- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիրակի օրն արված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ռուսական ցամաքային ուժեր՝ ներառյալ տանկեր, Կիևից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա են և շարժվում են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք, հայտնել է ամերիկյան մի մասնավոր ընկերություն:
Maxar Technologies-ի հրապարակած պատկերներում կարելի է տեսնել բազմաթիվ միավորներ զինտեխնիկա, ավտոշարասյուն, որը մոտ 5 կիլոմետր է ձգվում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին։ Ռուսական որոշ բանկեր անջատվում են SWIFT համակարգից, Միության տարածքում դադարեցվում է Russia Today-ի հեռարձակումը և Sputnik-ի աշխատանքը, ընդլայնվում է «սև ցուցակը»։
Եվրամիությունը նաև որոշել է փակել օդային տարածքը Ռուսաստանի համար։ Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ԵՄ պաշտոնական ամսագրում։ Այնուամենայնիվ, նշվում է, որ իրավասու մարմինները կարող են թույլատրել օդանավին վայրէջք կատարել, օդ բարձրանալ կամ թռչել ԵՄ տարածքի վրայով, եթե դա անհրաժեշտ է մարդասիրական նպատակներով կամ կանոնակարգին համապատասխան որևէ այլ նպատակի համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոսային կետով՝ հասցնելով տարեկան 20 տոկոսի:
Հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գների կայունությունը, պաշտպանել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից, նշել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ հրավիրեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով։
Նիստը տեղի կունենա այսօր։ Քվեարկությունը 15 երկիր ընդգրկող Անվտանգության խորհրդում ընթացակարգային բնույթ ուներ, և Ռուսաստանը չէր կարող օգտվել վետոյի իրավունքից։ Ձայների 11 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում ընդունվեց Գլխավոր ասամբլեայի նիստ գումարելու մասին։ Որոշմանը դեմ քվեարկեց Ռուսաստանը, ձեռնպահ՝ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է մտածեն կոմերցիոն թռիչքներով Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտը՝ նշելով, որ աճում է այն ավիաընկերությունների թիվը, որոնք չեղարկում են թռիչքները, նաև թվարկելով երկրները, որոնք Ռուսաստանի համար փակում են օդային տարածքը Ուկրաինա ներխուժումից հետո:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Երեկվանից համացանցում տարածվել է տեղեկություն, որ ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկում է արձանագրում․ առավոտյան 1 դոլարը Forex բորսայում վաճառվում է 110-120 ռուբլու սահմաններում, իսկ փոխանակման կետերում այն ընդհանրապես հնարավոր չէ գնել երեկվանից։
Ռուսաստանցիները երեկ ամբողջ օրը բողոքում էին նաև, որ դժվարությամբ են կարողանում կանխիկացնել նույնիսկ ռուբլին, որոշ բանկոմատներ Մոսկվայում, օրինակ, տալիս էին միայն 1000 ռուբլի։
Մեծանում է նաև պատերազմի դեմ բողոքի ալիքը Ռուսաստանում։ Մի քանի օր է՝ երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ոստիկանությունը ամեն օր հազարավոր մարդկանց է բերման ենթարկում։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Պուտինի երեկվա սպառնալիքից հետո աշխարհը փոխվել է, և երրորդ համաշխարհային պատերազմն արդեն հավանական է թվում։
Այսօր Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատասխանը։ Քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 19։15-ին։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Եվրամիությունը ցանկանում է ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար և որոշել է 450 միլիոն եվրոյի չափով մարտական զենք տրամադրել ուկրաինական բանակին և ևս 50 մլն եվրո՝ ոչ մարտական պաշարների համար։
«Այո, այն տաբուն, որ Եվրամիությունը մարտական զենք չի տրամադրում երրորդ երկրի, այլևս չի գործում, այո, մենք դա անում ենք այս պատերազմում ուկրաինացիներին օգնելու համար», - հայտարարել են ԵՄ ղեկավարները։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակորեն սպառնացել է միջուկային հարձակմամբ այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինային փետրվարի 24-ին ռուսական ներխուժումից հետո, և չնայած սրան՝ եվրոպացիները մտադիր են հնարավորինս աջակցել Կիևին։