- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինա ներխուժելու երկրորդ օրը ռուսական դիվերսիոն խմբերն ու զրահատեխնիկան թափանցել են Կիևի թաղամասերից մեկը։ Այդ մասին պաշտոնապես հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը՝ բնակիչներին կոչ անելով զգուշություն ցուցաբերել, տեղեկություններ փոխանցել հակառակորդի ռազմական տեխնիկայի տեղաշարժի ուղղությունների մասին։
Մայրաքաղաքի հյուսիսային մասում ընկած Օբոլոն թաղամասում, ականատեսների վկայությամբ փողոցներում, շենքերի բակերում ռուսական զրահամեքենաներ կան, կրակոցներ են լսվում։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի ասելով՝ ուկրաինացի զինվորականները Կիևում ռուսական դիվերսիոն մի խումբ են չեզոքացրել։ Ռուսաստանի ՊՆ-ը դեսանտայիններին կորցնելու լուրը չի հաստատում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի պաշտոնակից Սի Ծինփինի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի բանակցություններ վարել Ուկրաինայի հետ: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Չինաստանի արտգործնախարարությունը։
Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ Պեկինը աջակցում է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու հարցում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի հետ տարածաշրջանային անվտանգությունը քննարկելու «բոլոր հնարավորությունները կորցրել է»։
Այսօր կայացած ասուլիսում Լավրովը պնդել է, որ Զելենսկին «ստում է» Մոսկվայի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին: Նա հավելել է, որ Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններ կվարի միայն երբ Ուկրաինան դադարեցնի ռազմական դիմադրությունը ռուսական բանակին։
Ռուսաստանի ԱԳ նախարարը վստահեցրել է, թե «ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան»՝ կրկնելով նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, որ Ուկրաինա ռազմական ներխուժման նպատակն այդ երկրի «ապառազմականացումն» է և այն «նացիստական տարրերից մաքրելը»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հաագայի դատարանը հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և կարող է հետաքննություն սկսել։
«Հետևում եմ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Հիշեցնեմ բոլոր կողմերին, որոնք բռնություն են իրականացնում ուկրաինական տարածքում․ իմ գրասենյակը կարող է իր իրավասության շրջանակում հետաքննել Ուկրաինայում կատարված ցանկացած ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն», - հայտարարել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ։ ՈՒԵՖԱ-ն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակումը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հրատապ նիստ կգումարեն՝ քննարկելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևին աջակցելու հետագա քայլերը։ Մինչ այդ, ԵՄ առաջնորդները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառել, որն ուղղված է երկրի ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը, չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Պատժամիջոցների սահմանումը «ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին և մեր ժողովրդին», - այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Anonymous հաքերային խումբը կիբերպատերազմ է հայտարարել ռուսաստանյան կառավարությանը։ «Anonymous թիմը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ռուսաստանին», - ասվում է Թվիթերում խմբի հրապարակման մեջ, որին ավելացվել է #Ukraine հեշթեգը։ Հաքերներն արդեն պատասխանատվություն են ստանձնել Russia Today հեռուսաստաընկերության կայքի վրա հարձակման համար։ Երեկվանից հասանելիության հետ կապված խնդիրներ ունեն նաեւ Կրեմլի, Ռուսաստանի կառավարության, խորհրդարանի կայքերը։