- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ՝ աջակցելու ռուսական զորքերը երկրի հարավում գտնվող առանցքային շրջաններից դուրս մղելու ջանքերին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պաշտոնյաները Associated Press լրատվական գործակալությանն ասել են, որ օգնությունը հիմնականում կկենտրոնանա արդեն մատակարարված սպառազինության համակարգերի համար զինամթերքի մատակարարման վրա, ներառյալ՝ HIMARS հրթիռային համակարգերի համար, որոնք Ուկրաինան հաջողությամբ օգտագործում է Ռուսաստանի դեմ պատերազմում։
Այս տեղեկությանն արձագանքելով՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրվի «շատ, շատ շուտով»։
Եթե հաստատվի 275 միլիոն դոլարի օգնությունը, ապա փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Կիևին Վաշինգտոնի տրամադրած օգնության ծավալը կհասնի մոտ 18 միլիարդ դոլարի։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ նա լրջորեն շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններով և մտադիր է շարունակել պատերազմը՝ պահպանելով առավելապաշտական նպատակները, կարծում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։
Մասնագետները հատկապես մատնանշում են Պուտինի՝ ԱՊՀ երկրների անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչների հետ երեկվա հեռավար հանդիպմանն արած հայտարարությունը, թե Ուկրաինան «կորցրել է ինքնիշխանությունն ու ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինային որպես «խոյ»՝ Ռուսաստանի, Բելառուսի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2022 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության հայեցակարգի ամբողջական տարբերակը, որի համաձայն՝ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ կապի խողովակները:
Պենտագոնը չի տեսնում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մտադրության մասին վկայող նշաններ:
Պենտագոնին անհանգստացնում է «Ռուսաստանի և Իրանի դաշինքի շարունակվող ամրապնդումը»:
Ըստ Պենտագոնի հրապարակած փաստաթղթի, Ամերիկայի համար թիվ մեկ սպառնալիքը Չինաստանն է:
«Չինաստանը մեր միակ մրցակիցն է, որն ունի միջազգային աշխարհակարգը փոխելու ցանկություն և դրան հասնելու կարողություն», - ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայեցակարգի հրապարակմանը նվիրված ասուլիսում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Ռուսաստանը «սուր սպառնալիք է ԱՄՆ-ի համար»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Խերսոնի մարզում Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն այսօր հայտնել է, որ ավելի քան 70 հազար բնակիչ դուրս է բերվել քաղաքից։
Օգոստոսի կեսերից ուկրաինական ուժերը Խերսոնի մարզում հակահարձակման են անցել, նրանք մոտենում են կենտրոնական քաղաք Խերսոնին։
Խերսոնից դուրս են բերվել նաև քաղաքի հիմնադիրը համարվող իշխան Գրիգորի Պոտյոմկինի մնացորդները, նա հուղարկավորված էր Եկատերինսկի տաճարի տարածքում։ Տարհանել են նաև զորավար Ալեքսանդր Սուվորովի կիսանդրին և ծովակալ Ֆյոդոր Ուշակովի արձանը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Երեքշաբթի օրը Ռուսաստանը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ-ին իր ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների մասին, որոնց ընթացքում կիրականացվեն միջուկային մարտագլխիկներ կրող բալիստիկ հրթիռների փորձարկումներ: Այս մասին հայտնել են Պենտագոնի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները։
Ամենամյա վարժանքները հատկապես այս տարի ուշադրության կենտրոնում են հայտնվել՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման ֆոնին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ռազմական դաշինքն ուշադիր հետևում է փորձարկումներին և զգոն կլինի հատկապես ռուսական կողմի միջուկային սպառնալիքներով ու վտանգավոր միջուկային հռետորաբանությամբ պայմանավորված։
ՆԱՏՕ-ն իր հերթին է զորավարժություններ անցկացնում Բելգիայում, որտեղ կառույցի անդամ ավելի քան մեկ տասնյակ երկրներ երկու շաբաթվա ընթացքում ուսումնական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով ոչ-ռազմավարական միջուկային զենք:
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է առաջին երկու NASAMS միջին հեռահարության հրթիռազենիթային համակարգերը, ամերիկյան CNBC-ի հետ զրույցում հայտարարել է Raytheon Technologies-ի գլխավոր տնօրեն Գրեգ Հայեսը։
«Մենք ԱՄՆ կառավարությանը շուրջ երկու շաբաթ առաջ երկու համակարգ ենք տրամադրել։ Դրանք այսօր ծավալվում են Ուկրաինայում», - ասել է նա։
Հայեսի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները հավանություն են տվել Կիևին երկու NASAMS-ների, բայց ոչ Patriot հրթիռազենիթային համակարգերի մատակարարմանը։ Նա նշել է, որ դրանց շուրջ բանակցությունները կանոնավոր կերպով ընթանում են, սակայն վերջնական որոշումը ԱՄՆ վարչակազմինն է։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ մարտավարական միջուկային զենքի օգտագործումը «անհավանական լուրջ սխալ» կլինի։
Այս հայտարարությունը հաջորդում է Մոսկվայի այն պնդմանը, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակման հարցը և մերժել «կեղտոտ ռումբի» մասին Ռուսաստանի պնդումը՝ այն կեղծ որակելով, հաղորդում է ամերիկյան Պետդեպարտամենտը:
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը խոստացել է աջակցել՝ ավարտին հասցնելու ռուսական զորքերը վերջնականապես հետ մղելու պայքարը։ Ռիշի Սունակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել երեկ՝ Չարլզ թագավորից կառավարություն կազմելու առաջարկը ստանալուց հետո։
Սունակը վստահեցրել է Զելենսկուն, որ իր վարչապետության օրոք Միացյալ Թագավորության աջակցությունն Ուկրաինային կլինի «ուժեղ, ինչպես միշտ», հայտնել է Դաունինգ Սթրիթ 10-ի խոսնակը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի ժամանակավոր զավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը պատերազմի ընթացքում արտասահման մեկնած հայրենակիցներին կոչ է արել չվերադառնալ մինչև գարուն:
Նրա խոսքով, դա անհրաժեշտ է առանց այն էլ աննախադեպ ծանրաբեռնվածության տակ հայտնված էլեկտրականության մատակարարման համակարգը խնայելու համար:
«Շատ եմ ուզում, որ բոլորը վերադառնան, սկսեն վերականգնել մեր երկիրը, Խերսոնի շրջանը, բայց պետք է խնդրեմ, որ չվերադառնաք, մենք պետք է այս ձմեռը վերապրենք, դժբախտաբար, ցանցերը չեն դիմանա, տեսնում եք, թե ինչեր է անում Ռուսաստանը: Եթե ունեք հնարավորություն՝ ձմեռն անցկացրեք արտասահմանում»,- հեռուստատեսությամբ ասել է նախարար Վերեշչուկը:
Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորինս խնայել հոսանքը: Երկրի մի շարք շրջաններում հովհարային անջատումներ են իրականացվում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է Խերսոնի շրջանի հարավում և Լուգանսկի շրջանի արևելքում ուկրաինացիների գրոհները հետ մղելու մասին:
«Կուպյանսկի հատվածում թշնամին տակտիկական խմբավորման գումարտակի ուժերով փորձել է գրոհել ռուսական դիրքերը Կուզեմիվկայի ուղղությամբ, բայց ռուսական հրետանին նրանց պարտության է մատնել: Ավելի քան 30 ուկրաինացի զինվոր, 1 հրասայլ, 3 զրահամեքենա և 2 բեռնատար ոչնչացվել են»,- ասել է նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պատերազմի ընթացքի մասին Մոսկվայի կամ Կիևի հայտնած տվյալների արժանահավատությունը: