- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը։
Wall Street Journal -ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ հրադադարը Ռոսաստանին թույլ կտա պահպանել ուկրաինական տարածքները՝ հնարավորություն տալով Մոսկվային լրացնել պահեստները և վերազինվել հաջորդ փուլի համար:
Wall Street Journal -ը մեջբերում է պարբերականի պատվերով Ուկրաինայում անցկացված հարցման արդյունքները, որի համաձայն հարցվածների 89 տոկոսը դեմ է արտահայտվել խաղաղ համաձայնագրին, որը կպահանջի իրենց երկրի տարածքների զիջում։
Շաբաթ գիշերը և վաղ առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքների, մասնավորապես Խարկովի և Նիկոլաևի վրա։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է քաղաքի կենտրոնական թաղամասերին մի քանի ուժեղ հարվածների մասին։ Շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել Օսնովյանսկի շրջանը։ Հայտնի է մեկ տուժածի մասին:
Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ հայտնել է, որ շաբաթ առավոտյան՝ մոտավորապես ժամը 04:20-ին, ռուսները գրոհել են քաղաքը S-300 վեց հրթիռներով։
Միացյալ Նահանգները ստորագրել է ևս 270 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային, ներառյալ ևս չորս HIMARS հրթիռային կայաններ, ուղարկվածների թիվը հասցնելով 20-ի: Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն շաբաթասկզբին հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները կտրամադրի մինչև 100 HIMARS համակարգեր:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի խոսքով՝ օգնությունը կներառի նաև 500 շարժական անօդաչու թռչող սարք և 36 000 հրետանային զինամթերք:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիությունը հաստատեց Ուկրաինային ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթը։ Պատերազմի մեկնարկից ի վեր սա Բրյուսելի կողմից Կիևին հատկացվող օգնության արդեն հինգերորդ փաթեթն է՝ ընդհանուր գումարը հասցնելով 2,5 միլիարդ եվրոյի։
Եվրամիությունից բացի, Ուկրաինային աննախադեպ օգնություն է հատկացնում Միացյալ Նահանգները՝ ավելի վաղ հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ փաթեթը նախատեսում է 24 միլիարդ դոլարի հատկացում սպառազինության ձեռքբերման, ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսական ծրագրերին, հումանիտար խնդիրների լուծմանը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիր է ստորագրվել։
Փաստաթղթի ստորագրման արարողությանը Ռուսաստանի կողմից մասնակցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ուկրաինայից ներկա էր ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, գործարքի միջնորդ Թուրքիայից փաստաթուղթը ստորագրել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, բանակցությունները նախաձեռնած ՄԱԿ-ը ներկայացնում էր կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ Սև ծովում պետք է ապաշրջափակվեն ուկրաինական երեք նավահանգիստներ՝ Օդեսան, Չեռնոմորսկը և Յուժնին։ Ռուսաստանը դրանք շրջափակել է պատերազմի սկզբից։ Մոսկվան ու Կիևը երաշխավորում են բեռնատար նավերի անցման երթուղու հրադադարը, պարտավորվում նաև ականազերծել այդ երթուղիները։ Հացահատիկի բեռնումը կվերահսկեն Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված խմբերը, բեռնատար նավերը կուղեկցեն բացառապես ուկրաինական նավատորմի նավերը։
Թուրքական կողմն իր հերթին պետք է ստուգի Ուկրաինայի նավահանգիստներ ժամանող դատարկ նավերը։ Այդկերպ թուրքական կողմը կփորձի փարատել Ռուսաստանի մտավախությունը, որ այդ նավերը կարող են օգտագործվել իբր արևմտյան զենք տեղափոխելու համար:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ Ռուսաստանը օրական հարյուրավոր զինվորականներ է կորցնում ուկրաինական պատերազմում և փետրվարի 24-ից ի վեր զոհվել են հազարավոր լեյտենանտներ, կապիտաններ, սպանվել են նաև հարյուրավոր գնդապետներ և «բազմաթիվ» գեներալներ: Այս մասին, անանուն մնալու պայմանով, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկատվություն չի ներկայացրել:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Mango հագուստի ապրանքանիշը թուրքական ընկերության օգնությամբ վերադառնում է ռուսական շուկա: Թուրքական Fiba Retail ընկերությունը, որը Ռուսաստանում զբաղվում էր բրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի ապրանքանիշի առաջմղամբ, բրիտանական արտադրանքի փոխարենը այժմ կզբաղվի իսպանական հագուստի վաճառքով։
Fiba Retail-ի կառավարման ներքո Ռուսաստանում գործում էր M&S-ի 48 խանութ, այդ թվում 33-ը՝ Մոսկվայում, 5-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Այժմ, ինչպես հաղորդվում է, այդ խանութներում M&S-ի փոխարեն կարող են վաճառվել Mango-ի ապրանքները:
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո բրիտանական բրենդը որոշել է լքել ռուսաստանյան շուկան։ Իսպանական Mango-ն նույնպես մարտին դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը ռուսական խանութներում՝ պահպանելով միայն առցանց վաճառքը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ՝ ստորագրելու ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով պայմանագիրը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Շոյգուն նախատեսում է նաև առանձնազրույց ունենալ թուրք պաշտոնակցի հետ։
Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են այսօր՝ առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը միանգամայն անհնար է՝ դա կնշանակի սպիտակ դրոշ բարձրացնել։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, պնդելով՝ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ իր կախվածությունը ռուսական գազից մեծանա։
Անցած օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր գործարկել «Հյուսիսային հոսք 2»-ը, ինչը, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, կնպաստի Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի լուծմանը։
Գերմանիայի փոխկանցլերի խոսքով՝ Բեռլինը «Հյուսիսային հոսք 1»-ի աշխատանքի վերսկսումը հուսալի չի համարում, քանի որ, ինչպես շեշտել է Հաբեկը, Պուտինը բազմիցս օգտագործել է գազի մատակարարումները որպես գործիք, ուստի պետք է այլընտրանք գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի կառավարությունը ոչ-բարեկամական երկրներին ցանկում ավելացրել է Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան՝ ցանկում ընդգրկված երկրների թիվը հասցնելով 48-ի։
Կառավարության նոր որոշումը հինգ երկրների համար սահմանափակում է Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատողներ ընդունելու հնարավորությունը։ Փաստաթղթի համաձայն՝ Սլովենիան և Խորվաթիան չեն կարողանա իրենց դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում աշխատողներ ընդունել Ռուսաստանից։ Հունաստանին թույլատրվել է աշխատանքային պայմանագրեր կնքել 34 աշխատակցի հետ, Դանիային՝ 20, Սլովակիային՝ 16։