- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ԵՄ-ն ռուսական յոթ բանկերի դուրս թողեց SWIFT համաշխարհային ցանցից։
Միջբանկային հաղորդագրությունների անվտանգ ցանցից կտրված բանկերն են Ռուսաստանի երկրորդ խոշորագույն վարկատուն՝ VTB-ն, ինչպես նաև Bank Otkritie-ն, Novikombank-ը, Promsvyazbank-ը, Rossiya Bank-ը, Sovcombank-ը և VEB-ը (Vnesheconombank)։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մոլդովայի արտգործնախարարությունը Բելառուսի դեսպանից բացատրություններ է պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցադրած քարտեզի հարցով։ Լուկաշենկոն, մասնավորապես, ցույց է տվել Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը՝ հարվածների ուղղություններով։ Դրանում սլաքներից մեկը ուղղված է եղել դեպի Մոլդովա և Մերձդնեստր։
Ալեքսանդր Լուկաշենկոյի հիշատակած քարտեզի վրա Ուկրաինան բաժանված է չորս մասի, և դրանցից միայն մեկում (երկրի արևմուտքում) չկան ռազմական հարձակումներ ցույց տվող սլաքներ։ Այդ քարտեզի համաձայն` Ուկրաինայի դեմ հարվածներից մեկը պետք է հասցվի Բելառուսի տարածքից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտից ռուսաստանցիներին կոչ է արել ընդդեմ պատերազմի փողոց դուրս գալ, ակցիաներ կազմակերպել տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներում՝ ամեն օր ժամը 14-ին և 19-ին:
«Եթե կարող եք երթ անցկացնել՝ արեք հանգստյան օրերին։ Այո, առաջին օրը հնարավոր է քիչ մարդ լինի, իսկ երկրորդ օրը՝ ավելի քիչ։ Բայց մենք պետք է ատամները սեղմելով, վախը հաղթահարելով դուրս գանք և պահանջենք դադարեցնել պատերազմը։ Յուրաքանչյուր ձերբակալվածի պետք է փոխարինելու գա երկու հոգի», - հայտարարել է Նավալնին։
Ռուսաստանյան աղբյուրների համաձայն` փետրվարի 24-ից երկրում պատերազմի դեմ ցույցերի շուրջ 7 հազար մասնակից է ձերբակալվել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ճգնաժամային իրավիճակը Ուկրաինայում և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումը», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ Իլհամ Ալիևն ու Էմանյուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահականը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մարտի 7-ին և 8-ին կսկսի Ուկրաինայի բողոքի քննությունը։
Կիևը Ռուսաստանին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան դատարանից պահանջում է միջանկյալ միջոցներ սահմանել։ Ուկրաինական կողմի շահերը դատարանում կպաշտպանի ամերիկյան Covington & Burling իրավաբանական ընկերությունը։
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։
Ուկրաինան ՄԱԿ-ի միջազգային դատարան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել փետրվարի 27-ին։
Ուկրաինայի Խերսոն քաղաքը ռուսական ուժերը վերցրել են լիակատար վերահսկողության տակ։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջկենտրոնը: Քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը գործում են ամենօրյա ռեժիմով: Քաղաքում պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա», - ասել է Կոնաշենկովը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
"Сбербанк"-ը հայտարարում է եվրոպական շուկայից դուրս գալու մասին։
«Ներկա իրադրության մեջ "Сбербанк"-ը որոշել է դուրս գալ եվրոպական շուկայից: Խմբի դուստր բանկերը բախվել են միջոցների աննորմալ արտահոսքի, աշխատակիցների և մասնաճյուղերի անվտանգությանը սպառնալիքի», - ասված է բանկի տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրամանի պատճառով "Сбербанк"-ը չի կարողանա լիկվիդայնություն մատակարարել եվրոպական դուստր բանկերին։
«Միևնույն ժամանակ, "Сбербанк"-ի դուստր բանկերն ունեն կապիտալի և ակտիվների բարձր մակարդակ, հաճախորդների ավանդներն ապահովագրված են տեղական օրենսդրության համաձայն: Բանկի ակտիվները բավարար են բոլոր ավանդատուներին վճարումներ կատարելու համար», - ասված է հայտարարությունում: