խոցվել։
Պատերազմական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալների արժանահավատությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։