Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:11 26.10.2022

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է առաջին երկու NASAMS միջին հեռահարության հրթիռազենիթային համակարգերը, ամերիկյան CNBC-ի հետ զրույցում հայտարարել է Raytheon Technologies-ի գլխավոր տնօրեն Գրեգ Հայեսը։

«Մենք ԱՄՆ կառավարությանը շուրջ երկու շաբաթ առաջ երկու համակարգ ենք տրամադրել։ Դրանք այսօր ծավալվում են Ուկրաինայում», - ասել է նա։

Հայեսի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները հավանություն են տվել Կիևին երկու NASAMS-ների, բայց ոչ Patriot հրթիռազենիթային համակարգերի մատակարարմանը։ Նա նշել է, որ դրանց շուրջ բանակցությունները կանոնավոր կերպով ընթանում են, սակայն վերջնական որոշումը ԱՄՆ վարչակազմինն է։

16:10 26.10.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ մարտավարական միջուկային զենքի օգտագործումը «անհավանական լուրջ սխալ» կլինի։

Այս հայտարարությունը հաջորդում է Մոսկվայի այն պնդմանը, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակման հարցը և մերժել «կեղտոտ ռումբի» մասին Ռուսաստանի պնդումը՝ այն կեղծ որակելով, հաղորդում է ամերիկյան Պետդեպարտամենտը:

16:07 26.10.2022

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը խոստացել է աջակցել՝ ավարտին հասցնելու ռուսական զորքերը վերջնականապես հետ մղելու պայքարը։ Ռիշի Սունակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել երեկ՝ Չարլզ թագավորից կառավարություն կազմելու առաջարկը ստանալուց հետո։

Սունակը վստահեցրել է Զելենսկուն, որ իր վարչապետության օրոք Միացյալ Թագավորության աջակցությունն Ուկրաինային կլինի «ուժեղ, ինչպես միշտ», հայտնել է Դաունինգ Սթրիթ 10-ի խոսնակը։

20:12 25.10.2022

Ուկրաինայի ժամանակավոր զավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը պատերազմի ընթացքում արտասահման մեկնած հայրենակիցներին կոչ է արել չվերադառնալ մինչև գարուն:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է առանց այն էլ աննախադեպ ծանրաբեռնվածության տակ հայտնված էլեկտրականության մատակարարման համակարգը խնայելու համար:

«Շատ եմ ուզում, որ բոլորը վերադառնան, սկսեն վերականգնել մեր երկիրը, Խերսոնի շրջանը, բայց պետք է խնդրեմ, որ չվերադառնաք, մենք պետք է այս ձմեռը վերապրենք, դժբախտաբար, ցանցերը չեն դիմանա, տեսնում եք, թե ինչեր է անում Ռուսաստանը: Եթե ունեք հնարավորություն՝ ձմեռն անցկացրեք արտասահմանում»,- հեռուստատեսությամբ ասել է նախարար Վերեշչուկը:

Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորինս խնայել հոսանքը: Երկրի մի շարք շրջաններում հովհարային անջատումներ են իրականացվում:

20:07 25.10.2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է Խերսոնի շրջանի հարավում և Լուգանսկի շրջանի արևելքում ուկրաինացիների գրոհները հետ մղելու մասին:

«Կուպյանսկի հատվածում թշնամին տակտիկական խմբավորման գումարտակի ուժերով փորձել է գրոհել ռուսական դիրքերը Կուզեմիվկայի ուղղությամբ, բայց ռուսական հրետանին նրանց պարտության է մատնել: Ավելի քան 30 ուկրաինացի զինվոր, 1 հրասայլ, 3 զրահամեքենա և 2 բեռնատար ոչնչացվել են»,- ասել է նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պատերազմի ընթացքի մասին Մոսկվայի կամ Կիևի հայտնած տվյալների արժանահավատությունը:

20:06 25.10.2022

France24 լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ զրույցում խնդրել է նրան զանգահարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ու խնդրել նրանց ջանքեր գործադրել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար:

Այդ մասին Մակրոնը խնդրել է Վատիկանում կաթոլիկ հովվապետի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար Միացյալ Նահանգները նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մակրոնը:

Նրա համոզմամբ, «Հռոմի պապն ի զորու է ազդել Բայդենի վրա, «քանի որ նրանց միջև հիրավի փոխվստահության հարաբերություններ են հաստատվել»:

