- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միջազգային քրեական դատարանն Ուկրաինայի իրավիճակը քննարկելու նպատակով Ռուսաստանի իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու պաշտոնական դիմում է ուղարկել Մոսկվա:
«Մենք մեր աշխատանքը կատարում ենք անկախ, անաչառ և բարեխղճորեն, ընդգծեմ՝ մենք ցանկանում ենք համագործակցել բոլոր կողմերի հետ, դրանից ելնելով ես պաշտոնական հայտ եմ ուղարկել Ռուսաստան՝ այդ երկրի իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու և ներկայիս իրավիճակը քննարկելու համար: Շատ կարևոր է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցի հետաքննությանը, և ես պատրաստ եմ հանդիպել նրանց [Ռուսաստանի ներկայացուցիչների] հետ»,- հայտարարել է դատախազ Քարիմ Խանը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Իռլանդիան և Նորվեգիան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հայտ են ներկայացրել:
Ենթադրվում է, որ նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին օրվա երկրորդ կեսին: Օրակարգում Ուկրաինայում հումանիտար ծանր ճգնաժամի հարցն է:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հեռավար կարգով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ մեկ անգամ ևս կոչ անելով անել ամեն ինչ Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու համար։
«Այսօր Ռուսաստանի գործողությունների պատճառով ուկրաինական երկինքը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայի տարածքի ուղղությամբ շուրջ 1000 հրթիռ է արձակվել։ Մենք ողջ աշխարհից խնդրում ենք, որ այս ահաբեկչությունը պատշաճ պատասխանի արժանանա։ Արդյոք ես ձեզանից շա՞տ բան եմ խնդրում։ Եթե, այո, ապա ես կարող եմ այլընտրանք առաջարկել։ Տրամադրեք մեզ ՀՕՊ համակարգեր, օրինակ, C-300-ներ։ Մենք գիտենք, որ դուք ձեր տրամադրության տակ նման համակարգեր ունեք», - դիմելով ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ հայտարարում էր Զելենսկին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «ազգի դավաճաններ» է անվանել այն ռուսաստանցիներին, «ովքեր նախընտրում են արևմտյան կենսակերպը»:
Կրեմլի ղեկավարի խոսքով, «փորձելով վնաս հասցնել Ռուսաստանին՝ Արևմուտքը հենց այդ մարդկանց վրա է հույս դնում»:
Պուտինը քննադատել է արևմտյան երկրների քաղաքականությունը՝ հայտարարելով, թե դրա նպատակն է «չեղարկել Ռուսաստանը և այն դարձնել թույլ, կախյալ երկիր, որը կարելի է իրենց համար նպաստավոր պայմաններում նաև մասնատել»:
Նա հայտարարել է, թե «ռուս ժողովուրդը միշտ կարող է իսկական հայրենասերներին տարբերել սրիկաներից ու դավաճաններից և վերջիններիս թքելով դուրս կհանի, ինչպես պատահմամբ բերանը մտած ճանճի»:
Պուտինի խոսքով, այդօրինակ բնական և անհրաժեշտ ինքնամաքրումը «միայն կնպաստի երկրի ամրապնդմանը»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կտրամադրի 800 միավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանվել ռուսական օդանավերից և հրթիռներից:
Բացի այդ, Միացյալ Նահանգներն ուկրաինական բանակին կտա 9 հազար հակատանկային շարժական համակարգեր, անօդաչուներ և նռնականետեր:
«Դա կարող է լինել երկարատև և դժվար պայքար, բայց ամերիկացի ժողովուրդն անվերապահորեն կշարունակի սատարել Ուկրաինային խաղաղ բնակչության վրա Պուտինի անբարո և անպարկեշտ հարձակումից պաշտպանվելու գործում», - ասել է Բայդենը:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր նպատակները կյանքի կկոչվեն», - այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պնդմամբ՝ Մոսկվան այլ ընտրություն չուներ, քան զորք մտցնել Ուկրաինա։
«Մենք հուսալիորեն կապահովենք Ռուսաստանի և դրա ժողովրդի անվտանգությունը և երբեք թույլ չենք տա, որ Ուկրաինան մեր երկրի դեմ իրականացվող նախահարձակ գործողությունների պլացդարմի վերածվի», - հայտարարել է Պուտինը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Կիևի և Մոսկվայի միջև ընթացող բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի չեզոքության շվեդական մոդելը», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում «ավստրիական կամ շվեդական մոդելի չեզոք ապառազմականացված պետություն ստեղծել»։
Չեզոքության շվեդական և ավստրիական մոդելները ենթադրում են այդ երկրների հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Արևմուտքի հետ սերտ քաղաքական և տնտեսական կապերի պահպանմանը զուգահեռ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգձգվի՝ Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը կհայտնվի չքավորության ճիրաններում։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարները։
Կազմակերպության ներկայացուցիչների պնդմամբ՝ պատերազմի շարունակության դեպքում երկրի բնակչության 90 տոկոսին կարող է սպառնալ չքավորության ստորին շեմից ցածր հայտնվելու վտանգը։ «Ուկրաինական տնտեսության վերջին 18 տարիների ձեռքբերումները կարող են զրոյացվել 12-ից 18 ամիսների ընթացքում», - հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայները։