- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, թե «Կրակեն» խմբավորման ժամանակավոր տեղակայման վայր դարձած՝ Խարկովի մեխանիկական տեխնիկումի տարածքին հասցված օդային հարվածից զոհվել է մինչև 350 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 11 միավոր զինտեխնիկա:
Շարունակվում են մարտական գործողությունները Դոնբասում, կողմերը հաղորդում են միմյանց մեծաթիվ կորուստների մասին:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հաղորդել է գիշերը ուկրաինական այս քաղաքի ռմբակոծության մասին՝ անվանելով այն մինչ այժմ ամենաուժգինը:
Ըստ Սենկևիչի՝ պայթյուններից հետո մի քանի հրդեհ է բռնկվել, ավերվել և վնասվել են բնակելի շենքեր, փրկարարական աշխատանքների մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Հաղորդվում է նաև, որ ռմբակոծության հետևանքով իրենց տանը զոհվել են Ուկրաինայի ազգային հերոս, «Նիբուլոն» ագրարային ընկերության հիմնադիր 74-ամյա Ալեքսեյ Վադատուրսկին և նրա կինը: Վադատուրսկին 24-րդն էր ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում՝ 430 միլիոն դոլար կարողությամբ:
Խարկովին նույնպես գիշերը և առավոտյան ուժգին հարվածներ են հասցվել, հաղորդել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբին, շտաբի աշխատակիցներից 6-ը տուժել են, զոհվածներ չկան: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:
Հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանում նշվող Ռազմածովային նավատորմի օրը: Օրվա առթիվ բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել, նահանգապետը քաղաքացիներին կոչ է արել տանը մնալ:
Ռազվոժաևի հավաստմամբ՝ անօդաչուն Ուկրաինայի զինված ուժերինն էր:
Ուկրաինայի ռազմածովային ուժերում «հորինվածք» են որակել հաղորդագրությունը՝ պնդելով, թե իրականում «թշնամին չի համարձակվել տոնել ռազմածովային ուժերի օրը՝ զգուշանալով Ուկրաինայի զինված ուժերից, և պատրվակ է հորինել միջոցառումները չեղյալ հայտարարելու համար»:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում Ղրիմից սենատոր Օլգա Կովիտիդին, մինչդեռ, վստահ է, որ անօդաչուի հարձակումն իրականացվել է ոչ թե դրսից, այլ Սևաստոպոլի տարածքից: Նշելով, որ քաղաքում օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում, նա հույս է հայտնել, որ մինչև երեկո «ահաբեկչության» կազմակերպիչները կհայտնաբերվեն, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ջեռուցման շրջանից առաջ պարտադիր եղանակով տարհանելու է Դոնբասում ռուսների հսկողության տակ չգտնվող տարածքներում ապրող բնակիչներին: Այդ մասին ասել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
«Դոնեցկի շրջանում ամբողջությամբ բացակայում է գազամատակարարումը, բոլոր խողովակները, որոնք հնարավոր էր նորոգել, մենք նորոգել ենք, բայց թշնամին, ավաղ, ամեն անգամ ոչնչացնում է այն ամենն, ինչի օգնությամբ հնարավոր է ձմռանը ջեռուցում ապահովել, չկա բնականոն էլեկտրամատակարարում, մի խոսքով, Դոնբասի շրջանում ձմռանը տները տաքացնելու հնարավորություն չի լինի»,- ասել է Վերեշչուկը:
Նրա փոխանցմամբ, Դոնեցկի շրջանից կտարհանվի առնվազն 200 հազար բնակիչ:
Փոխվարչապետի խոսքով, մարդիկ կարող են հրաժարվել տարհանումից, բայց այդ դեպքում պարտավորված կլինեն գրավոր հաստատել, որ գիտակցում են դրա հնարավոր հետևանքները և անձնական պատասխանատվություն են կրում իրենց կյանքի համար:
Պարտադիր տարհանում կարող է իրականացվել նաև Զապորոժիեի շրջանում, որտեղ տարածքի 65 տոկոսն այլևս չունի գազամատակարարում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրը Թվիթերում գրել է, թե ռուսական ստորաբաժանումներն Ուկրաինայում «արդեն շնչահեղձ են լինում»:
Մուրի համոզմամբ, դա «պատերազմին ոչ պատշաճ մակարդակով պատրաստվելու և դրան նախորդող շրջանում, ինչպես նաև դրա ընթացքում սխալներ թույլ տալու հետևանք է»:
Բրիտանական հետախուզության փոխանցմամբ, ռուսական ուժերի կորուստներն Ուկրաինայում «հասնում են տասնյակ հազարների, և այդ կորուստներն արդեն դժվար է լրացնել»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցում են բավարար թվով զինծառայողներ, և այդ առումով երկրում զորահավաքային միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չկա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվան Ուկրաինայում ռուսների հսկողության տակ հայտնված տարածքների ղեկավարներից պահանջում է կազմակերպել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության փորձագետները ենթադրում են, որ այդ «հանրաքվեները» կարող են տեղի ունենալ մինչև այս տարեվերջ:
«Տեղական իշխանությունները բնակիչներին համոզում են հայտնել անձնական տվյալները, որոնք հետագայում կօգտագործվեն ընտրողների ցուցակները կազմելու համար», - հայտնել են բրիտանացի փորձագետները:
Խերսոնում Մոսկվայի կողմից նշանակված ռազմական վարչակազմը մի քանի շաբաթ առաջ արդեն հայտնել է, որ ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի զինված ուժերի հարավային խմբավորման հրամանատարությունն այսօր հաղորդել է Խերսոնի շրջանում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայողներ և զինամթերքի երկու պահեստներ ոչնչացնելու մասին:
Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, Խերսոնի շրջանում Դնեպրի գետի վրայով երկաթուղային հաղորդակցությունը խափանված է, ինչն էլ ավելի է դժվարացնում ռուսական ուժերի մատակարարումը:
Ուկրաինացիներն արևմտյան զինատեսակներով են թիրախավորել Դնեպրի վրայով գցված երեք կամուրջները: Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, հուլիսի 29-ին ոչնչացվել է մոտ 170 ռուսաստանցի զինծառայող և առնվազն 7 հրասայլ:
Անկախ աղբյուրներն այս պահի դրությամբ չեն կարող ստուգել ուկրաինական կողմի հայտնած տվյալների արժանահավատությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը պայմանավորվել են աշխատել՝ «թեթևացնելու ուկրաինական պատերազմի հետևանքները»: Այս մասին հայտարարում է Ելիսեյան պալատը Փարիզում երկու առաջնորդների բանակցություններից հետո:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինական պատերազմով պայմանավորված էներգակիրների և պարենային ապրանքների թանկացումների ֆոնին հուլիսին եվրոյի գոտում գնաճը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 8,9 տոկոսի։
Եվրոպական միության «Եվրոստատ» վիճակագրական գործակալության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ գնաճի հիմքում էներգակիրների գներն են, որոնք տարեկան կտրվածքով աճել են 39,7 տոկոսով, և պարենային ապրանքների գները անցած տարվա համեմատ աճել են 9,8 տոկոսով:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։
«Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», - Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», - ասել է Զելենսկին: