- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքիան չի ընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդունումը Ռուսաստանի կազմ, ասվում է այդ երկրի արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությունում:
«Թուրքիան չի ճանաչել 2014-ին Ղրիմի ապօրինի բռնակցումը և ամեն առիթով ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը պահպանելու կարևորությունը, ուստի, մենք մերժում ենք այս չորս շրջանները Ռուսաստանին միացնելու որոշումը: Այն հակասում է միջազգային օրենքին և չի կարող ընդունելի լինել: Մենք վերստին ընդգծում ենք արդար խաղաղության սկզբունքով և բանակցային գործընթացով այս հետզհետե ահագնացող պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի ու սահմանապահ ծառայության ստորաբաժանումները Բելառուսի սահմանի մոտ զորավարժություն են անցկացնում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ցանկության է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։
«Գործնականում մենք արդեն ապացուցել ենք համապատասխանությունը դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար, իրական են մարտի դաշտում, և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում։ Մենք վստահում ենք միմյանց, մենք օգնում ենք միմյանց և պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ տեղի է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ։
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քննարկվել են անհրաժեշտ միջոցները, որոնք հարկավոր է ձեռնարկել՝ ապահովելու Եվրաատլանտյան տարածության և Ուկրաինայի անվտանգությունը։ Նշված է, որ այդ միջոցները պետք է ներառեն Ուկրաինայի դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միջուկային զսպման ռազմավարության իրականացում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրելով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միացնելու փաստաթուղթը՝ Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների, բայց միաժամանակ ընդգծել, որ այդ Ուկրաինայի այդ չորս շրջաններում անցկացված այսպես կոչված «հանրաքվեների» արդյունքները քննարկման ենթակա չեն։
Նրա խոսքերով՝ Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց չորս համաձայնագրերը՝ ուկրաինական օկուպացված տարածքները` Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին։
«Վստահ եմ՝ այս որոշումները կհաստատվեն նաև Դաշնային խորհրդում, քանի որ դա միլիոնավոր մարդկանց ցանկությունն է արտահայտում», -ասել է Կրեմլի ղեկավարը՝ հիշեցնելով օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր քննարկելու է «Հյուսիսային հոսք» գազատարի իրավիճակը։
Բալթիկ ծովի հատակով անցնող գազատարի երեք ճյուղերում աննախադեպ խաթարումներ կան ու գազի մեծ արտահոսք, որից առաջացած պղպջակները երևում են ծովի մակերևույթին։
«Հյուսիսային հոսք-1» գազատարի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ը հայտարարել է, որ գազի արտահոսքը դադարելուց հետո անհապաղ պետք է հետաքննություն անցկացվի։
Ռուսական գազը Գերմանիա մատակարարող գազատարից արդեն չորս տեղ արտահոսք կա։ Ռադարների արձանագրած տվյալների համաձայն՝ գազի արտահոսքը Բալթիկ ծովի հատակում պայթյունների հետևանք է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ գազատարի դեմ իրականացված դիվերսիան միջազգային ահաբեկչություն է։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը։
Այսօր նա հրամանագիր ստորագրեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ՝ փետրվարին, ՌԴ նախագահը ճանաչել էր Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Հիմա հիմք ընդունելով Ուկրաինայի տարածքներում վերջերս անցկացված այսպես կոչված հանրաքվեների արդյունքները՝ որոշում կընդունվի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Առնվազն 23 մարդ է զոհվել, շուրջ երեք տասնյակը վիրավորվել այսօր առավոտյան Զապորոժիեի մոտ քաղաքացիական ավտոշարասյունը հրթիռակոծելու հետևանքով։
Զապորոժիեի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնել է, որ շարասյունը հրթիռակոծել է ռուսական կողմը։ Տելեգրամի իր էջում նա գրել է, որ մարդիկ հերթ էին կանգնել ժամանակավորապես օկուպացված տարածք մտնելու, օգնություն տանելու, իրենց հարազատներին դուրս բերելու համար։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ասել է, որ Զապորոժիեի վրա 13 հրթիռ է արձակվել։
Ռուսական կողմը խաղաղ բնակիչներին հրթիռակոծելու մեջ մեղադրում է Ուկրաինային։ Զապորոժիեի օկուպացված շրջանի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովն ասել է, թե տեսնելով, որ մարդիկ զանգվածաբար գնում են Զապորոժիեի մարզի «ազատագրված շրջանը», նրանք հարվածել են տասնյակ ավտոմեքենաների շարասյանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին:
Փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն այս որոշումը կայացրել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամքը հանրաքվեի ժամանակ։
Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է այս տարվա փետրվարին: