Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Ուկրաինայում պատերազմի 221-րդ օրն է։

Ռուսաստանում սահմանադրական ճանաչվեց Ուկրաինայի չորս տարածաշրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ընդգրկումը ՌԴ կազմում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի ընթացքում կանանց զորակոչելու մտադրություն չկա:

Միացյալ Նահանգները ևս 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Կիևին:

Ուկրաինական ուժերը մտել են Դոնեցկի շրջանի Լիման ավանը:

Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը Ռուսաստանին:

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել:

Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ տեղի է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ։

15:48 22.9.2022

Ֆրանսիան սատարում է Ուկրաինային, բայց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ և կշարունակի Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր լրագրողներին ասել է նախագահական օդանավում, որով Նյու Յորքից վերադարձել է Փարիզ:

Նյու Յորքում Մակրոնը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

«Այո, հայտարարելով մասնակի զորահավաքի մասին և հիշեցնելով, թե ունի համապատասխան սպառազեն՝ Ռուսաստանն անցավ սրացման նոր փուլին: Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցությունն Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել, բայց մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինային օգնելու հետ մեկտեղ մենք նաև պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով, հարկ է ամեն բան անել, որ կողմերը վերստին նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

14:13 22.9.2022

Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում Զապորոժիեի ատոմակայանը հարվածների ենթարկելու համար:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ռուսական ուժերը Խերսոնի և Դոնեցկի շրջաններում թիրախավորել են ուկրաինացիների զինծառայողներին և զինտեխնիկան, վայր են գցել ուկրաինական մի քանի անօդաչուներ և ոչնչացրել են ամերիկյան արտադրության հրթիռային կայանքներ և հակառադարային հրթիռներ:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն, իր հերթին, այսօր հայտնել է, որ բանակը կասեցրել է ռուսների գրոհը Կուպյանսկի ուղղությամբ և հաջողությամբ ռազմաճակատի տարբեր հատվածներում հարվածներ է հասցրել ռուսական դիրքերին:

Ուկրաինացիները պնդում են նաև, որ վերջին մարտերում կարողացել են վայր գցել ռուսական անօդաչուներ:

14:07 22.9.2022

Մոսկվայում երեկ հայտարարված զորահավաքի դեմ ցույցից որոշ ձերբակալվածների ոստիկանության բաժիններում զինկոմիսարիատների ծանուցագրեր են հանձնվել։

Իրավապաշտպանները հայտնում են, որ ձերբակալվածներից առնվազն մեկին սպառնացել են քրեական գործ հարուցել՝ ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։

Վորոնեժում ոստիկանության բաժանմունքում հակապատերազմական ցույցերի մի քանի ձերբակալված մասնակիցներին ծանուցումներ են տրվել սեպտեմբերի 23-ին զինկոմիսարիատ ներկայանալու համար:

Երեկ ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի 38 քաղաքներում։

Ձերբակալվածների մեծ մասը Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում են՝ այս քաղաքներում ոստիկանները հատկապես կոշտ են գործել։

Ձերբակալվածների թվում կան տուժածներ:

13:52 22.9.2022

Սեպտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաև հինգ տասնյակից ավելի ռուս զինծառայողների։ Իր հերթին, Մոսկվան Կիևին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների. նրանց թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանած մարտիկներն ու հրամանատարները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG