- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ աջակցել Ուկրաինային։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը հայտարարեց անցած գիշեր՝ դիմելով ամերիկյան երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխության՝ Grammy-ի մասնակիցներին։
«Ես կոչ եմ անում ձեզ՝ պատմել պատերազմի մասին ճշմարտությունը սոցիալական ցանցերի ձեր օգտահաշիվներում և հեռուստատեսության եթերում։ Աջակցեք հնարավոր ցանկացած ձևով, բայց մի լռեք։ Միայն այդ դեպքում է, որ հնարավոր կլինի խաղաղություն հաստատել այն բոլոր ուկրաինական քաղաքներում, որոնք այսօր ենթարկվում են ավերածությունների», - հայտարարում էր Զելենսկին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված և վիրավորված երեխաների թիվը շարունակում է աճել։ Երկրի գլխավոր դատախազությունը Telegram-ի իր ալիքում հայտնում է, որ զոհված երեխաների թիվը հասել է 161-ի, վիրավորվածներինը՝ 264-ի։
Երեխաներն ամենաշատը տուժել են Դոնեցկի և Կիևի մարզերում։ Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով տուժել է 869 ուսումնական հաստատություն, որոնցից 83-ն ամբողջությամբ ավերվել է։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը «վկայում է Ռուսաստանի Դաշնությանը պատժելու Արևմուտքի գործելակերպի մասին»:
«Դա ճգնաժամի առաջացման համար մեզ մեղադրելու և այդպես Ռուսաստանին քաղաքականապես պատժելու՝ հավաքական Արևմուտքի ցուցադրական դիրքորոշումն է», - ասել է Զախարովան:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգներն առաջիկայում նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ:
Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի վրա հարձակման համար Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին հետզհետե ավելի ծանր ճնշումների ենթարկելու քաղաքականությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել քննել և ամբողջությամբ բացահայտել Ուկրաինայի Բուչա անվամբ բնակավայրում տեղի ունեցած դեպքերը:
«Խաղաղ բնակիչների սպանությունը պատերազմի հանցագործություն է: Ես պահանջում եմ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, թույլ տալ այցելել այդ շրջան», - ասել է կանցլերը:
Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսաստանցի զինծառայողները բնակիչների են գնդակահարել: Ռուսները պնդում են, որ խաղաղ բնակիչների չեն գնդակահարել, և զարմանք են հայտնում այն կապակցությամբ, որ ուկրաինացիները «միայն երեք օր անց են բարձրաձայնում խաղաղ բնակիչների սպանության հարցը»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Ենթադրվում է, որ քննարկումները տեղի կունենան Նյու Յորքի ժամանակով օրվա առաջին կեսին: Նիստի ստույգ օրակարգի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հերթագայության կարգով նախագահում է Մեծ Բրիտանիան:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Բացի այդ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան գործարկել է #Bucha Massacre հեշթեգը` կից գրելով, որ ցնցված է Կիևի ազատագրված շրջանում ռուսական բանակի կողմից իրականացված վայրագությունների սարսափելի պատկերներից:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների, կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ զոհվածների մասին։
Քաղաքացիական հագուստով մարդկանց լուսանկարները` երբեմն ձեռքերը կապած, հրապարակել են Reuters-ը, AFP-ն: 16 մահացած մարդ, ըստ AFP-ի, պառկած է մայթեզրին, մի քանիսը` ճանապարհին:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ լուսանկարներում պատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից։ «Փողոցներում ձեռքերը կապած մարդկանց դիեր են, որոնց գնդակահարել են ռուս զինվորները, այդ մարդիկ զինվոր չեն եղել, զենք չեն ունեցել, ոչ մի վտանգ չեն ներկայացրել, էլի քանի՞ նման դեպք է կատարվում այս պահին օկուպացված տարածքներում»,- գրել է Պոդոլյակը։