- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո մոտ մեկ միլիոն ռուսաստանցիներ տեղափոխվել են Եվրամիության տարածք: Այդ մասին հաղորդում է Frontex-ը՝ սահմանապահ և առափնյա պաշտպանության եվրոպական գործակալությունը, որի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչև օգոստոսի 22-ը Ռուսաստանից Եվրամիություն է տեղափոխվել 998 հազար 85 քաղաքացի:
Գործակալությունը նաև նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում ԵՄ մուտք գործող ռուսաստանցիների թիվը փոքր-ինչ նվազել է:
Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ արտագաղթել են ոչ միայն Եվրամիության, այլև ուրիշ ուղղություններով:
Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան: Հայաստանում հաստատվել են մոտ 40 հազար ռուսաստանցիններ:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Աշխարհը հազիվ է խուսափել միջուկային վթարից․ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսական հրետակոծության պատճառով ԱԷԿ-ը մի քանի ժամ կտրվել է էլցանցից,հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, ռուսական ուժերը ռմբահարել են քարածխով աշխատող էլեկտրակայանին մոտ գտնվող մոխրի հորերը, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ԱԷԿ-ը հոսանքազրկվել է։ Սակայն այդ ժամանակ սկսել են գործել դիզելով աշխատող գեներատորները, որոնք շարունակել են էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱԷԿ-ին՝ ապահովելով ատոմակայանի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքը։
Ռուսական կողմն, իր հերթին, Կիևին է մեղադրում ատոմակայանի տարածքի հրետակոծման համար։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կասետային ռումբեր լայնորեն օգտագործելու մեջ, ինչի հետևանքով վնասվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք։
Ժամեր առաջ հրապարակված զեկույցի համաձայն` աշխարհի տարբեր հատվածներում ներկայումս ընթացող ռազմական գործողություններից կասետային ռումբեր կիրառվում են միայն ուկրաինական պատերազմում։
Կազմակերպությունը մեղադրել է նաև Ուկրաինային նման ռումբեր կիրառելու մեջ՝ առնվազն երեք անգամ:
Human Rights Watch-ը կոչ է արել Մոսկվային ու Կիևին միանալ կասետային ռումբերի կիրառումն արգելող 2008 թվականի միջազգային պայմանագրին։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Զապորոժիեի ատոմակայանի աշխատող վերջին երկու ռեակտորներն անջատվել են՝ հարակից հրդեհների և էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։ Այս փաստը խորացրել է մտահոգությունները, որ ԱԷԿ-ում կարող է միջադեպ գրանցվել։
Ավելի վաղ՝ երեկ հաղորդվել էր, որ ատոմակայանն անջատվել է ուկրաինական էլեկտրացանցից:
Այս ամենի ֆոնին օտարերկրյա՝ նախևառաջ եվրոպական տարբեր պաշտոնյաներ շարունակում են ճնշում գործադրել Մոսկվայի ու Կիևի նկատմամբ՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը զերծ մնա վթարից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի ավելացվում է երկրի զինված ուժերում ծառայողների քանակը։ Ներկայիս 1 միլիոն 900 հազարի փոխարեն` 2023 թվականի հունվարի 1-ից ռուսական բանակում ծառայելու է 2 միլիոն 40 հազար մարդ։
Իրավական տեղեկագրում հրապարակված հրամանագրի տեքստից հնարավոր չէ հասկանալ նման որոշում ընդունելու դրդապատճառները։ Միայն նշված է, որ հրամանագիրը ստորագրվել է «Պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։
Գալիք տարվանից ռուսական բանակի 2 միլիոն 40 հազար թվաքանակից 1 միլիոն 150 հազարը լինելու են զինվորականներ, մնացածը՝ քաղաքացիական անձնակազմ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը չեղարկել է իր մասնակցությունը հաջորդ ամիս Ղազախստանում կայանալիք միջկրոնական համաժողովին, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին կապերի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտն Անտոնին ասել է, որ պատրիարք Կիրիլը չի մասնակցի սեպտեմբերի 13-15-ը կայանալիք կրոնական համաշխարհային առաջնորդների համաժողովին, և հետևաբար Հռոմի պապի հետ որևէ հանդիպում տեղի չի ունենա։
Կիրիլը հոգևոր և գաղափարախոսական քարոզչությամբ արդարացնում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա` այն կոչելով «մետաֆիզիկական պայքար Արևմուտքի դեմ»։ Նա օրհնել է պատերազմ մեկնող ռուս զինվորներին։
Հռոմի պապը դատապարտել է պատերազմը, բայց փորձում է բաց պահել Մոսկվայի հետ երկխոսության պատուհանը, որի համար արժանացել է Կիևի քննադատությանը։
Ֆրանցիսկոս պապը անցած ամիս ասել էր, թե Կիրիլին կհանդիպի Ղազախստանի համաժողովում, ինչը կլիներ Հռոմի պապի և ռուս պատրիարքի պատմության մեջ երկրորդ հանդիպումը։
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Կանադան Գերմանիային կփոխանցի ևս 5 տուրբին` «Հյուսիսային հոսք» գազատարի համար, հայտարարել է Կանադայի արտգործնախարարը։
Կանադայի կառավարությունը տուրբինների վերադարձը անհրաժեշտ քայլ է համարել Գերմանիա գազամատակարարումն ապահովելու համար։
Հուլիսին Կանադայի իշխանությունները, Բեռլինի խնդրանքով, թույլատրել են Մոնրեալում տեխնիկական սպասարկում անցնող մեկ տուրբին ուղարկել Գերմանիա՝ «Գազպրոմին» փոխանցելու համար։ Ռուսական կողմն այն չի ընդունել՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները։ Ուկրաինան կոչ է արել Կանադային՝ չվերադարձնել տուրբինները, և Ռուսաստանին մեղադրում է Գերմանիային շանտաժի ենթարկելու մեջ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս երեք տասնյակ վիրավորներ կան չորեքշաբթի երեկոյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ զոհվածների թվում երկու երեխա կա։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրետակոծված վայրի լուսանկար է հրապարակել։ «Ռուս ահաբեկիչները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին», - Թվիթերում գրել է Կուլեբան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ասել է, որ այդ պահին ստացված տեղեկատվության համաձայն՝ մարդատար չորս վագոններում հրդեհ է բռնկվել։ «Ահա թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, այսօր հայտարարել է, որ Չապլինո կայարանում զինվորական էշելոնին «Իսկանդեր» հրթիռով հասցված հարվածի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի 200-ից ավելի պահեստազորայիններ են սպանվել և ոչնչացվել է 10 միավոր զինտեխնիկա, որոնք ուղևորվում էին դեպի Դոնբասում ռազմական գործողությունների գոտի:
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դարձյալ խորը մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իր Թվիթերում այսօր Գուտերեշը գրել է, որ հետագա էսկալացիան կարող է ինքնաոչնչացման հանգեցնել՝ նկատի ունենալով Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի վթարի դեպքում զանգվածային աղետալի հետևանքները։
«ՄԱԿ-ի քարտուղարությունը պատրաստ է աջակցել Կիևից դեպի ատոմակայան յուրաքանչյուր առաքելության», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի վիճակը։
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ուկրաինայի բժշկական հաստատությունները պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական բանակի հարձակմանն են ենթարկվել ավելի քան 400 անգամ, ինչի հետևանքով առնվազն 98 մարդ է զոհվել՝ ինչպես բժիշկներ, այնպես էլ հիվանդներ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր զեկույցում:
Ըստ զեկույցի՝ թիրախավորվել են նաև շտապօգնության մեքենաներն ու դեղորայքի պահեստները: Ու չնայած կրած լուրջ վնասներին՝ Ուկրաինայի առողջապահական համակարգը կոլապսի չի ենթարկվել, հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: