Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի նախագահը Ուկրաինային մինչև հաջորդ տարվա վերջ 18 մլրդ եվրո օգնություն է խոստանում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 15-ը սեպտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 15-ը սեպտեմբերի, 2022թ.

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ մինչև հաջորդ տարվա վերջ Եվրամիությունը Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն կտրամադրի։ Այդ միջոցները, ըստ նրա, պետք է «մեծ մասամբ ծածկեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2023 թվականին»։

Երեկ ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ և ասել, որ իր առաջարկները նոր օգնության փաթեթի վերաբերյալ կներկայացվեն ԵՄ քննարկմանը այս շաբաթ: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ֆինանսական օգնության չափը կկազմի ամսական մինչև 1,5 միլիարդ եվրո։

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնի ուղղակի ֆինանսական օգնությունը Ուկրաինային 2023 թվականին կկազմի 13 միլիարդ դոլար։

Նոյեմբերի սկզբին Գերագույն Ռադայի ընդունած Ուկրաինայի պետբյուջեն ենթադրում է, որ դրա եկամուտների 46 տոկոսը կձևավորվի դաշնակիցների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությունից։

Զելենսկին և ֆոն դեր Լայենը քննարկել են նաև նոր պատժամիջոցների սահմանումը և Իրանին հակազդելու հարցը, որը, Ուկրաինայի պնդմամբ, Ռուսաստանին կամիկաձե անօդաչու սարքեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։

XS
SM
MD
LG