- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական կողմը հաստատում է, որ Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին են հաղորդում նաև միջազգային լրատվամիջոցները։
Այսօրվա վաղ ժամերին մարտական գործողություններ են ծավալվել ատոմակայանի տարածքում։ Ինտենսիվ մարտերի ընթացքում ատոմակայանի համալիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որը որոշ ժամանակ անց հաջողվել է մարել։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե Ուկրաինայում առաջիկայում իրավիճակը կվատթարանա:
«Առաջիկա երկու օրում, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում ավելի վատ կացություն կստեղծվի, կզոհվեն և կտուժեն ավելի մեծ թվով մարդիկ, կլինեն ավելի շատ ավերածություններ»,- ասել է Ստոլտենբերգը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հանդիպումը հաջորդ շաբաթավերջին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի ժամանակ:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սերգեյ Լավրովը հաստատել է իր մասնակցությունը, սակայն վստահ չեն, որ ստեղծված իրավիճակում Դմիտրի Կուլեբան կմասնակցի ֆորումին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում ընթացող պատերազմից խուսափելու համար այդ երկրում բնակվող 7 հազար 696 ադրբեջանցիներ տեղափոխվել են հարևան պետություններ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նրանց մեծ մասն ապաստանել է Մոլդովայում և Լեհաստանում, կան նաև Սլովակիա, Հունգարիա և Ռումինիա տեղափոխվածներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի քաղաքապետարանը պաշտոնապես մերժել է Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու նպատակով մարտի 12-ին բողոքի երթ անցկացնելու «Յաբլոկո» կուսակցության դիմումը, որում երթի նպատակը նշվել է որպես «մոսկվացիների վերաբերմունքը հատուկ գործողության նկատմամբ»:
Ռուսաստանի իշխանություններն արգելում են Ուկրաինայի պարագայում կիրառել «պատերազմ» եզրույթը:
Քաղաքապետարանը մերժել է նաև մի խումբ ռուս ազգայնական հրապարակախոսների կողմից ներկայացված «Ժողովրդի և բանակի համերաշխության երթ» անվամբ միջոցառման հայտը:
Երկու մերժումներն էլ պատճառաբանվել են «համաճարակաբանական իրավիճակի» հանգամանքով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վրաստանի առողջապահության նախարարությունը կամավորներին կոչ է արել արյուն հանձնել Ուկրաինայի համար: Այդ մասին հաղորդվում է նախարարության Ֆեյսբուքի էջում:
Նախարարությունը հայտնում է, որ հավաքված արյունը պահանջված մշակումից հետո կուղարկվի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն:
Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, Վրաստանում հյուրանոցներում անվճար տեղավորում են ուկրաինացի այն զբոսաշրջիկներին, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը:
Ռուսաստանի ղեկավարը բելառուս պաշտոնակցին պատմել է Ուկրաինայում «հատուկ գործողությունների ընթացքի մասին»: Լուկաշենկոն, ըստ Կրեմլի, այդ հարցում իր աջակցությունն է հայտնել Պուտինին: