- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլում երեկ շարունակվել են ինտենսիվ հրետակոծությունները, տեղական իշխանությունները հայտնում են զոհված երեխաների մասին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գնահատմամբ՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 2 հազար խաղաղ բնակիչ, սակայն նշվում է, որ դա ոչ ճշգրիտ տվյալ է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից փախստականների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 3-ից 8-ը կայցելի Եվրոպա: Առաջին կանգառը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելն է, որտեղ պետքարտուղարը կմասնակցի Մեծ յոթնյակի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովին: Ապա Բլինքենը կմեկնի Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:
Պետքարտուղարը Եվրոպայում կքննարկի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը դաշնակից և գործընկեր պետությունների կողմից համակարգված տնտեսական պատժամիջոցներով արձագանքելու հարցը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի 22 խոշոր ընկերությունների նկատմամբ:
«Այդ լայնածավալ սանկցիաների հետևանքով սպառազինություններ արտադրող ռուսական ընկերությունները զգալի կորուստներ են կրելու, ընդհանուր հաշվով ցուցակում կհայտնվեն 22 կառույցներ, որոնք կապված են ռազմարդյունաբերական համալիրի հետ», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության, ցուցակում ընկերություններ են, որոնք ռուսական բանակի համար արտադրում են մարտական օդանավեր, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը մարտի 2-ին բանաձև ընդունեց` դատապարտելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամներից կողմ են քվեարկել 141-ը, դեմ` ընդամենը 5-ը, ձեռնապահ է մնացել 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահների թվում է, ինչպես օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։
Դեմ քվեարկած 5 երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան ու Էրիթրեան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ պաշտոնապես թվեր հրապարակեց Ուկրաինայի մարտական գործողություններում իր սեփական կորուստների մասին։
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայում զոհվել է 498 ռուսաստանցի զինծառայող, 1597-ը վիրավորվել են։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի Պետդուման մտադիր է վերանայել ռազմական գործողությունների ժամանակ ռուսական բանակի գործողությունների մասին այսպես կոչված` ֆեյքերի հեղինակների բանտարկության մասին օրենքը։
Առաջարկը ներկայացրել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վասիլի Պիսկարևը։ Դրանում հեղինակը առաջարկում է պատասխանատվություն սահմանել նաև Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցների կամ դրանց իրականացման կոչերի համար։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիությունն արգելել է եվրոյի թղթադրամների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը Ռուսաստան։ Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պատերազմի յոթ օրերի ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան 2000 ուկրաինացի՝ չհաշված զինվորականները, այս մասին ասվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրի համաձայն` Ուկրաինայի տարբեր բնակավայրերում ավերվել են հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը մարտի 1-ին հայտնել է, որ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, վիրավորվել՝ 400 մարդ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Նոբելյան մրցանակի 163 դափնեկիրներ բաց նամակ են հրապարակել`կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ:
Մեկ շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունները համեմատելով նացիստական Գերմանիայի քաղաքականության հետ` նամակի հեղինակները պնդում են, թե «այս հակամարտության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի իշխանության վրա` նախագահ Պուտինի գլխավորությամբ»:
Նամակը ստորագրողների շարքում միայն մեկ ռուսաստանցի կա` ֆիզիկոս Անդրեյ Գեյմը, ով ապրում է արտասահմանում: