Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:07 26.4.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ օժանդակելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Նա նշել է, որ պետք է պահպանել ու շարունակել ստամբուլյան հանդիպման դրական լիցքերը և կրկին առաջարկել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպեն Ստամբուլում։ Էրդողանը նաև շեշտել է Ուկրաինայում հումանիտար միջանցքներով մարդկանց ապահով տարհանելու կարևորությունը։

11:52 26.4.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել 165 միլիոն դոլար արժողությամբ նախկին «Վարշավայի պայմանագրի» զինամթերքի և այլ ոչ ստանդարտ սպառազինության վաճառքին Ուկրաինային:

Լեհաստանն էլ տանկեր է ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ չմանրամասնելով։

11:51 26.4.2022

Ուկրաինայում պատերազմում զոհվել են 2 հազար 665 խաղաղ բնակիչներ, որոնցից 195-ը՝ երեխաներ։ Այս տվյալներն է հրապարակել երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով էլ՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում մահացել է 217 երեխա, վիրավորվել է 391-ը։

Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։

11:49 26.4.2022

Ուկրաինային ռազմական օգնության համակարգումն է լինելու 40-ից ավելի պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպումը կանցկացնի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։

«Առաջիկա մի քանի շաբաթները շատ, շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մշտական աջակցության կարիք ունի մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Դա է հանդիպման նպատակը», - հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին։

Փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,7 միլիարդ դոլարի զենք, որոնց թվում նաև՝ հրթիռներ, անօդաչու սարքեր, հաուբիցներ:

23:34 25.4.2022

Նախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Բրիջիթ Բրինքի թեկնածությունը, որն այժմ ղեկավարում է Սլովակիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2019 թվականից՝ Մարի Յովանովիչի պաշտոնանկությունից հետո։

23:32 25.4.2022

Գերագույն Ռադայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աջակիցներին միավորող «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան դիմել է Միացյալ Նահանգների և ԵՄ ղեկավարությանը՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու պահանջով։

«Արախամիան եվրոպացիներին և ամերիկացիներին կոչ է անում արգելանք դնել Իվանիշվիլիի՝ Արևմուտքում գտնվող ունեցվածքի վրա», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։

«Իվանիշվիլին սերտ կապեր ունի Ռուսաստանի իշխող շրջանակների հետ և վերածվել է վրացական Յանուկովիչի։ Ուկրաինայի հանդեպ նրա վարած քաղաքականությունը աջակցություն չունի այդ երկրի քաղաքացիների շրջանում», - հայտարարել է Զելենսկու թիմակիցը։

23:30 25.4.2022

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այսօր ժամանել է Անկարա, որտեղ նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Գուտերեշի և Էրդողանի բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայում ստեղծված կացությունն է և այն դերակատարությունը, որ կարող է խաղալ Թուրքիան՝ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունների դադարեցման գործում։

Վաղն արդեն Գուտերեշը կուղևորվի Մոսկվա, որտեղ ուկրաինական վերջին զարգացումները կքննարկի նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հինգշաբթի օրն արդեն Գուտերեշը կմեկնի Կիև։ Այստեղ նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

23:29 25.4.2022

Ռուսաստանը արտաքսում է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան 40 աշխատակցի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ որոշումը փոխանցվել է Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայերին։

Վերջինս հատուկ դրա համար հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ։

«Այս քայլը իրականացվել է որպես Գերմանիայի կառավարության [ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին] որոշման համաչափ պատասխան», - հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։

23:25 25.4.2022

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) պնդում է, որ կարողացել է կանխել հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

Գերատեսչության պնդմամբ, մահափորձը պետք է իրականացնեին Ռուսաստանի տարածքում արգելված "National Socialism/White Power" նեոնացիստական խմբավորման անդամները։

Ռուսաստանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ որպես սպանության պատվիրատու հանդես էր գալիս Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

«Հանցավոր խմբի անդամները այժմ խոստովանական ցուցմունքներ են տալիս՝ նշելով, որ Սոլովյովի սպանությունից հետո պատրաստվում էին թաքնվել արտերկրում», - նշված է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում։

14:57 25.4.2022

Ռուսաստանը այսօր կրկին մարդասիրական միջանցք է բացում «Ազովստալ» գործարանի շրջակայքում՝ հնարավորություն տալով ձեռնարկության նկուղներում գտնվող քաղաքացիական անձանց լքել տարածքը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ գործող Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Քաղաքացիական անձանց տարհանման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի Կիևի իշխանությունների և այդ մարդկանց որպես կենդանի վահան օգտագործող ազգայնական ստորաբաժանումների հրամանատարների սկզբունքային որոշումներից բացի», - հայտարարել է Միզինցևը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG