- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որն ունի առանձին գլուխ՝ նվիրված Ուկրաինա ռուսական ներխուժմանը, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը։
Ինչպես գրում են ճապոնացի ռազմական վերլուծաբանները, Մոսկվայի գործողությունները վտանգ են ներկայացնում այն առումով, որ այլ երկրներ կարող են կարծել, թե «ընդունելի են ստատուս քվոն ուժով միակողմանիորեն փոխելու փորձերը»։ Տոկիոն մտավախություն ունի, որ այդ ազդանշանը ստացողներից մեկը կարող է լինել Չինաստանը, որը կարող է ուժով փորձել վերահսկողություն հաստատել Թայվանի նկատմամբ։
Տոկիոն վտանգ է տեսնում նաև Ճապոնիայի շուրջ ռազմավարական լանդշաֆտի փոփոխության հետ կապված, մասնավորապես՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա խորացման մեջ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում: Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Հացահատիկի արտահանման մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որին ներկա կլինեն նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեղի կունենա ուրբաթ օրը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ», - ասվում է թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը հայտնել է, որ ռուս զինվորականները առնվազն 14 միավոր ռազմական ծանր տեխնիկա, զինամթերք, զենք ու պայթուցիկ նյութեր են մտցրել Զապորոժիեի ատոմակայանի մասնաշենքերից մեկը։
«Բերված ծանր տեխնիկան իր ամբողջ զինամթերքով այս պահին գտնվում է տուրբոգեներատորի աշխատանքը ապահովող սարքավորումների մոտ»,- հայտարարել է «Էներգոատոմը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսները ատոմակայանի տարածքում փորձում են զինտեխնիկա թաքցնել ուկրաինական ուժերի հարվածներից։
Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 15 հազար ռուսաստանցի զինվորական, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
«ԱՄՆ-ի հետախուզական համայնքի վերջին գնահատականներով` 15 հազար զոհ սպանված, և մոտ երեք անգամ ավելի վիրավորներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
«Ուկրաինացիները նույնպես տուժել են, հավանաբար ավելի քիչ, բայց, այնուամենայնիվ, դրանք զգալի կորուստներ են»,- հավելել է ԱՄՆ ԿՀՎ տնօրենը։
Հիշեցնենք՝ Խորհրդային Միությունը Աֆղանստանում տասնամյա պատերազմում կորցրել է մոտ 15 հազար զինվորական։
Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ մինչև հուլիսի վերջը հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Կարծում եմ` նախագահ Սիի հետ կխոսեմ առաջիկա տասն օրվա մեջ», - երեկ ասել է Բայդենը։
Վաշինգտոնը Պեկինին համարում է իր ռազմավարական մրցակիցը և գտնում, որ բարձր մակարդակի շփումներն առանցքային դեր են խաղում կայունության ապահովման գործում։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է, որ աջակցություն չցուցաբերի Մոսկվային։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի հետ կապված լուրերը, ասել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանի նախագահի առողջական վատ վիճակը հաստատող որևէ տեղեկություն չունեն։
Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անցկացվող անվտանգային հարցերով համաժողովում Բըրնսը ասել է․ «Շատ լուրեր են պտտվում նախագահ Պուտինի առողջության մասին, բայց որքանով կարող ենք դատել, նա նույնիսկ չափազանց առողջ է»։
Մամուլում և սոցցանցերում ենթադրություններ են շրջանառվում, թե Վլադիմիր Պուտինը, ով այս տարի կդառնա 70 տարեկան, առողջական լուրջ խնդիրներ ունի։
Վլադիմիր Պուտինը առողջական խնդիրներ չունի, հավաստիացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:
Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով Պուտինի առողջական վիճակի մասին լուրերը, ասել է, թե նա լավ է, «նրա առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է»։
«Գիտեք՝ ուկրաինական տեղեկատվական չակերտավոր մասնագետները, և ամերիկյան ու բրիտանական, նրանք վերջին ամիսներին տարբեր «բադեր» են բաց թողնում նախագահի առողջական վիճակի հետ կապված։ Դրանք ոչ այլ ինչ են, քան «բադեր», որոնց մասին մենք ասել ենք», - լրագրողներին այսօր ասել է Կրեմլի խոսնակը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Տասնօրյա ընդհատումից հետո Ռուսաստանն այսօր սկսել է Գերմանիայի գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով։ Այդ մասին հայտնել է Nord Stream AG օպերատոր ընկերությունը՝ փարատելով մտահոգությունները, թե ռուսական կողմի տեխնիկական սպասարկման ժամկետները հնարավոր է երկարաձգվեն։
«Գազպրոմ»-ը հուլիսի 11-ից դադարեցել էր գազամատակարարումը՝ որպես պատճառ նշելով տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքները։
«Հյուսիսային հոսք 1» գազատարով Եվրոպան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Ռուսաստանից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներկրման դեմ, ինչպես նաև հայտարարել է ածխի և նավթի ներմուծման արգելքի մասին։
Ածխի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից, իսկ նավթինը՝ դեկտեմբերի 31-ից։
Մեծ Բրիտանիան վերջին անգամ հունիսի 23-ին էր ընդլայնել ռուսական ներմուծման և արտահանման դեմ պատժամիջոցները: Այն ժամանակ Լոնդոնն արգելեց ավիավառելիքի, նավթի և դրա վերամշակման հետ կապված ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Պաշտոնական Վաշինգտոնը հուսով է, որ ռուսական նավթի առավելագույն գինը կսահմանվի մինչև դեկտեմբեր: Երեկ այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։
Ըստ փոխնախարարի, դա կօգնի նվազեցնել էներգակիրների համաշխարհային գները։
Ռուսաստանը նավթ չի արտահանի համաշխարհային շուկա, եթե դրա գինը ցածր լինի արտադրության ինքնարժեքից, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինային թույլ են տվել հետաձգել պետական պարտատոմսերով վճարումների ժամկետը և վարկատու այլ պետություններին կոչ են արել միանալ այդ նախաձեռնությանը և այդպես օգնել Ռուսաստանի ագրեսիային ենթարկված երկրին:
Վճարումների ժամկետը երկարաձգվում է մինչև 2023-ի տարեվերջ, ընդ որում այն հարկ եղած դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Հուլիսի 19-ին Ուկրաինայի կառավարությունը միջազգային վարկատուներին դիմել է պետական պարտքի վճարումները հետաձգելու խնդրանքով: