- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի զինված ուժերը այսօր հարձակում են սկսել երկրի հարավում` ռուսական բանակի կողմից բռնազավթված Խերսոնում:
«Այսօր մենք հարձակողական գործողություններ ենք սկսել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Խերսոնում», - ըստ տեղական լրատվամիջոցների` հայտարարել է Զինված ուժերի խոսնակը՝ զերծ մնալով հավելյալ մանրամասներից։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենչուկը կոչ է արել նվազեցնել ռազմաճակատից լուրերի շուրջ աղմուկը։
«Ռազմական գործողությունը լռություն է պահանջում, հիբրիդային պատերազմի, տեղեկատվական պատերազմի պայմաններում այս իրարանցումը ճիշտ չէ։ Ցանկացած գործողություն, թեկուզ ոգեշնչող, պետք է իրականացվի և ունենա տրամաբանական ավարտ, և միայն այդ դեպքում դա կարող է արդյունավետ համարվել», - ասել է նա:
Այսօր ավելի վաղ իր Տելեգրամ ալիքում Օդեսայի շրջանային ռազմական վարչության փոխնախագահ Ալեքսեյ Մացուլևիչը գրել էր․ «Խերսոնի համար մարտերը սկսվել են»:
Սակայն կարճ ժամանակ անց պաշտոնյան ջնջել էր գրառումը։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Եվրամիությունում նախագահող Չեխիան սեպտեմբերի 9-ին գումարել է անդամ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու էներգակիրների գների աճը, հայտարարել է Չեխիայի արդյունաբերության նախարար Ժոսեֆ Սիկելան։
Ավելի վաղ չեխական կողմի մտադրության մասին երկրի վարչապետ Պետր Ֆիալան էր հայտնել: Իսկ արդարադատության նախարար Պավել Բլաժեկը խորհրդարանի ստորին՝ Դեպուտատների պալատում հայտարարել էր, որ Եվրոպական միությունում էներգակիրների սրընթաց գնաճը սպառնում է հանրությանը և մասնավորապես Չեխիայում ձևավորված քաղաքական համակարգին:
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Շվեդիան խոստացել է հավելյալ կես միլիարդ կրոնի (մոտ 47 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար։ Որոշման մասին հայտնել է երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։
«Սահմանները չպետք է փոխվեն ուժի գործադրմամբ», - BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է Շվեդիայի վարչապետը։
«Դուք պաշտպանում եք մեր եվրոպական արժեքներն ու միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը։ Ձեզ աջակցելը մեզ համար պատիվ է և պարտականություն։ Եվ հենց դրա համար էլ իմ կառավարությունը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ 1 մլրդ կրոն ծավալով», - ասել է Անդերսոնը։
Շվեդիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան սկզբում կստանա 500 մլն կրոն ռազմական աջակցություն։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Գերմանիան կշարունակի օժանդակել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, Պրահայի Կառլի համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանցլերն ասել է, որ Գերմանիան կարող է նաև պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հրետանու և հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացման համար։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան հանձնառու է Եվրամիության ընդլայնմանը, հավելելով՝ Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ի վերջո նաև Վրաստանը պետք է միանան դաշինքին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարում է, որ բացահայտել է երկրորդ ուկրաինացու ինքնությունը, ով ենթադրաբար առնչություն ունի ռուս ազգայնական գաղափարախոս, Արևմուտքի կողմից «Պուտինի ուղեղ» անվան արժանացած Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի սպանությանը։
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Բոգդան Ցիգանենկոն օգնել է Դուգինայի սպանության նախապատրաստմանը։ Ըստ այդ վարկածի՝ Ցիգանենկոն գլխավոր կասկածյալին՝ Նատալյա Վովկին, անձը հաստատող կեղծ փաստաթուղթ և ավտոմեքենայի կեղծ պետհամարանիշեր է տրամադրել, նա օգնել է նաև հավաքել պայթուցիկ սարքը, որը դրվել էր Դուգինայի մեքենայում:
Վովկը, ըստ ԱԴԾ-ի, հուլիսին Ռուսաստան է ժամանել 12-ամյա դստեր հետ և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան։ Նույն վարկածի համաձայն՝ 44-ամյա Ցիգանենկոն Էստոնիայի տարածքով Ռուսաստան է ժամանել հուլիսի 30-ին և լքել երկիրը սպանությունից մեկ օր առաջ։
Ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Դուգինայի սպանությունը «պատրաստվել և իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից», ինչը Կիևը կտրականապես հերքում է:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գործակալության առաքելությունն այս շաբաթ կայցելի Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայան։
«Եկել է օրը, ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունն ու առաքելությունը Զապորոժիեի ճանապարհին է», - Թվիթերում գրել է Ռաֆայել Գրոսսին։
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը մնում է անփոփոխ՝ չնայած Ռուսաստանի «ցինիկ խոչընդոտմանը», ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի երեկվա հայտարարությունում։
Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակել էր միջուկային զենքի չտարածման պայմանագիրը կատարելու մասին ամփոփիչ փաստաթղթի ընդունումը, քանի որ այնտեղ խոսք կար Ուկրաինայում իրավիճակի մասին։ Փաստաթուղթը լուրջ մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի էլեկտրակայանների, ներառյալ պատերազմի՝ սկզբում ռուսական ուժերի կողմից գրաված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գործակալության առաքելությունն այս շաբաթ կայցելի Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայան։
«Եկել է օրը, ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունն ու առաքելությունը Զապորոժիեի ճանապարհին է», - Թվիթերում գրել է Ռաֆայել Գրոսսին։
«Մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Հպարտ եմ՝ ղեկավարել այս առաքելությունը», - ասել է Գրոսսին:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր կմեկնի Շվեդիա, իսկ հաջորդ օրը՝ Չեխիա՝ ամրապնդելու միջազգային աջակցությունը Կիևին։
Պրահայում Կուլեբան կմասնակցի Եվրամիության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և ռուս զբոսաշրջիկների համար ԵՄ ամբողջ տարածքում վիզային ռեժիմի հնարավոր արգելքը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կասեցնել Ռուսաստանի` Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի պաշտպանությունը ճեղքելու ջանքերը։
Շաբաթներ առաջ գրավելով Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը և վերահսկողություն հաստատելով Լուգանսկի մարզի նկատմամբ՝ ռուսական ուժերը կենտրոնացել են ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտի վրա: Քաղաքը, որը մինչ պատերազմը մոտ 70 հազար բնակիչ ուներ, շաբաթվա վերջին կրկին հրետակոծվել է, հարվածներ են հասցվել նաև մոտակայքում գտնվող Սոլեդար և Զայցևե քաղաքներին։
Ուկրաինական ռազմական զեկույցում նշվում է, նաև որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական առաջխաղացումը Դոնեցի մարզի երկու այլ խոշոր քաղաքների՝ Սլովյանսկի և Կրամատորսկի մոտ: Ուկրաինացի զինվորականները նաև հայտնել են, որ ածուխ արտադրող Ավդիևկա քաղաքում իրենց զորքերը կարողացել են հետ մղել ռուսական հարձակումը՝ չնայած հակառակորդի հրետանային և օդային հարվածներին:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ԵՄ արտաքին գործերի նախարարները ծրագրում են աջակցել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի կասեցմանը, որպեսզի կրճատեն ռուսաստանցիներին տրվող շենգենյան վիզաների թիվը, կիրակի գրում է Financial Times-ը։
Բացի այդ, ըստ FT-ի աղբյուրներից մեկի, մինչև տարեվերջ կարող են ավելի արմատական որոշումներ կայացվել ռուսների համար վիզաների հետ կապված։
Ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը նախկինում քննարկվել է Էստոնիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում և Լիտվայում, սակայն Եվրամիությունում այս հարցում կոնսենսուս չկա. Գերմանիան Հունաստանի և Կիպրոսի հետ անհամաձայնություն է հայտնել սրան: