Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

22:31 6.11.2022

Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով մտցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ։ Պետական Ukrenergo ընկերությունը հրապարակել է էլեկտրաէներգիայի ժամային անջատումների ամենօրյա գրաֆիկները. դրանք գործում են Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Չեռնիգովի, Չերկասի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերում:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքի էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում՝ չբացառելով ամբողջական անջատումը։ Սուրբ Ծննդյան և Ամանորի զանգվածային տոնակատարությունները չեղարկվելու են։ Քաղաքապետը կիևցիներին հորդորել է տանը ունենալ խմելու և տեխնիկական ջրի պաշար, սնունդ, լիցքավորված մարտկոցներ և տաք հագուստ։

22:30 6.11.2022

Ուկրաինան ամեն օր խոցում է առնվազն տասը իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարք, թեև իրանական ռեժիմը պնդում է, որ ընդամենը մի քանիսն է տվել Ռուսաստանին, իր ավանդական տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ըստ Զելենսկիի՝ նույնիսկ ԱԹՍ-ներ տրամադրելու մասին խոստովանության մեջ իրանական կողմը ստել է. «Երեկ ընդամենը մեկ օրում 11 «Շահեդ» է ոչնչացվել։ Մենք հաստատ գիտենք, որ իրանցի հրահանգիչները ռուս զինվորականներին սովորեցրել են անօդաչու թռչող սարքեր օգտագործել, մինչդեռ Թեհրանում այդ մասին հիմնականում լռում են»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Երեկ Իրանն առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, պնդելով, որ առաքումը կատարվել է մինչ Ուկրաինայի դեմ պատերազմը։

Բացի այդ, Զելենսկին նաև հայտարարել է ծովային անօդաչու սարքերի ստեղծման մասին՝ Սևաստոպոլի ծովածոցի ջրերի վրա հարձակումից հետո։

17:16 5.11.2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ անցած օրվա ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակվել են հրետակոծվել ռուսական ուժերի կողմից։

Հակառակորդը հասցրել է 21 ավիահարված, հրթիռային վեց հարված, իսկ համազարկային կայաններից ավելի քան վեց տասնյակ անգամ կրակ է բացվել։ Ուկրաինայի տարբեր շրջաններում հրետակոծվել է 20 բնակավայր։ Ուկրաինական ուժերը 11 հարված են կատարել ռուսական դիրքերի ուղղությամբ, իսկ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հետ են մղել ռուսների հարձակումները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրությունում հայտնում է, որ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում մեկ օրվա ընթացքում ուկրաինացի 200 զինծառայող է սպանվել, ոչնչացվել է 4 տանկ, մի քանի զրահամեքենա։ Ուկրաինայի այլ շրջաններում ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ու հրթիռային համակարգեր, ռադարային կայան, ինչպես նաև Միգ-29 մարտական օդանավ է խոցվել։

Պատերազմական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալների արժանահավատությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

16:34 5.11.2022

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախապես չհայտարարված այցով ուրբաթ օրը ժամանել է Կիև, որտեղ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Սալիվանը հավաստիացրել է, որ անկախ գալիք երեքշաբթի կայանալիք ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներից` Վաշինգտոնը կշարունակի օգնությունը Ուկրաինային, քանի որ երկու կուսակցությունները այդ հարցում համամիտ են։

Կիևում Սալիվանը հայտարարեց Ուկրաինային ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։

Պենտագոնը երեկ տեղեկացրեց, որ օգնության նոր փաթեթում ներառված են մոտորանավակներ, թեթև զրահամեքենաներ, դրոններ, նաև Չեխիայից T-72 տեսակի 45 տանկեր, որոնք Ուկրաինա կուղարկվեն արդիականացման աշխատանքների ավարտից հետո։

15:48 5.11.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել պատերազմը Ուկրաինայում և «լուրջ բանակցություններ» սկսել հակամարտ կողմերի միջ։

Նա խոսել է Բահրեյնում, իր ելույթում նաև անընդունելի համարելով միջուկային զենք կիրառելու սպառնալիքը, որ հնչում է պատերազմի ֆոնին։

«Կարծես թե մենք ողբերգական սցենարի ենք ականատես լինում։ Բոլոր մարդկանց մասին հոգ տանելու փոխարեն մենք խաղում ենք կրակի, արկերի և հրթիռների հետ, զենքեր, որ արցունքներ ու մահ են պատճառում», -ասել է Հռոմի պապը։

15:00 5.11.2022

Իրանն առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, պնդելով, որ առաքումը կատարվել է մինչ Ուկրաինայի դեմ պատերազմը։

Այդ մասին Թեհրանում այսօր ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանը՝ միաժամանակ հերքելով հրթիռներ մատակարարելու մեղադրանքները։

«Ինչ վերաբերում է արևմտյան որոշ երկրների բողոքներին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռներ ու դրոններ է տրամադրել Ռուսաստանին օգնելու համար Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա հրթիռների մասով այն բոլորովին կեղծ է, իսկ դրոնների մասով՝ ճիշտ։ Մենք սահմանափակ քանակությամբ դրոններ ենք տվել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմից ամիսներ առաջ»։

Մինչ այս, իրանցի պաշտոնյաները բազմիցս հերքել են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու պնդումները։ Շաբաթվա սկզբին, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը Թեհրանի դեմ այդ մեղադրանքները բոլորովին անհիմն էր համարել, կրկնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմում Իրանը չեզոքություն է պահպանում։

Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը իրանական դրոններով են հարվածում Ուկրաինայի էներգետիկ ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են։