Մակրոնը երրորդ անգամ է այցելել Վատիկան: Ֆրանսիայի նախագահը և Հռոմի պապը նվերներ են փոխանակել և ի շարս այլ հարցերի քննարկել են Ուկրաինայի իրավիճակը:

20:04 25.10.2022

Եվրամիությունն Ուկրաինային կտրամադրի մեկ միլիարդ եվր՝ո պատերազմից վնասված էներգահամակարգի վրականգնման համար, Բելռինում Ուկրաինայի վերականգնման հարցով միջազգային համաժողովում այսօր ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով, Ռուսաստանը միտումնավոր թիրախավորում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը և նախևառաջ էներգետիկան:

«Հենց այդ նպատակով ենք քայլեր անում Ուկրաինայի ենթակառուցվածքը վերականգնելու ուղղությամբ, հատկացնում ենք մեկ միլիարդ եվրո, բացի այդ, արդեն Ուկրաինա ենք փոխադրել 400 գեներատորներ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ուկրաինայի վերականգնման համար պետք է միասնաբար գործեն միջազգային հաստատությունները, մասնավոր սեկտորը և քաղաքացիական հասարակությունը:

16:22 25.10.2022

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «թույլ» և կոչ անելով «երկրի երեսից ջնջել ուկրաինական քաղաքները»:

Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող և նրա հրամանագրերով բազում մեդալներ, պարգևներ ու զինվորական կոչումներ ստացած Կադիրովը հատուկ հայտարարություն է տեղադրել իր Տելեգրամ-ալիքում:

«Մենք թույլ ենք պատասխանում, եթե մեր կողմ, մեր շրջան այնտեղից ական է եկել, ապա պետք է երկրի երեսից ջնջել նրանց քաղաքները, այնքան, որ հեռավոր հորիզոնը երևա, որ նրանց մոտ մեր կողմ կրակ բացելու միտքն իսկ վերանա: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի վաղը, երբ մենք ինչ-որ վճիռներ ենք կայացնում»,- ասել է Կադիրովը:

Նա պնդել է, թե Ուկրաինա ռուսական զորքի ներխուժումն այլևս պետք է անվանել ոչ թե «հատուկ ռազմական օպերացիա»՝ ինչպես «Ռոսկոմնադզորն» է (ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջում, այլ «պատերազմ», քանի որ մարտական գործողություններն արդեն տեղի են ունենում Ռուսաստանի տարածքում:

18:17 24.10.2022

Պաշտոնական Թեհրանը հերքում է Վաշինգտոնից հնչող պնդումները, որոնց համաձայն իրանցի ռազմական մասնագետները գտնվում են Ղրիմում՝ օգնելով ռուսաստանցի զինվորականներին Իրանի կողմից արտադրված և Ուկրաինայի դեմ պատերազմում լայնորեն կիրառվող անօդաչու հարվածային սարքերի կիրառման գործում։

Այս մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, սակայն, այսօր հերքել է Վաշինգտոնից հնչող այս պնդումները։

«Իսլամական հանրապետությունը շարունակաբար հայտարարել է, որ չի մասնակցում Ուկրաինայում ծավալված պատերազմին։ Մենք հակամարտող կողմերից և ոչ մեկին զենք չենք մատակարարում։ Մենք նաև կտրականապես հերքում ենք Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքները։ Դրանցով Վաշինգտոնը փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն ապակառուցողական դերակատարությունից, որ ստանձնել է Ուկրաինայում՝ պաշտպանելով կռվող կողմերից մեկին և մինչ ատամները զինելով նրան», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

17:38 24.10.2022

Ռումինիայի Պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն այսօր հրաժարական է ներկայացրել։ Դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ նախարարի վիճահարույց հայտարարություններից հետո։

Հոկտեմբերի սկզբին Դինկուն նշել էր, թե Ուկրաինան պետք է դաշնակիցների օգնությամբ խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարի Ռուսաստանի հետ։ Հետագայում նախարարը հայտարարել էր, որ իր հայտարարությունները կոնտեքստից կտրված են ներկայացվել։

Դինկուի հայտարարությունները խիստ քննադատության էին ենթարկել Ռումինիայի կառավարական կոալիցիայի անդամները, ինչպես նաև երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Վերջինը պնդել էր, թե միայն ուկրաինացիներն իրավունք ունեն որոշելու՝ երբ և ինչ պայմաններով է հարկավոր բանակցել Մոսկվայի հետ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG