- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սլովակիան Ուկրաինային է փոխանցում S-300 ՀՕՊ համակարգեր: Այդ մասին հայտնել է վարչապետ Էդուարդ Հեգերը:
Ս-300 համակարգերի փոխադրման տեսագրությունը հրապարակել է Սլովակիայի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը չի հայտնել, թե կոնկրետ երբ են համակարգերն ուղարկվել Ուկրաինա:
Սլովակիան դարձավ առաջին երկիրը, որը ՀՕՊ համակարգեր է տրամադրում Ուկրաինային: Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտնել է, որ երկիրը հաջորդ շաբաթվա ընթացքում կստանա Patriot տեսակի ամերիկյան ՀՕՊ համակարգեր:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը հրթիռակոծվել է: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը:
Կրամատորսկը գտնվում է ուկրաինական ուժերի հսկողության տակ: Հրթիռակոծման պահին կայարանում հավաքված մեծ թվով խաղաղ բնակիչներ փորձել են գնացքներով հեռանալ քաղաքից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկաթուղային կայարանին հարված է հասցվել «Տոչկա-Ու» հրթիռով: Նա պնդում է, որ հրթիռը ռուսներն են արձակել:
Դոնբասի անջատականները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում են մեղադրանքը և պնդում են, որ տեղի ունեցածն ուկրաինացիների կազմակերպած սադրանքն է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, թե «Մեծ քսանի» խմբում գտնվող երկրները պետք է քննարկեն Ուկրաինայի պատերազմի պայմաններում Ռուսաստանի անդամության նպատակահարմարությունը:
«Մեծ յոթնյակի գործընկերների հետ մենք որոշել ենք, որ չի կարելի նախկինի պես Ռուսաստանի մասնակցությամբ անցկացնել բազմակողմանի հավաքներ: Ինչ վերաբերում է Մեծ քսանյակին՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հարցը քննարկել խմբում այսօր նախագահող Ինդոնեզիայի և մնացած անդամների հետ», - ասել է Կիշիդան:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցրել Ինդոնեզիայի վրա՝ համոզելով այդ երկրին թույլ չտալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Պուտինի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին կախված կլինի ընդհանուր իրավիճակի զարգացումից: Խոսնակի փոխանցմամբ՝ Մոսկվան այդ հարցում նախևառաջ հաշվի է առնելու կազմակերպիչ պետության՝ Ինդոնեզիայի դիրքորոշումը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների 5-րդ փաթեթը: Սանկցիոն ցուցակում են նաև ֆիզիկական անձինք ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից:
Սանկցիաների 5-րդ փաթեթով ենթադրվում է արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ: Բացառություն կարվի միայն գյուղատնտեսական, պարենային և մարդասիրական նշանակության արտադրանք փոխադրող նավերի համար:
Նոր փաթեթով արգելվում է ռուսական ածխի ներկրումը: Էմբարգոն ուժի մեջ կմտնի ամռան վերջին:
Եվրամիության տարածքում արգելվում է ռուսական և բելառուսական ավտոտրանսպորտային ձեռնարկությունների գործունեությունը, այդ թվում՝ տարանցման դեպքում, եթե դա խոչընդոտելու է բեռնափոխադրումները:
Արգելվում է ռեակտիվ վառելիքի, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, արդիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման և արդիական այլ սարքավորումների փոխադրումը Ռուսաստան:
Արգելվում են գործարքներ ռուսական չորս առաջատար բանկերի հետ: Խոսքը ռուսական շուկայի 23 տոկոսը գրաված բանկերի մասին է: Այդ քառյակում է նաև ՎՏԲ-ն:
Արգելվում է արժույթի և արժեթղթերի վաճառքը Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական անձանց:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Բորոդյանկա ավանում իրավիճակն էլ ավելի սարսափելի է, քան Բուչայում: Տեղացի պաշտոնյաները պնդում են, որ Բորոդյանկայում ռուսներն ավելի քան 300 մարդու են սպանել:
«Բորոդյանկայում ավերակների մաքրման աշխատանքը սկսվել է: Այնտեղ կացությունն էապես ավելի ծանր է, կան ռուս զավթիչների կողմից սպանված ավելի մեծ թվով տեղացիներ: Եվ ի՞նչ կլինի, երբ աշխարհի լիդերներն ամբողջ ճշմարտությունն իմանան Մարիուպոլում ռուս զինծառայողների արաքների մասին: Այնտեղ գրեթե յուրաքանչյուր փողոցում կա այն, ինչ տեսել ենք Բուչայում և Կիևի շրջանի մյուս ավաններում՝ ռուսական ուժերի հեռանալուց հետո: Նույն դաժանությունը, նույն սարսափելի հանցանքները»,- ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնել ռազմական թիրախներին», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռուսները պնդում են, որ անցած գիշեր Խարկովի, Նիկոլաևի և Դոնբասի շրջաններում հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական բանակի վառելիքի չորս պահեստներ:
Կոնաշենկովի փոխանցմամբ, ոչնչացվել են նաև մի ամրացված մեքենայացված հետևակային վաշտ, տանկային դասակ և Ժիտոմիրի կայարանում մի գնացք, որը պետք է ռազմական տեխնիկա փոխադրեր ուկրաինական բանակի համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս գիշեր գնացքով մեկնել է Կիև։
Հաղորդվում է, որ ֆոն դեր Լայենը մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պատվիրակության կազմում են Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի մի շարք շրջանների վարչակազմերը հայտնում են, որ այս գիշեր ռուսական զորքերը շարունակել են հարվածները երկրի տարածքում։
Գիշերը հարված է հասցվել Խարկովին, որտեղ մեկ մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել։
Լուգանսկի շրջանում մեկ մարդ է զոհվել Լիսիչանսկ քաղաքի հրետակոծության ժամանակ։
«Շրջափակում, հումանիտար աղետ, մաքրման գործողություն, փողոցային դիրքային մարտեր», - Մարիուպոլում տիրող իրավիճակն են նկարագրում քաղաքային իշխանությունները։
Երեկ ժամը 22:50-ի սահմաններում Օդեսայի ենթակառուցվածքը հարձակման է ենթարկվել ծովից: Մանրամասներ դեռևս չկան։
Այսօր նախատեսվում է 10 մարդասիրական միջանցք՝ բնակչության տարհանման համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի թարմացված տվյալներով՝ Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայում 1611 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 131 երեխա, վիրավորվել է 2 հազար 227 մարդ, մեծ մասը՝ ծանր հրետանու և հրթիռային համակարգերի կիրառման արդյունքում։
ՄԱԿ-ը նշել է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զեկույցներում ներառված են միայն հաստատված դեպքերը, իսկ որտեղ մարտեր են ընթանում, հնարավոր չէ արագ ճշտել տեղեկություննները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։
«Պետք է զինադադար լինի, և Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից», - հայտարարել է Շոլցը՝ պնդելով, թե Պուտինը կործանում է ոչ միայն Ուկրաինան, այլև սեփական երկրի ապագան։