- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ևս 300 միլիոն դոլարի զենք կպատվիրի Ուկրաինայի համար։
Ըստ Պենտագոնում հավատարմագրված «Ռոյթերսի» թղթակցի՝ ռազմական օգնության նոր թափեթում կլինեն լազերային նշանառության հրթիռներ, հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, դրոնների դեմ պայքարի միջոցներ, գնդացիրներ, զինամթերք, դեղորայք և արբանյակային հետախուզության համար կոմերցիոն վճարումներ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Թուրքիան առաջարկել է նավերով տարհանել ռուսական ուժերի կողմից պաշարված Մարիուպոլ քաղաքում մնացած խաղաղ բնակիչներին։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այսօր ասել, որ Անկարայի պատրաստակամության մասին տեղեկացվել է Թուրքիայում Ռուսաստանի ռազմական կցորդին։
Պաշարված Մարիուպոլում, ուկրաինական կողմի տվյալներով, դեռ մոտավորապես 150 մարդ կա։ Նրանց ցամաքով տարհանելու փորձերը ձախողվում են։ Քաղաքում փողոցային մարտերը չեն դադարել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրամիության առաջնորդները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ուրբաթ օրը տեսակապի միջոցով բանակցել են Չինաստանի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ ակնկալելով Պեկինի աջակցությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
Պեկինը հայտարարում է, որ հակամարտ կողմերից ոչ մեկին չի պաշտպանում, միաժամանակ ընդգծելով իր անսահմանափակ գործընկերությունը Ռուսաստանի հետ և հրաժարվում է:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը առաջին անգամ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կարող է օգտագործել Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում տեղակայված ռուսական զորախումբը։
Ուկրաինայի այսօրվա իրավիճակի մասին Ալեքսանդր Շպուտունն ասել է, որ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում Ուկրաինայի որոշ շրջաններից՝ հավանաբար այլ ուղղություններով կենտրոնացնելու համար։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ապրիլի 2-ից 9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա:
Այցերի ընթացքում Նուլանդը քննարկելու է Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցերը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո ծառայությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի վրա հարձակման համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա փոխանցմամբ, Բլինքենը և Թրասն ընդգծել են «Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի գործողությունները սատարողների դեմ արագ և նշանակալի քայլերի իրականացումը կարգավորելու կարևորությունը»:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Չեխ դիվանագետների անունից Չեխիայի արտգործնախարարությունը բաց նամակ է հրապարակել, որում ռուսաստանցի դիվանագետներին կոչ են անում դադարել աջակցել Ուկրաինայում պատերազմին:
«Ձեզնից շատերը երևի արդեն գիտակցում են, որ պետության ղեկավարությունը ձեզ խաբել է Ուկրաինայի պատերազմի հետ կապված»,- գրում են չեխ դիվանագետները՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանին սպառնում է «կտրուկ անկում դեպի անցյալի խավար»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Թուրքիայի համար առաջնահերթություն է մնում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Human Rights Watch-ը Ուկրաինային կոչ է անում հետաքննել ենթադրյալ ռազմական հանցագործությունները։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը հաջորդում է շրջանառվող տեղեկություններին, տեսանյութերին, որոնց համաձայն՝ ուկրաինացի զինվորները խոշտանգում են գերության մեջ գտնվող ռուս զինվորներին։
«Ուկրաինան պետք է ցույց տա, որ ի վիճակի է և ցանկանում է կանխել և պատժել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները», - հայտարարել է Human Rights Watch-ը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով։
Շաբաթասկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների նախորդ փուլի արդյունքներով ուկրաինական կողմը ռուսական կողմին է հանձնել մի փաստաթուղթ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրերի համար։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ուկրաինական կողմը «բանակցությունների ընթացքում ըմբռնումով է մոտեցել Դոնբասի և Ղրիմի իրականությանը»։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որևէ տարածքային զիջման գնալ։