- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը շաբաթ օրը հայտնել է, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է ռուսական ուժերի 14 օդանավ, 8 ուղղաթիռ, 102 տանկ, 536 ռազմական մեքենա, 15 հրետանային համակարգ և 3 հազար 500 զինվոր։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Ուկրաինային սահմանամերձ շրջաններ։
Պատերազմի երեք օրվա ընթացքում ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր ասել է, որ հարվածել են ուկրաինական զինուժի 821 օբյեկտների։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Շաբաթ առավոտյան «Ռոյթերսի» թղթակիցը մեքենայով շրջել է Կիևի կենտրոնում և հաղորդում է, որ փողոցները գրեթե դատարկ են, շատ քիչ մեքենաներ ու մարդիկ կան։ Բնակիչները վախենում են ռուսական ուժերի ներխուժումից Ուկրաինայի մայրաքաղաք։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան ասել է, որ գիշերվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Կիևում կրկին տագնապի ազդանշաններ են հնչել
Անհրաժեշտ է որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկին հավելել է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա օգնության հարցը։
Կիևում հրթիռակոծվել է բնակելի բազմահարկ շենք: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ տուժել է վեց մարդ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ շենքը գտնվում է Լոբանովսկի պողոտայում՝ Ժուլյանի օդանավակայանից չորսուկես կիլոմետր հեռավորության վրա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի ներխուժումից հետո ավելի քան 50 հազար մարդ դուրս է եկել Ուկրաինայից։ Այս մասին Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ավելի քան 50 հազար ուկրաինացի փախստականներ դուրս են եկել իրենց երկրից վերջին 48 ժամվա ընթացքում, մեծ մասը Լեհաստան ու Մոլդովա», - գրել է նա, նշելով, որ ավելի մեծ քանակի մարդիկ շարժում են դեպի սահմաններ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի հետ բանակցելու համար, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ ռուսաստանյան պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ։
Կազմակերպությունը նշում է, որ այս տվյալները, ամենայն հավանականությամբ, հեռու են իրականությունից, վիրավորների ու զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։
«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին», - հավելել է Կիևի քաղաքապետը՝ մայրաքաղաքի բնակչությանը խնդրելով մնալ տներում, թաքստոցներում և սննդամթերք կուտակել։