Իրանի արտգործնախարարն այսօր ասել է, թե Ուկրաինայի իր պաշտոնակցի հետ պայմանավորվել են, որ Ուկրաինան ցանկացած ապացույց ներկայացնի իրանական դրոնները Ուկրաինայի դեմ օգտագործելու վերաբերյալ։

17:59 4.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում ասել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է հացահատիկը Սև ծովով աֆրիկյան աղքատ երկրներ փոխադրելու հարցը:

«Օրերս խոսել եմ պարոն Պուտինի հետ, նա առաջարկել է ռուսական հացահատիկն անվճար տրամադրել Ջիբութիին և Սուդանին: Մենք դա ընդունեցինք և որոշեցինք այդ մասին ավելի մանրամասն խոսել «Մեծ քսանի» գագաթնաժողովում», - ասել է Էրդողանը:

Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ այս տարվա հուլիսին են կնքել գործարքը, որով ռուսների կողմից արգելափակված ուկրաինական նավահանգիստների պահեստներում գտնվող մոտ 20 միլիոն տոննա պարենը Սև ծովով կարտահանվի հասցեատերերին: Գործարքի ժամկետը կսպառվի նոյեմբերի 19-ին:

Ռուսները պահանջում են այդ նույն ճանապարհով արտոնել նաև ռուսական արտադրության հացահատիկի և պարարտանյութի արտահանումը:

17:57 4.11.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Խերսոնի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել:

Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Խերսոնը և ևս երեք ուկրաինական շրջաններ: Կիևը և միջազգային համայնքը դա չեն ճանաչել:

Խերսոնի վերաբերյալ հորդորը Պուտինը հնչեցրել է այսօր՝ Կարմիր հրապարակում, Ռուսաստանի միասնության օրվան նվիրված միջոցառման ընթացքում:

«Նրանք, ովքեր ապրում են Խերսոնի շրջանում, պարտավոր են անհապաղ տարհանվել, քանի որ ընթանում են ծանր մարտեր: Քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի հրետակոծություններից, հարձակումներից և հակահարձակումներից ու ռազմական այլ գործողություններից»,- ասել է Պուտինը:

Խերսոնից տարհանվածներին ժամանակավոր բնակեցնում են 2014-ին բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում:

17:57 4.11.2022

Բրիտանիայում հրատարակվող The Times պարբերականը պնդում է, որ Ուկրաինայի վրա ռազմական հարձակում իրականացնելու գաղափարի ամենավճռական ջատագովներն են եղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Բորտնիկովը:

Ըստ The Times-ի, հենց նրանք են նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել սկսել «հատուկ ռազմական օպերացիան»:

Պարբերականը հրապարակել է մի հատված լրագրող Օուեն Մեթյուզի գրքից, որն առաջիկայում լույս կտեսնի: Լրագրողն իր գրքում վկայակոչում է ռուսաստանցի գործիչներին, ովքեր տեղեկացված են եղել Ուկրաինա ռուսական ներխուժման հանգամանքների վերաբերյալ:

Մեթյուզի համոզմամբ, Պատրուշևը, Բորտնիկովը և նման հայացքներ դավանողները պնդել են, թե «հարկ է Ուկրաինային հասցնել կանխարգելիչ հարված, ինչը կարևոր է Արևմուտքի հետզհետե աճող ռազմավարական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելու համար»:

Փետրվարի 24-ի հարձակումը նախապատրաստելու գործում Պատրուշևից, Բորտնիկովից և Պուտինից զատ, մեծ դեր է կատարել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով, սակայն, հանդես է եկել ոչ թե իբրև «գաղափարախոս», այլ «կատարող»:

The Times-ը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Ռուսաստանի ղեկավարը հայտնվել է փաստացի մեկուսացման մեջ, քանի որ խիստ սահմանափակվել է նրա մոտ մուտք գործող և նրա հետ տարբեր կարևոր հարցեր քննարկող մարդկանց թիվը:

Արդյունքում մեծամասնություն են կազմել մարդիկ, ովքեր հավատացել են Ուկրաինայի վրա հարձակվելու անհրաժեշտությանը: Նրանցից մեկը համարվում է գործարար Յուրի Կովալչուկը:

Ուկրաինայի վրա հարձակվելու սկզբունքային որոշումը կայացվել է 2021 թվականի ամռան վերջին:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջ դրվել է պատերազմից խուսափելու համար Արևմուտքից հնարավորինս շատ զիջումներ կորզելու խնդիր: Ինքը Լավրովն, ըստ Օուեն Մեթյուզի, ցանկացել է խաղաղ եղանակով կարգավորել առճակատումը և համոզված է եղել, որ նույն դիրքորոշումն ունի նաև նախագահ Պուտինը:

Ռուսական կողմը ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնք Արևմուտքը վերջնագիր է անվանել և մերժել է:

17:55 4.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե ՌԴ Զինված ուժերին միանալու ցանկացողների թիվը չի կրճատվում, իսկ զորակոչվածների թիվը հասել է 318 հազարին:

«Արդեն ունենք 318 հազար զորակոչված: Ինչո՞ւ 318 հազար, որովհետև կամավորներն են գալիս, նրանց թիվը չի կրճատվում»,- ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, այդ թվից 49 հազարն արդեն բանակում են և մարտական խնդիրներ են իրականացնում, իսկ մնացած զորակոչվածները պատրաստություն են անցնում:

Պուտինն ասել է նաև, թե պետությունը պետք է ամեն բան անի զորակոչվածների ընտանիքներին, ծնողներին, կանանց և երեխաներին սատարելու համար:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG