- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ուկրաինայի բժշկական հաստատությունները պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական բանակի հարձակմանն են ենթարկվել ավելի քան 400 անգամ, ինչի հետևանքով առնվազն 98 մարդ է զոհվել՝ ինչպես բժիշկներ, այնպես էլ հիվանդներ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր զեկույցում:
Ըստ զեկույցի՝ թիրախավորվել են նաև շտապօգնության մեքենաներն ու դեղորայքի պահեստները: Ու չնայած կրած լուրջ վնասներին՝ Ուկրաինայի առողջապահական համակարգը կոլապսի չի ենթարկվել, հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր զանգահարելու է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն:
Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ կներկայացնի Ուկրաինային փոխանցվելիք ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության գծով համակարգող Ջոն Քիրբին:
«Նախագահը, բնականաբար, նաև կշնորհավորի Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ», - ասել է Քիրբին:
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Հունգարիայի կառավարությունը մտադիր չէ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն էստոնացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո:
«Մենք կիսում ենք Գերմանիայի կանցլերի տեսակետը և չենք ծրագրում որևէ սահմանափակում», - ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ֆեյսբուքում գրել է Սիյարտոն:
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Կրեմլն Ուկրաինայում չի հասնում իր նպատակներին, ռուսական բանակի դիրքերը թուլանում են, պնդում է բրիտանական հետախուզությունը:
Ռազմաճակատի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հերթական զեկույցում ասվում է, որ ռուսական բանակն Ուկրաինայում գտնվում է ողբալի վիճակում։
Բրիտանական հետախուզության գնահատականների համաձայն՝ ռուսական զինուժը Դոնբասում նվազագույն առաջընթաց է գրանցել, կա զինամթերքի, մարդուժի պակաս։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե ռազմական գործողությունը Ուկրաինայում դանդաղեցվել է՝ խուսափելու համար քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսական իշխանությունները ձերբակալել են Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանին, որը հայտնի է որպես Կրեմլի քննադատ, և դեմ է արտահայտվում Ուկրաինա ռուսական ներխուժմանը։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, քաղաքական գործիչը մեղադրվում է ռուսական բանակը վարկաբեկելու համար։
Ռոյզմանը Եկատերինբուրգի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին։ Նա եղել է "Эхо Москвы" ռադիոկայանի աշխատակիցը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, այդ թվում՝ տարածաշրջանային ղեկավարների նկատմամբ. խոսքը ՌԴ ևս 62 քաղաքացու և մեկ պաշտպանական ընկերության մասին է։
Վարչապետ Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ Ռուսաստանի 27 շրջանների կառավարիչները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև «Ավտոմատիկա»-ի թոփ մենեջերները, որը պետական վերահսկողության տակ գտնվող «Ռոստեխ» կոնգլոմերատի մաս է և զբաղվում է պաշտպանական ու բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ, տուժել են նոր պատժամիջոցներից։
Կանադայի պատժամիջոցների ցուցակում այժմ կա 1500 ՌԴ քաղաքացի և ընկերություն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա երկու դուստրերը, նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, որը համարվում է Պուտինի մտերիմը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և նախագահի այլ մերձավորներ։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Միացյալ Նահանգները Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի զինամթերք և սարքավորումներ կտրամադրի, Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված ուղերձում հայտնել է նախագահ Ջո Բայդենը։
Ըստ նրա՝ սա ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային տրամադրվող ռազմական ամենամեծ օգնության փաթեթն է։
Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չի հստակեցրել։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Splean ռոք խմբի ելույթը մոսկովյան փառատոնում, երբ Splean-ի մենակատար Ալեքսանդր Վասիլևը երգ է նվիրել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո երկիրը լքած աստղերին:
Վասիլևը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր խումբը ելույթ չի ունենա օգոստոսի 26-ի համերգին:
Ռուսաստանը չեղյալ է հայտարարել երկրի տարածքում տասնյակ արտիստների ելույթներ, որոնք համարձակվել են անհամաձայնություն հայտնել ներխուժմանը Ուկրաինա:
Ուկրաինայում Ռուսասատանի սկսած պատերազմից հետո որոշ արտիստներ կամավոր լքել են երկիրը կամ դադարեցրել հյուրախաղերը:
«Կոմերսանտ»-ն ընդծել է, որ Splean-ը միևնույն ժամանակ որևէ կարծիք չի հայտնել Ուկրաինայում պատերազմի կամ Ռուսաստանի ղեկավարության մասին:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կվերագրավի 2014 թվականին Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը ցանկացած միջոցներով, և ընդգծել՝ նախքան դա անելը Կիևը չի խորհրդակցի այլ երկրների հետ։
«Ղրիմը եղել է և կա Ուկրաինա», - ասել է Զելենսկին երեկ «Ղրիմի պլատֆորմի» ժամանակ, որը Կիևի կողմից կազմակերպվող ամենամյա ֆորում է։
Մեկօրյա միջոցառմանը մասնակցում էին տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ հիմնականում տեսակապով։
Կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Մոսկվայի կառավարումը Ղրիմում վնաս է հասցրել Սևծովյան տարածաշրջանի շրջակա միջավայրին, բերել է տնտեսական անկում, սոցիալական ճնշում և միլիտարիզմ։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Այսօր լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման արդեն կես տարին։ Փետրվարի 24-ից անցած 182 օրերին շարունակվող մարտերի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, միլիոնավորները տեղահան են եղել։ Ռուսաստանն այս ընթացքում գրավել է երկրի տարածքի շուրջ 20 տոկոսը։
Ուկրաինական կողմը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 9 հազար ուկրաինացի զինծառայող։ Ռուսական կողմը չի հայտնում իր կորուստների մասին; Մինչդեռ, ըստ ԱՄՆ հետախուզության, այսպես կոչված «հատուկ գործողության» ընթացքում 15 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել։
Այսօր Ուկրաինայում նշում են Խորհրդային Միությունից անկախանալու 31-րդ տարին։ Ռուսական հավանական հարվածների նախազգուշացումների ֆոնին մայրաքաղաք Կիևում արգելվել են հանրային միջոցառումները։
Անկախության տոնին նվիրված տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին վերստին հայտարարել է, որ ուկրաինական բանակը վերականգնելու է երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ազատագրելու է Արևելյան Դոնբասն ու Ղրիմը։
«Ի՞նչ է մեզ համար պատերազմի ավարտը։ Մենք նախկինում ասում էինք՝ խաղաղություն, հիմա մենք ասում ենք՝ հաղթանակ», - տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։