- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները:
Եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի չորս շրջանները միացնելու իր ծրագրերը, դա կնշանակի վտանգավոր էսկալացիա, որը կվտանգի տարածաշրջանում խաղաղության հեռանկարները, երեկ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները բռնակցելու ցանկացած որոշում իրավական ուժ չի ունենա և արժանի է դատապարտման», - լրագրողներին ասել է Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Գուտերեշին մեղադրել է կազմակերպության կանոնադրությունը խախտելու մեջ։
«Մենք ցավում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համար: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևողականորեն ցուցաբերում է նույն ընտրողական մոտեցումը, ինչ հավաքական Արևմուտքի երկրները՝ բառացիորեն դնելով իրեն նույն շարքում նրանց հետ» - ասվում է ռուսական առաքելության հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում մարդուժի և տեխնիկայի մեծ կորուստներից առաջացած պարապը լրացնելու համար Ռուսաստանը Հյուսիսային Եվրոպայում գտնվող ռազմակայանների զինծառայողների մոտ 80 տոկոսին փոխադրել է ռազմաճակատ, հղում անելով արևմտյան վերլուծաբաններին, հայտնում է The Foreign Policy հեղինակավոր ամերիկյան հանդեսը:
Փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմից առաջ Ռուսաստանը Բալթյան երկրների և Ֆինլանդիայի մոտակայքում պահել է մոտ 30 հազար զինծառայող, հիմա նրանց 80 տոկոսն Ուկրաինայում է:
Նախկինում Ռուսաստանի զինուժի ամենախիտ կուտակումներից մեկը ՆԱՏՕ-ի հետ սահմաններին էր, բայց հիմա այնտեղ մնացել են նվազագույն անհրաժեշտ թվով զինծառայողներ:
«Կրճատումը, որի ականատեսն ենք անցած 7 ամիսների ընթացքում, հիրավի շատ մեծ է», - ասել է սկանդինավյան երկրներից մեկը ներկայացնող մի անանուն փորձագետ, ավելացնելով, թե «Ռուսաստանն այստեղ տասնամյակներ շարունակ ուներ ցամաքային հզոր զորամիավորում, որը հիմա գործնականում գրեթե անհետացել է»:
Փորձագետը միաժամանակ նշել է, որ Մոսկվան այս շրջանում տակավին ունի շատ հզոր օդուժի ներկայություն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայրենակիցներին կոչ է անում «առանց հապաղելու հեռանալ Ռուսաստանի տարածքից, իսկ այլ երկրներում գտնվողներին՝ չայցելել Ռուսաստան»:
Այդ մասին հայտարարությունը երեկվանից տեղադրվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքէջում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք է, և երկքաղաքացիություն ունեցողներին ռուսական իշխանությունները կարող են ուժով զինվորագրել, ընդ որում՝ զրկել ԱՄՆ հյուպատոսարանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և արգելել դուրս մեկնել երկրից:
Դեսպանատունը նաև կոչ է անում ամերիկացիներին հաշվի առնել, որ Ռուսաստանում հավաքների և կարծիքներ արտահայտելու ազատությունը խիստ սահմանափակված է, և չմասնակցել զորահավաքի դեմ բողոքի ակցիաներին, ինչպես նաև չլուսանկարվել դրանց ընթացքում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վաղը Կրեմլում տեղի կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի և Պետական դումայի պատգամավորների հանդիպումը, որի օրակարգում Ուկրաինայի զավթված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքների վերաբերյալ նախատեսված քայլերն են:
Վաղը Կրեմլում կստորագրվեն փաստաթղթեր Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների ընդգրկման մասին: Այդ տեղեկությունը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մի անանուն օրենսդիր ՏԱՍՍ լրատվական գործակալությանն էլ հայտնել է, որ նախագահը մտադիր է հատուկ ուղերձով դիմել խորհրդարանի երկու պալատներին՝ Դաշնության խորհրդին և Պետական դումային:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր Տելեգրամ ալիքում կողմ է արտահայտվել մասնակի մոբիլիզացիայի պատճառով զինվորական ծառայության ենթակա անձանց համար սահմանների փակմանը։
«Զինվորական հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին զորահավաք հայտարարվելու պահից արգելվում է լքել իրենց բնակության վայրը առանց զինկոմիսարիատների թույլտվության: Օրենքի նման նորմ կա, և դրանով պետք է առաջնորդվեն բոլոր զինապարտները», - գրել է Վոլոդինը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Վրաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ դատապարտում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կազմակերպած անօրինական հանրաքվեները։
«Ուկրաինական տարածքի բռնազավթման այդ փորձերը անընդունելի են։ Վրաստանը վճռական պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի Թվիթերի էջում տեղադրված հայտարարությունում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատացյալներին ասել է, որ աղոթում է Ուկրաինայի ժողովրդի համար։ «Իմ մտքերն ուղղված են տանջահար Ուկրաինային, որն այնքան տառապում է, և այն խեղճ մարդկանց, որոնց դաժանորեն դատում են», -ասել է նա։
Հռոմի պապը նաև հայտնել է, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն առաքող իր բարեգործական կազմակերպության ղեկավար կարդինալ Կոնրադ Կրայևսկին, ով անցած շաբաթ թեթև հրաձգության տակ էր ընկել, իրեն «սարսափելի բաներ» է պատմել։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են հավանական փոփոխությունների, որոնք հնարավոր Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներից հետո:
«Մեր օրենսդրությունը նախատեսում է տարբերակներ, բնականաբար, մեր օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են», - ասել է Պեսկովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցելել է Կիև, որտեղ հանդիպել է իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրո Կուլեբային:
Կոլոննան հավաստիացրել է, որ Ֆրանսիան անվերապահորեն կշարունակի աջակցել Ուկրաինային:
Փարիզը Կիևին արդեն տրամադրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի մարդասիրական, ռազմական, ֆինանսական, դիվանագիտական և տնտեսական օգնություն:
«Մենք լայնածավալ աջակցություն ենք հատկացնում և դրա համար մոբիլիզացրել ենք Ֆրանսիայի պետության բոլոր կարողությունները: Այս օգնությունը կշարունակվի»,- ասել է Կոլոննան:
Երկու նախարարները նաև նշել են, որ միջազգային համայնքը ոչ մի պարագայում չի ճանաչի ռուսների կողմից Ուկրաինայի զավթված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով կեղծ հանրաքվեների արդյունքները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե չի դիմել Վրաստանի, Ղազախստանի և որևէ այլ երկրի իշխանություններին՝ այնտեղ ապաստանած ռուսաստանցի զորակոչիկներին Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով:
«Պաշտպանության նախարարությունը մասնակի զորահավաքի իրականացման շրջանակներում ուրիշ պետություններին չի դիմել ռուսաստանցիներին ուժով Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով, նման հնարավորություն չի ծրագրել և չի ծրագրում», - ասվում է պաշտպանական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում: