- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հոկտեմբերի 10-ից ի վեր ռուսական ուժերի հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի էլեկտրակայանների 30 տոկոսը՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների ողջ երկրով մեկ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պուտինի ռեժիմի հետ բանակցությունների համար տեղ չի մնացել», - Twitter-ում գրել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ին բռնակցված չորս ուկրաինական շրջանները գտնվում են Ռուսաստանի միջուկային զինանոցի պաշտպանության ներքո:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք շրջանները գտնվում են Մոսկվայի միջուկային հովանու ներքո, Ռուսաստանի նախագահի խոսնակն արձագանքել է․ - «Այդ բոլոր տարածքները Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն են, և դրանք բոլորը պաշտպանված են։ Դրանց անվտանգությունն ապահովվում է նույն մակարդակի վրա, ինչպես Ռուսաստանի բոլոր տարածքներինը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ ամիս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե անհրաժեշտ լինի պաշտպանելու Ռուսաստանի «տարածքային ամբողջականությունը»։
Կրեմլի ղեկավարը նաև պնդել է, որ այն տարածքները , որոնք Մոսկվան զավթել է Ուկրաինայից, «ընդմիշտ» կդառնան Ռուսաստանի մաս։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր առավոտյան երեք պայթյուն է որոտացել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
UNIAN-ը հաղորդում է, որ օդային հարվածները հասցվել են Դնեպրի ձախ ափին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնում է, որ թիրախավորվել են քաղաքի հյուսիս-արևելյան Դեսնյանսկի թաղամասի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։
BBC-ի թղթակցի փոխանցմամբ` Դնեպրի ձախ ափին գտնվող Տրոյեշչինա շրջանը պայթյուններից հետո մնացել է առանց էլեկտրականության ու ջրի։
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի վրա ռուսական բանակի փետրվարի 24-ին նախաձեռնած հարձակումից հետո Ռուսաստանից դուրս են մեկնել 26 հազար հրեաներ: Եվս 35 հազար ռուսաստանցի հրեաներ այս ժամանակաշրջանում փաստաթղթերն են ձևակերպում Ռուսաստանից դուրս մեկնելու համար:
Այդ մասին հայտնել է The Guardian բրիտանական պարբերականը, որը հղում է արել ամբողջ աշխարհից Իսրայել հրեաների տեղափոխումը կարգավորող «Սոխնուտ» հրեական կազմակերպությանը:
Թերթի փոխանցմամբ, Ուկրաինայից այս պատերազմի ընթացքում Իսրայել են փոխադրվել 13 հազար ուկրաինացի հրեաներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե Ուկրաինայում համարձակվի միջուկային մարտավարական զենք կլիրառել: Այդ մասին Բայդենն ասել է CNN հեռուստակայանի թղթակցի հետ այսօրվա զրույցում:
«Չեմ կարծում, որ նա այդ քայլին դիմի, բայց համոզված եմ, որ նրա կողմից անպատասխանատվություն էր այդ հնարավորության մասին ակնարկելը»,- նշել է Բայդենը:
Նրա փոխանցմամբ, Ուկրաինայում տակտիկական միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Իրանը հայտարարել է, թե երբևէ Ռուսաստանին անօդաչուներ չի տրամադրել Ուկրաինայում կիրառելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին ասել է, որ Թեհրանը հակամարտող կողմերից և ոչ մեկին զենք չի փոխանցել:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է պատերազմին և իր կարողությունների սահմաններում, հիմնվելով երկու կողմերի հետ լավ հարաբերությունների վրա, փորձեր է ձեռնարկել այս հակամարտությունն ավարտելու համար»,- ասել է խոսնակը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինն իր Տելեգրամ-ալիքում գրել է, որ այսօր տեղի է ունենում գերիների փոխանակում ուկրաինական կողմի հետ: Այն իրականացվում է «110-ը 110-ի հետ» բանաձևով:
«Մենք Կիևին ենք փոխանցում 110 բնակիչների, հիմնականում կանանց: Ուկրաինական զնդաններից տուն ենք վերադարձնում 80 քաղաքացիական նավաստիների, որոնք այնտեղ որպես պատանդ են պահվել: Բացի այդ, ազատություն կստանան Դոնեցկի և Լուգանսկի 30 զինծառայողներ»,- հայտնել է Պուշիլինը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուս-բելառուսական տարածաշրջանային զորախումբ կազմելու համար Ռուսաստանից Բելառուս կուղարկվի մոտ 170 հրասայլ, 200 զրահամեքենա և մինչև 100 թնդանոթ ու ականանետ:
Այդ մասին այսօր Թվիթերի էջում գրել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար, գնդապետ Վալերի Ռևենկոն:
Ավելի վաղ Ռևենկոն հայտնել է, որ միացյալ զորախմբի կազմում կլինեն մոտ 9 հազար ռուսաստանցի զինծառայող:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին է հայտնել Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ կազմելու նախաձեռնության մասին:
Նրա խոսքով, ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ որոշումն ընդունել են «միութենական պետության արևմտյան սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ»:
Մի շարք ուկրաինացի, ամերիկացի և բրիտանացի փորձագետներ չեն բացառում, որ ռուս-բելառուսական համատեղ զորամիավորումը կարող է Մոսկվայի համար պատերազմի անբարենպաստ ընթացքի պարագայում Ուկրաինա ներխուժել Բելառուսի տարածքից: