Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:30 19.8.2022

ԵՄ երկրները պետք է անհապաղ չեղարկեն ռուսների համար նախկինում տրված շենգենյան վիզաները, որոնք բազմակի մուտք են ապահովում այդ երկրներ, ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ այսօր Politico-ում հրապարակված մեկնաբանությունում։

«Այս պահից սկսած մենք պետք է հստակ «ոչ» ասենք Ռուսաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին: Միևնույն ժամանակ, շարունակեք ընդունել նրանց, ովքեր ապաստանի կարիք ունեն, ոչ թե Եվրոպայում հանգստանալու», - Լիտվայի արտաքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում Politico-ն։

Նախարարն առաջարկել է «չեղարկել նախկինում տրված երկարաժամկետ բազմակի մուտքի արտոնագրերը» առնվազն այն ժամանակահատվածի համար, երբ ռուսական ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում շարունակվում է։

12:30 19.8.2022

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կոչ է արել՝ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։

«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հնարավորինս շուտ մուտք գործի Զապորոժիեի ԱԷԿ»,- ասել է Փրայսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով։

10:19 19.8.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրացուցիչ ռազմական օգնություն է պատրաստում Ուկրաինային` մոտ 800 մլն դոլարի չափով։

Սպիտակ տունը կարող է այդ մասին հայտարարել արդեն այսօր, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երեք աղբյուրը։

Նախագահը կարող է օգնություն տրամադրել Ուկրաինային՝ օգտագործելով ծախսերը կրճատելու իր լիազորությունները, որոնք թույլ են տալիս պետության ղեկավարին Պենտագոնի պահեստներից ավելցուկային զենքի փոխանցում, ասել են նրանք։

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

00:01 19.8.2022

Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը:

Ըստ Էրդողանի, քննարկվել է հացահատիկի փոխադրման շուրջ համաձայնության կայացումից հետո ստեղծված դրական մթնոլորտը պատերազմի դադարեցմանը ծառայեցնելու հնարավորությունը:

«Մեր եռակողմ հանդիպման հիմնական թեման այս պատերազմի հնարավոր ավարտն է»,- ասել է Էրդողանը:

CNN Turk հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ուկրաինան և Ռուսաստանը՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, կնքել են համաձայնություն, որով այժմ իրականացվում է պարենի փոխադրումը ռուսների կողմից պաշարված ուկրաինական նավահանգիստներից:

«Մենք խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է կատարել ստամբուլյան համաձայնությունն ամուր խաղաղության վերածելու համար: Ես ընդգծել եմ, որ միջազգային համայնքը պարտավոր է մեծ ջանքեր գործադրել և արագացնել դիվանագիտական գործընթացը»,- Լվովում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

16:54 18.8.2022

Մոսկվան մերժում է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՄԱԿ-ի առաջարկը:

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը այս առաջարկը «անընդունելի» է որակել՝ պնդելով, որ նման քայլն «ատոմակայանն է՛լ ավելի խոցելի կդարձնի»։

16:51 18.8.2022

Թուրքական աղբյուրների պնդմամբ` Ռեջեպ Թայիփ Էրդողանը այսօր Լվովում նախատեսված բանակցությունների ընթացքում հանդես է գալու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Այս մասին տեղեկացրել է թուրքական A Haber հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Մեկ այլ թուրքական հեռուստաընկերության՝ CNN Turk-ի տեղեկություններով` Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման դեպքում կողմերը պետք է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ մշակեն։ Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ էլ` Լվովում Էրդողանը կարող է առաջարկել Մոսկվայի և Կիևի միջև կրակի դադարեցման համաձայնագիր կնքել, ինչպես նաև ձեռնամուխ լինել գերիների փոխանակմանը։

«Կրակի հաստատուն դադարեցման հեռանկարը կախված է, թե ինչ ուղերձներ կստանան այսօր Թուրքիայի նախագահն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Վլադիմիր Զելենսկուց», - հաղորդում է CNN Turk-ը։

16:50 18.8.2022

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի երեկոյան Բեռլինից 40 կիլոմետր հյուսիս գտնվող Նոյռուպին քաղաք կատարած այցի ընթացքում չի կարողացել ավարտել իր ելույթը՝ կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիների սուլոցների և վիրավորական բացականչությունների պատճառով։

Շոլցը 30 հազար բնակիչ ունեցող Նոյռուպին էր ժամանել «Քաղաքացիական երկխոսություն» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մասնակցելու համար։ Հրապարակում հավաքված քաղաքացիները, սակայն, Շոլցին դիմավորել են «Ստախոս» և «Կորիր այստեղից» վանկարկումներով։

Գերմանական աղբյուրների փոխանցմամբ` տեղի բնակիչների դժգոհության գլխավոր պատճառը Ուկրաինայում ծավալված պատերազմի ֆոնին արձանագրվող աննախադեպ գնաճն էր։

14:05 18.8.2022

Ռուսական բանակն այսօր առավոտյան հրետակոծել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի շրջաններից մեկը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով` ռուսական հրթիռը հարվածել է Սալտովի շրջանում գտնվող բազմահարկ շենքերից մեկի հարակից տարածքին, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։

«Նախնական տեղեկությունների համաձայն` հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ,13-ը վիրավորվել են», - փոխանցում է BBC-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի հրետակոծությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում՝ այն «քաղաքացիական անձանց հասցված ստոր և ցինիկ հարված որակելով»։

Զելենսկու պնդմամբ` հարվածի թիրախում հայտնված շինությունում հանրակացարան էր տեղակայված։ Ռուսական կողմը Խարկովի հրետակոծությունն առայժմ չի մեկնաբանում։

12:09 18.8.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Կիևը սադրանք է նախապատրաստում Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանում։ Այն, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` վաղը կայանալիք այցի ժամանակ։

«Օգոստոսի 19-ին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Զապորոժիեի ատոմակայան կատարելիք այցի ընթացքում, Կիևի վարչակազմը մեծ հնչեղություն ունեցող սադրանք է նախապատրաստում։ Դրա հետևանքով Ռուսաստանի հասցեին ատոմակայանում տեխնոգեն աղետ հրահրելու մեղադրանք է ուղղվելու», - նշված է Ռուսաստանի ՊՆ այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ։

«Ուկրաինայի ԶՈւ 44-րդ հրետանային բրիգադը մտադիր է Նիկոպոլում գտնվող կրակային դիրքերից օգոստոսի 19-ին հարվածներ հասցնել Զոպորոժիեի ատոմակայանին։ Այդ հարվածների հետևանքների մեղքը բարդվելու է Ռուսաստանի Զինված ուժերի վրա», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

12:06 18.8.2022

Գյուղմթերքով բեռնված հերթական նավը լքել է ուկրաինական նավահանգիստներից մեկը, հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Բելիզի դրոշի ներքո նավարկով I Maria բեռնանավը այսօր առավոտյան դուրս է եկել Չերնոմորսկի նավահանգստից։ Այն բեռնված է ուկրաինական եգիպտացորենով։

Այսպիսով, Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված քառակողմ համաձայնագրի շրջանակներում ուկրաինական նավահանգիստները լքած նավերի թիվը հասել է 25-ի։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այսօր ևս չորս նավեր կժամանեն ուկրաինական նավահանգիստներ՝ առաջիկա օրերին գյուղմթերքով բեռնվելու համար:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG