- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Թուրքիայի համար առաջնահերթություն է մնում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Human Rights Watch-ը Ուկրաինային կոչ է անում հետաքննել ենթադրյալ ռազմական հանցագործությունները։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը հաջորդում է շրջանառվող տեղեկություններին, տեսանյութերին, որոնց համաձայն՝ ուկրաինացի զինվորները խոշտանգում են գերության մեջ գտնվող ռուս զինվորներին։
«Ուկրաինան պետք է ցույց տա, որ ի վիճակի է և ցանկանում է կանխել և պատժել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները», - հայտարարել է Human Rights Watch-ը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով։
Շաբաթասկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների նախորդ փուլի արդյունքներով ուկրաինական կողմը ռուսական կողմին է հանձնել մի փաստաթուղթ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրերի համար։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ուկրաինական կողմը «բանակցությունների ընթացքում ըմբռնումով է մոտեցել Դոնբասի և Ղրիմի իրականությանը»։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որևէ տարածքային զիջման գնալ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հասել են Մարիանյան իջվածքի մակարդակին, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։
Reuters-ի հետ զրույցում դեսպանը շեշտել է, որ լուրջ է վերաբերվում դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ «ռուսական կառավարության ամենաբարձր մակարդակից» հնչող սպառնալիքներին, նշելով, որ «ռուսները հռետորական զեղումներ չեն անում»։
«Միացյալ Նահանգները չի ցանկանում փակել իր դեսպանատունը։ Նախագահ Բայդենը չի ցանկանում հետ կանչել ինձ որպես դեսպան։ Բայց դա միայն մեզնից չի կախված», - նշել է ամերիկացի դեսպանը։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Թուրքիայի նախագահը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են օրերս Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։
Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ստամբուլյան բանակցությունները նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար տարվող գործընթացին։ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։
Սպասվում է, որ այսօր Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց կունենա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Խոշոր հրդեհ է բռնկվել ռուսաստանյան Բելգորոդ քաղաքում «Ռոսնեֆտ»-ի նավթաբազայում։
Բելգորոդի նահանգային իշխանության ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ հրդեհը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների հրթիռակոծության հետևանքով, որոնք «Ռուսաստանի տարածք են մտել ոչ մեծ բարձրության վրա»։
Ըստ նախնական տվյալների՝ նյութական վնասներից բացի, զոհեր և վիրավորներ չկան, նավթային պահեստի մոտակա փողոցների բնակիչները տարհանվել են։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունները կվերսկսվեն այսօր։ Այդ մասին Telegram-ում գրել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան:
Արախամիան նաև փոխանցել է՝ հույս ունի, որ հող կնախապատրաստվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետագա հանդիպման համար։
Դավիթ Արախամիայի խոսքով՝ Ուկրաինան պնդում է, որ նախագահների հանդիպումը տեղի ունենա ոչ Ռուսաստանի, ոչ էլ Բելառուսի տարածքում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի գլխավոր դատախազության նոր տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհվել է 153 երեխա, վիրավորվել է ավելի քան 245-ը։
Երեխաների մեծ մասը տուժել են Կիևի, Դոնեցկի, Խարկովի և Չեռնիգովի մարզերում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ Պետդեպարտամենտը թարմացրել է ԱՄՆ քաղաքացիների համար ճամփորդական խորհուրդները՝ բոլոր ամերիկացիներից պահանջելով լքել Ռուսաստանը և Ուկրաինան:
Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, դա պայմանավորված է նրանով, որ ռուսական հատուկ ծառայությունները սկսել են նպատակաուղղված որոնել և կալանավորել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում գտնվող ամերիկացիներին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեթսոլան երեկ երեկոյան Twitter-ում գրել է, որ պատրաստվում է մեկնել Կիև։ Նա անգլերենով և ուկրաիներենով կարճ գրառում է արել՝ առանց մանրամասներ ներկայացնելու: